ԵԽ ԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինբլանդի ներկայացրած բանաձեւի նախագծի մասին երեկ իշխանության ներկայացուցիչները քամահրանքով էին խոսում: Եվ ընդհանրապես, եթե եվրոպական կառույցներում ոչ հայանպաստ որեւէ փաստաթուղթ է ծնվում կամ կոշտ հայտարարություն է հնչում, մեր իշխանությունները փորձում են դրա նկատմամբ արհամարհական կեցվածք ընդունել, գոնե արտաքուստ չկարեւորել կամ ներկայացնել, թե դա առանց վտանգավոր հետեւանքների հերթական թղթի կտոր է: Կարծես բոլորը առաջնորդվում են Ռոբերտ Քոչարյանի այն արտահայտությամբ, թե ԵԽ ԽՎ-ն պոլիտբյուրո չէ, որ այնտեղ շրջանառվող փաստաթղթերից մեր իշխանությունները զգաստանան:
Այնուամենայնիվ, շվեդ պատվիրակի նախագիծն աննախադեպ կոշտ է մինչ այժմ Հայաստանի մասին ԵԽ ԽՎ-ում ընդունված կամ շրջանառության դրված բոլոր փաստաթղթերի համեմատ: Եվ այդ նախագծի հիմնական բովանդակությունն ընդգծում է մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավված լինելու ապօրինությունը: Գ.Լինբլանդն ու նախագծի տակ ստորագրած 20 պատվիրակները գտնում են, որ այդ իրադարձություններին բանակի ներգրավված լինելը «հստակորեն պարունակում է պետական հեղաշրջման տարրեր»: Նրանք գտնում են, որ բանակին այդ գործողություններում ներգրավելու նպատակով 2008թ. փետրվարի 23-ի պաշտպանության նախարարի #0038 հրամանագիրը կարելի է համարել ապացույց, որ բանակային ստորաբաժանումները Երեւանում հավաքվելու եւ տեղակայվելու մասին հրահանգներ ստացել են մինչեւ մարտի 1-ը:
Բանաձեւի նախագծում պահանջ կա, որ ՀՀ իշխանությունները հետաքննեն ու բացահայտեն մարտյան իրադարձություններին բանակի ներգրավման մասին ողջ տեղեկատվությունը: Ընդ որում, նախագիծը կոչ է անում ԵԽ անդամ պետություններին՝ ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա այս հետաքննությունն անցկացնելու համար, եւ Մոնիտորինգի հանձնաժողովին խորհուրդ է տալիս անհապաղ քննել խնդիրն ու ընդգրկել հաջորդ զեկույցում: Հիշեցնենք, որ Հայաստանը գտնվում է մոնիտորինգի տակ: Եվ ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն ընդամենը 4 օր առաջ հայտարարություն էին տարածել, որով մեր իշխանություններից ԱԺ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի արած առաջարկությունների իրականացման ժամանակացույց էին պահանջել: Համազեկուցողներն առաջիկայում այցելելու են Հայաստան, եւ քիչ չէ հավանականությունը, որ իրենց հաջորդ զեկույցում կանդրադառնան նաեւ շվեդ պատվիրակի նախագծի պահանջներին:
Այդուհանդերձ երեկ փորձեցինք պարզել, թե այս նախագիծն արդյո՞ք մտահոգել է իշխանություններին, եւ ԵԽ ԽՎ-ում ինչ սցենար են կանխատեսում այդ նախաձեռնության համար: ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը սենսացիոն չհամարեց այս նախագիծը եւ ավելացրեց, որ այն կարող է երեք հնարավոր սցենարով զարգանալ: Նախ այս բանաձեւը գնալու է ԵԽ ԽՎ բյուրո: Բյուրոն այն կարող է ուղարկել Մոնիտորինգի հանձնաժողով` ընդամենը ի գիտություն: Մյուս սցենարի համաձայն, բյուրոն կարող է ընթացք տալ բանաձեւին եւ լիագումար նիստում ներկայացնելու նպատակով զեկույցի նախապատրաստման համար ուղարկել համապատասխան հանձնաժողով: Եվ երրորդ տարբերակ` բյուրոն կարող է որոշել որեւէ կերպ չարձագանքել դրան: «Ես կարող եմ ասել, որ երկու լուծում կարող է ունենալ այս բանաձեւը` կամ ընդհանրապես որեւէ ընթացք չի ստանա, կամ կուղարկվի Մոնիտորինգի հանձնաժողով ի գիտություն: Շատ քիչ եմ համարում հավանականությունը, որ այդ նախագծի վրա բյուրոն որոշի զեկույցի նախապատրաստման համար այն ուղարկել գլխադասային պատկան հանձնաժողով»,- ասաց Ն.Զոհրաբյանը: Նա հատուկ հիշեց, որ նախագծի հեղինակ Գ.Լինբլանդը ֆինանսավորվում է ադրբեջանական լոբբիի կողմից եւ իր գործունեությամբ հայտնի է որպես ի նպաստ Ադրբեջանի աշխատող պատվիրակ: Ն.Զոհրաբյանն, ով եղել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմում, ասաց, որ ծանոթ չէ վերը նշված հրամանագրին: «ՊՆ համապատասխան մեկնաբանությունները եղել են, ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- ավելացրեց Ն. Զոհրաբյանը մարտի 1-ի իրադարձություններին բանակի մասնակցությանը վերաբերող մեր հարցին ի պատասխան: Ի դեպ, հիշեցնենք, որ #0038 հրամանագիրը անցած տարեվերջին հրապարակվել է մամուլում: «Հրամայում եմ` ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին ժամը 18-ից տեղափոխել զորանոցային վիճակի` մինչեւ հաջորդ կարգադրության ստացումը»,- նշված էր պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի հրամանագրի մեջ:
Իսկ ՀՀԿ խմբակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ ԵԽ ԽՎ պատվիրակներն այդ բանաձեւը գրել են Հայաստանից ստացած տեղեկությունների հիման վրա: Նրա կարծիքով՝ ընդդիմությունն է տվել այդ տեղեկությունները: «Երեւույթն այնպիսին է, որ օտարների կողմից կարող են օգտագործվել, բայց սա այդ դեպքը չէ»,- ասում է Գ.Սահակյանը:
Ընդդիմադիր ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» անդամները միշտ են հայտարարել, որ փաստաթղթեր են պատրաստում եւ ուղարկում ԵԽ ԽՎ: Փաստաթղթեր են ուղարկել նաեւ մարտի
1-ի զոհերի հարազատները: Վերը նշված հրամանագրին ծանոթ չէր նաեւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի դաշնակցական անդամ Արտյուշա Շահբազյանը: «Մեր ուսումնասիրությունների ժամանակ նման փաստի չենք հանդիպել, որ բանակը ներքաշված է եղել կոնկրետ գործողությունների մեջ: Եղել են ինչ-որ բաներ հատկապես այդ համազգեստների հետ կապված: Մենք կատարեցինք ուսումնասիրություն, եղանք պահեստում եւ նախարարությունում: Ժամանակին ներկայացրել ենք հանձնաժողովի բաց նիստում, այդպիսի հիմքեր չկարողացանք տեսնել, որ ինչ-որ անձինք կամ բանակը կարող էին ներքաշվել գործընթացի մեջ»,- ասում է Ա.Շահբազյանը:
Որքան էլ մեր զրուցակիցները փորձեն անտեղյակ լինել կամ չհիշել մարտյան իրադարձություններին բանակի ներգրավված լինելու հանգամանքը, որքան էլ ընդդիմությունը դրանում համոզված լինի ու փաստեր ունենա, կամ որքան էլ Գ.Լինբլանդը ֆինանսավորվում է Ադրբեջանական լոբբիի կողմից, փոքր է հավանականությունը, որ ԵԽ ԽՎ-ում այս նախագիծը կարող է փաստաթուղթ դառնալ: Նախ՝ փաստաթուղթը քննող Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի ընդդիմությունը ներկայացված չէ: ԵԽ ԽՎ-ից «ընդդիմության թուղթ» ստացած Արմեն Ռուստամյանը կպաշտպանի ոչ թե ընդդիմության, այլ իշխանության տեսակետը: Մյուս կողմից՝ այդ կառույցը նախապես որքան էլ սպառնացել է ՀՀ իշխանություններին, գործնականում աչք է փակել նրանց ապօրինությունների ու անգործության վրա: Իսկ նման նախագծերը ավելի շատ ծառայում են որպես ՀՀ իշխանություններին միանգամայն այլ հարցերի հետ կապված ճնշելու միջոցներ: