Ավարտվեց Ռոտերդամի կինոփառատոնը

09/02/2010

Փետրվարի 1-7-ը անցկացվեց Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը, որը, ավանդույթների համաձայն՝ միշտ ուշադրության կենտրոնում է պահում ավանգարդիստական, երիտասարդական կինոն՝ փորձելով ներկայացնել հիմնականում դեբյուտային ֆիլմերն ու բացահայտելով նոր կինոանուններ։ Այս տարվա մրցանակները (ռոտերդամյան «վագրերը») հիմնականում բաժին հասան ասիական ու լատինաամերիկյան կինոֆիլմերին։ Լավագույններն են ճանաչվել «Ծովի սառը ջրերը» (Կոստա-Ռիկա), «Աշխարհիկ պատմությունը» (Թաիլանդ), «Դեպի ծով» (Մեքսիկա) ֆիլմերը։ Հատուկ մրցանակների են արժանացել նաեւ սուրինամցի եւ կորեացի ռեժիսորները։ Բոլոր ֆիլմերում էլ նկատվում է, որ հեղինակները փորձում են առավելագույնս մոտ լինել բնությանը (հիմնականում ծովին)՝ խուսափելով ավելորդ միջամտությունից եւ ցուցադրելով կյանքը, առանց քննադատելու կամ էլ թեկուզ՝ փոքր-ինչ սրելու որոշ «փշոտ» անկյունները։ Ձկնորսները ձուկ են որսում ու իրենց որսը կիսում կոկորդիլոսների հետ, իսկ անշարժացած երիտասարդը ոչ թե փորձում է պայքարել, այլ՝ հաշտվել իր վիճակի հետ ու մեդիտացիայի շնորհիվ ոգու խաղաղությանը հասնել։ Նույնիսկ սուրինամցի ստրուկների ժառանգներն են փորձում իրենց կյանքին փիլիսոփայորեն մոտենալ ու հաշտ ապրել բնության գրկում՝ առանց անարդարության դեմ բողոքելու։ Ազատություն չկա, կա միայն ներկա պահը, եւ այդ պահը իրոք գեղեցիկ է. կարծես հենց սա են փորձում եվրոպացիներին ասել ասիական կինոռեժիսորները։ Եվ դա Եվրոպային շատ է դուր գալիս։ Նկատվում է, որ երրորդ երկրների կինոն արդեն առաջատար դիրքեր է գրավում ու լայնորեն ցուցադրվելով Եվրոպայում՝ ինքն է ճաշակ ու ոճ թելադրում «հոգնած» եվրոպական կինոյին։ Այս տարվա փառատոնի ծրագրերում մասնակցել է նաեւ «Խճճված զուգահեռներ» հայ-նորվեգական ֆիլմը, որի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի ցանկությունը ոչ այնքան մրցանակ շահելն էր, որքան եվրոպական կինոշուկա մուտք գործելը։ Ռոտերդամը միշտ էլ լավ տրամպլին է եղել ալտերնատիվ կինոյի համար, քանի որ այստեղ ֆիլմերի վաճառքի ու դիստրիբյուցիայի խոշոր ցանց է ստեղծված։ Եվ հոլանդական այս նավահանգստում ցուցադրվում է հիմնականում ոչ կոմերցիոն, հեղինակային կինոն։