Ավարտել են

06/02/2010

ԱԱԾ քննչական վարչությունն ավարտել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թ.հոկտեմբերի լույս 27-ի գիշերը կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ բացահայտվել են ինչպես Ա.Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման մանրամասները, հանցավոր խմբի անդամները, այնպես էլ վերջիններիս կողմից կատարված, ինչպես նաեւ ավարտին չհասցված այլ հանցագործություններ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա 10 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Դրանց թվում է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանը, ում մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից ավազակային հարձակում կատարելու, սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունը ինքնակամ յուրացնելու, ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, քաղաքացու փաստաթղթեր հափշտակելու համար: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Քրեական գործից անջատվել է քաղաքացի Ռ.Վիրաբյանին վերաբերող մասը: Նախաքննական մարմինը որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ռ.Վիրաբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այդ մասին հաղորդում են ՀՀ դատախազությունից: