Հերքել է

09/02/2010

Երեկ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հերքել է մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենի հետ անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ինքը ասել է, թե «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կարող է համաներում կիրառվել, եւ որ հնարավոր է դեպքերի նոր զարգացում:

Գեւորգ Դանիելյանի մամուլի քարտուղարը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե նախարարի խոսքը մամուլում ճշգրիտ չի արտացոլվել: Ըստ այդմ, Գեւորգ Դանիելյանը բառացիորեն ասել է հետեւյալը. «Համաներման կիրառում է համարվում ոչ միայն պատժից ազատելը, այլեւ նշանակված պատժի ժամկետը կրճատելը: Վերջնական դատավճռի պարագայում պարզ կդառնա, թե կա՞ն արդյոք բավարար հիմքեր համաներում կիրառելու համար, եւ կոնկրետ ի՞նչ չափով պատիժը կարող է կրճատվել»: Մեկնաբանելով Արդարադատության նախարարի խոսքերը` Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառել: Համաձայն համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման` 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց պատժաչափի չկրած մասը կարող է կիսով չափ կրճատվել: Փաստաբանի պնդմամբ, Փաշինյանի պատժի ժամկետը պետք է կրճատվեր եւ վերջնական պատիժ սահմանվեր 3.5 տարի, ինչը դատավորը չի արել, իսկ դա նշանակում է, որ կայացված դատական ակտը հակասում է օրենսդրությանը: Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը պատրաստվում է մինչեւ փետրվարի 19-ը բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան` վիճարկելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: