2-րդ խմբում

09/02/2010

«Եվրո 2012»-ի ընտրական փուլի արդյունքներով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցներն են Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի եւ Անդորրայի թիմերը: Հայաստանը հիշյալ 5 երկրների հետ ընդգրկվել է 2-րդ խմբում: Հանդիպումների խաղացանկը հայտնի կդառնա փետրվարի 22-ին: Այդ օրը 2-րդ ընտրական խմբի մասնակիցների ներկայացուցիչները Մոսկվայում կքննարկեն խաղացանկը: Նշենք, որ վիճակահանության ընթացքում Հայաստանը հայտնվել էր Ադրբեջանի հետ միեւնույն խմբում, սակայն, քանի որ ՈՒԵՖԱ-ն նախապես հայտարարել էր, որ այս երկու հավաքականները միմյանց հետ չպետք է մրցեն, ուստի մեր ընտրանին տեղափոխվեց 2-րդ խումբ: Նշենք, որ Լեհաստանում անցկացված վիճակահանության արդյունքում «Եվրո-2012»-ի 1-ին խմբում ընդգրկվել են Գերմանիան, Թուրքիան, Ավստրիան, Բելգիան, Ղազախստանը, Ադրբեջանը: 3-րդ խմբում են Իտալիան, Սերբիան, Հյուսիսային Իռլանդիան, Սլովենիան, Էստոնիան, Ֆարերները: 4-րդ խմբում տեղ են գտել Ֆրանսիան, Ռումինիան, Բոսնիան, Բելառուսը, Ալբանիան, Լյուքսեմբուրգը: 5-րդ խմբում են Հոլանդիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Մոլդովան, Սան Մարինոն: 6-րդ խմբում ընդգրկվել են Խորվաթիան, Հունաստանը, Իսրայելը, Լատվիան, Վրաստանը, Մալթան: Անգլիան, Շվեյցարիան, Բուլղարիան, Ուելսը, Մոնտենեգրոն 7-րդ խմբում են: 8-րդ խումբը կազմել են Պորտուգալիան, Դանիան, Նորվեգիան, Կիպրոսը, Իսլանդիան: 9-րդ խմբում ընդգրկվել են Իսպանիան, Չեխիան, Շոտլանդիան, Լիտվան, Լիխտենշտեյնը: Հիշեցնենք, որ 2012 թ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կընդունեն Լեհաստանի եւ Ուկրաինայի 4-ական քաղաքներ: