…Ստացվելու է՝ ինչպես միշտ

09/02/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Կառավարությունը, ինչպես գիտեք, տարին սկսեց օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ պայքարելու բոցաշունչ ելույթներից։ Իհարկե, ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը ներողամիտ ժպիտով էր լսում այդ խոստումները՝ վստահ իմանալով, որ նման բան տեսանելի ապագայում չի լինի։

Սակայն քչերի մտքով կանցներ, որ տարվա հենց սկզբին՝ բոցաշունչ ելույթներից ընդամենը մեկ ամիս անց, կառավարությունը խորհրդարանին կներկայացնի հարկային փոփոխությունների մի փաթեթ, որը լրիվ հակասում է օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ պայքարելու, կներեք արտահայտությանս համար, տեսլականին։ Այո, խոսքը համայնքներին լրացուցիչ հարկատեսակներ սահմանելու իրավասություն տալու մասին է։ Միգուցե հարց առաջանա՝ ի՞նչ կապ ունի այդ նախաձեռնությունը վերը նշված խնդրի հետ։ Շատ ուղղակի։ Բանն այն է, որ մոնոպոլիա ասվածը շատ դրսեւորումներ ունի։ Այդ դրսեւորումներից մեկն էլ այն է, որ մոնոպոլիան կարող է լինել լոկալ (տեղային)։ Օրինակ, հեռավոր գյուղում աշխատող միակ ատամնաբույժը այս առումով մոնոպոլիստ է, որովհետեւ նա կարող է ուզած գինը սահմանել իր ծառայության համար։ Նույնկերպ՝ մոնոպոլիստ կարող է լինել գյուղում գործող փոքրիկ կրպակը, կամ, ասենք, տրակտոր ունեցող միակ գյուղացին, քանի որ մոտակա շրջակայքում նրանց մատուցած ծառայությունները այլընտրանք չունեն։

Հիմա վերադառնանք առաջարկվող հարկային փոփոխություններին։ Դրանցով, ի թիվս այլ հարկատեսակների, առաջարկվում է մտցնել գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ։ Այսինքն՝ եթե մարդը տարածք ունի եւ չի մշակում միջոցների բացակայության պատճառով, նա պետք է դրա համար հարկ վճարի։ Իհարկե, սա ի վերջո կհանգեցնի նրան, որ նա կցանկանա ազատվել իր ուսերին բեռ դարձած հողակտորից եւ կվաճառի մեկ ուրիշին։ Մեզանում, որպես կանոն, այդ մեկ ուրիշը պատահական մարդ չի լինում։ Ավելին, վերջում պարզվում է, որ այդ «մեկ ուրիշը» գնել է բոլորի հողերը եւ դարձել տվյալ շրջանում հողի միակ սեփականատերը։ Մոնոպոլիստը, եթե կուզեք։ Եվ հետայսու ինքը կորոշի՝ մյուս գյուղացիներին ինչ պայմաններով թույլ տալ օգտագործել իր հողերը։ Հայրենի պատգամավորներն, ի դեպ, մոնոպոլացման տանող այս ուղուն մեկ այլ անուն են տվել՝ կապիտալի վերաբաշխում։ Արդյունաբերության նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ պատասխանել է, թե՝ այո, միգուցե կապիտալի վերաբաշխում տեղի ունենա, սակայն դրանում վատ բան չկա. դա զարգացման խթան է։ Իհարկե, նախկին նախարարի՝ զարգացման ու վերաբաշխման մասին ուրույն պատկերացումները իրենց կարեւոր դերը խաղացին, որ այսօր մենք չունենք ո՛չ արդյունաբերություն, ո՛չ էլ այդ ոլորտի նախարարություն։

Անգամ կոալիցիոն պատգամավորները դեմ արտահայտվեցին նախագծին՝ մտահոգություն հայտնելով, որ համայնքի ղեկավարները իրենց տրված լիազորությունները կարող են օգտագործել որպես լծակ՝ իրենց համար անցանկալի անձանց ճնշելու հարցում։ Եվ ամենագլխավոր խնդիրը հենց այդ մտահոգության մեջ է թաքնված։ Սա նշանակում է, որ նորմալ երկրներում լայնորեն կիրառվող մեխանիզմները մեզանում միանգամից խեղաթյուրվում են, դառնում գործիք՝ ինչ-ինչ նպատակների հասնելու համար։ Ընդ որում, դա անուղղակիորեն խոստովանում են հենց իրենք՝ իշխանության ներկայացուցիչները։ Զարմանալին այն է, որ այսքանից հետո ոմանք հույսեր են փայփայում, որ բնակչությունը կհավատա կառավարության խոստումներին ու նպատակների ազնվությանը։ Մինչդեռ մեզանում վաղուց արդեն արմատավորվել է մի կարծիք. կառավարության ներկայացրած ցանկացած նախաձեռնություն ունի մեկ գլխավոր նպատակ՝ քամել ժողովրդին եւ լցնել բյուջեն (կողքից նաեւ՝ սեփական գրպանները)։

Եթե նորմալ երկրներում առաջնահերթ տեղում դրված է տնտեսության իրական աճը (թե՛ որակական, թե՛ քանակական իմաստով), մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, նոր միայն՝ հարկերի հավաքագրումն ու դրա միջոցով որոշակի խնդիրների լուծումը, ապա մեզանում առաջին տեղում փող հավաքելն է։ Փող կհավաքեն, թոշակները մի քանի կոպեկով կբարձրացնեն, ասֆալտ կանեն կարկատաններով ու լի՜քը փողեր կծախսեն տարբեր տիեզերական կենտրոնների նախագծեր ու ծրագրեր մշակելու վրա։ Հարկատուին, որը պետության հիմքն է, կարհամարհեն ու կհիշեն հաջորդ վճարումների ժամանակ։ Այսինքն՝ պետությունը վերածվել է մի մարմնի, որը հասարակ քաղաքացուն միայն շահագործում է, վնասում եւ խանգարում։ Անկախ բոցաշունչ ելույթներից, դարակազմիկ ծրագրերից ու ռազմավարություններից՝ կառավարության ներկայացրած գրեթե բոլոր օրինագծերը պարունակում են փող կորզելու թաքնված կամ բացահայտ մեխանիզմներ։ Հարցրեք ցանկացած հաշվապահի՝ մանրամասն կբացատրի։ Համայնքներին տրվելիք հարկային իրավունքները, ըստ էության, այդ մեծ համակարգի ընդամենը մի մասնիկն են։ Կառավարությունը հիմնավորում է՝ դրանով համայնքի բյուջեն կուժեղանա։ Հետո՞ ինչ։ Ինչի՞ վրա են ծախսվելու լրացուցիչ հարկատեսակների արդյունքում ստացված գումարները։ Առաջին հերթին, իհարկե, համայնքի ղեկավարի գրասենյակի համար նոր կահույք գնելու, համակարգչի էկրանը «պլոսկի» էկրանով փոխարինելու, մեքենան թարմացնելու եւ նման այլ բաների վրա։ Որ դա այդպես էլ լինելու է, չեն կասկածում անգամ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները։ Բնակչությունը՝ առավել եւս։ Ու հենց սրանով էլ կարելի է բացատրել, թե ինչու ցանկացած նախաձեռնություն ի սկզբանե բացասական է ընկալվում բոլորի կողմից։ Կառավարության ղեկավարն, իհարկե, նեղսրտում է ու ասում, որ լրատվամիջոցները «սեւացնում» են ամեն ինչ՝ թե՛ լավ, թե՛ վատ քայլերը։ Իրականում՝ կառավարությունը (թե՛ Տ. Սարգսյանի ղեկավարած, թե՛ նրանից առաջ եղածները) արդեն այնքան է սեւացրել ամեն ինչ, որ լրագրողների գունապնակի մեջ ավելի մուգ գույն չի գտնվի։ Տ. Սարգսյանը վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրվանից իր առջեւ նպատակ էր դրել փոխել չինովնիկների մտածելակերպը։ Շուտով կլրանա նրա պաշտոնավարման 2 տարին, իսկ չինովնիկների մոտ փոփոխություններ չկան։ Փոխարենըգ Տ. Սարգսյանը դարձավ հանրապետական։ Ավելի լայն իմաստով, վարչապետը՝ լինելով կիրթ ու բանիմաց մարդ, անբաժանելի մասը դարձավ այն համակարգին, որի տնտեսական քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը փող հավաքելն է՝ ներսից ու դրսից։ Թե որն էր սրա պատճառը՝ առանձին քննարկման թեմա է։ Սակայն այս իրողությունն ինքնին ամենալավ բացատրությունն է, թե ինչու, երբ վերեւներում սկսում են խոսել սիրուն բաներից՝ կոռուպցիայի դեմ պայքարից, մենաշնորհների դեմ պայքարից, մրցակցությունից, ստվերայնության կրճատումից եւ այլն, մարդկանց մեծամասնությունը արձագանքում է՝ ախպո՜ր պես։ Ճիշտ այնպես, ինչպես Տ. Սարգսյանն իր բլոգում արձագանքել է կոռուպցիայից բողոքող մի քաղաքացու։