Վերջերս Երեւանի Տիկնիկային թատրոնի բեմում ցուցադրվեց «Ամպից պոկված հեքիաթ» ներկայացումը, որտեղ գործող անձինք են դառնում դերասանների «մերկ» ձեռքերի ու մատների ճկունության շնորհիվ արթնացող մարդանման էակները:
Մատների թատրոնի ոճը հազվադեպ է հայտնվում հայ ռեժիսորների ուշադրության կենտրոնում, եւ սա մատների օգնությամբ պատմություն պատմելու թերեւս մեր առաջին հաջողված փորձն է: Բեմադրության հեղինակը Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի շրջանավարտ, Մնջախաղի եւ Տիկնիկային թատրոններում որպես դերասանուհի աշխատած երիտասարդ Զարուհի Անտոնյանն է, ում համար մատների պլաստիկան դարձել է ինքնադրսեւորման միջոց: «Մենք ուզեցինք պարզել` թե ի՞նչ կարող են անել մեր ձեռքերը»,- Զարուհու նման ցանկությունից էլ ծնվել է այս շատ արտահայտիչ ու գրագետ ասված «Ամպից պոկված հեքիաթ» բեմադրությունը: Ժամանակակից թատրոնը, եւ առավելեւս` տիկնիկային թատրոնը, վաղուց արդեն փորձում է իրար սինթեզել տարբեր ժանրերն ու ոճերը: Եվ այս փոքր ֆորմայի թատերական աշխատանքի մեջ շատ լավ երեւում է այդ տենդենցը, քանի որ ներկայացման մեջ օգտագործվել են ոչ միայն մատների, այլեւ ձայնի, լույսի ու ստվերի խաղը: Արդյունքում ստացվել է շատ պրոֆեսիոնալ, քնարական ու հուզիչ մի հեքիաթ: Հանկարծ ծնվող արեւի շողը տարբեր պերսոնաժներին` փողոցն ավլողին («դվոռնիկ»), ստեղծագործական տանջանքների մեջ հայտնված նկարչին «դիպչելով»՝ նրանց մի քանի վայրկյան ուրախություն է պարգեւում: Եվ օրը սկսվում է ջերմությամբ. արեւի ճառագայթը սկսում է խաղալ պատուհանների ապակիների վրա, արտացոլվում մարդկանց սրտերում, մարդիկ էլ երազների գիրկն են ընկնում, մտովի հասնում են երկինք ու գտնում այն «մի կաթիլ ջերմությունը», որը հանկարծ ծագում է պաղ ու միապաղաղ առօրյայում։ Սովորաբար, երբ ներկայացման հեղինակը նման վերացական փիլիսոփայության վրա է հիմնվում, ներկայացման սյուժեն հաճախ այդ փիլիսոփայության զոհն է դառնում, սակայն այս դեպքում դա տեղի չի ունեցել: Ներկայացումը փրկել են դերասանների վարպետությունն ու բեմադրիչի ճաշակը: Միայնությունը, վախը, տագնապը, սպասումը, ու վերջիվերջո՝ երջանկության շողը Զ.Անտոնյանը կարողացել է փոխանցել մատներ-տիկնիկների միջոցով։ Ներկայացումը անշտապ ռիթմ ու մտածված ձեւավորում ունի, ու նկատվում է, որ բոլոր մասնակից-«մատներն» էլ երկար ու նվիրումով են աշխատել՝ նման արտահայտչականության հասնելու համար։ Այս ներկայացման թերեւս միակ անկատարությունը կատարյալ երաժշտությունն է, որը ցանկալի էր որոշ հատվածներում «բեկել» ու թողնել, որ ներկայացման մեջ սողոսկեն նաեւ բնական աղմուկն ու ձայները։
Զ.Անտոնյանը նկատում է, որ իր համար տիկնիկների աշխարհն անծայր ու հրաշագործ աշխարհ է։ Եվ նրա այս՝ ընդամենը 40 րոպե տեւողություն ունեցող ներկայացման մեջ նրբորեն ակնարկվում է հրաշքների ու երազանքների պակասի մասին։ Չէ՞ որ, երբ երազանք ունես, եւ՛ բակն ես հավեսով ավլում, եւ՛ ավելի մեծ հաճույքով ես ստեղծագործում։ Նաեւ՝ ավելի մեծ հաջողության ես հասնում։
Հայաստանյան թատրոնների վերջին տարիների աշխատանքներից թերեւս հենց երազող մարդիկ են անհետացել (եւ՛ որպես հերոսներ, եւ՛ որպես թատրոնի ծառայողներ), մնացել են պրագմատիկ արհեստավորները կամ տարիներ շարունակ ավանդույթների պահպանման մասին դիսերտացիաներ գրող ու նույն կերպ էլ թատրոնին մոտեցող անճարները։ Կինոգետ Դավիթ Մուրադյանը մի առիթով ասել էր, որ արվեստի հիմքը հենց երազն է կազմում, քանի որ երազանքին հասնելը լավ խթան է։ Եվ միգուցե շատ ավելի լուրջ խթան է, քան փողի ու փառքի գործոնները։
«Ամպից պոկված հեքիաթ» ներկայացումը դիտած մի երեխա շատ դիպուկ բնութագրում արեց՝ ասելով, որ սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես է տխուր մարդը ուրախ մարդ դառնում։ Իհարկե, թատրոնի այս պարզ բանաձեւը աշխատում է միայն այն ժամանակ, երբ թատերական արարողություն ստեղծողները իրոք աշխատել գիտեն ու պատրաստ են աշխատել։ Այս ներկայացման պարզության ետեւում ահռելի աշխատանքն է երեւում։ Եվ զարմանալի չէ, որ միայն այդ՝ փոքր ֆորմայի եւ փոքր դահլիճում ցուցադրվող (քանի որ կարեւորը մատների շարժման մանրուքները նկատելն է) ներկայացումն է գրավել մոսկովյան թատերական քննադատների ուշադրությունը։ «Ամպից պոկված հեքիաթ» մատների ներկայացումը այս տարվա միակ հայաստանյան թատերական աշխատանքն է, որը մասնակցելու է մոսկովյան հեղինակավոր «Ոսկե դիմակ» փառատոնին։ Ներկայացումը շուտով կմեկնի Մոսկվա` Մեյերհոլդի անվան կենտրոնում ներկայացնելով ժամանակակից հայկական թատերարվեստը: