Հայաստան եւ Թուրքիա. հաշտությունը օգնության կարիք ունի

06/02/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Նրանք հնարավորություն ունեն խաղաղության հասնել՝ ետեւում թողնելով իրենց խնդրահարույց անցյալը եւ առաջ շարժվել, կամ՝ մեկուսանալ եւ իրենց ու իրենց տարածաշրջանը թողնել ավելի վատ վիճակում, քան նախկինում էր։

Հենրի Բերքի եւ Թոմաս դե Վաալ

Մինչ այժմ թվում էր, թե մեծ հաշտության մեկնարկը տրված է։ Հայաստանը եւ Թուրքիան մինչ օրս ապրել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արեւելյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածների ստվերի ներքո։ Մինչ օրս նրանք դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել։ Սակայն հոկտեմբերին երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին Շվեյցարիայում եւ ստորագրեցին երկու արձանագրություն՝ հարաբերություններ հաստատելու, ընդհանուր սահմանը բացելու եւ միմյանց բաժանող խնդիրները քննարկելու նպատակով։ Երկրներից յուրաքանչյուրը դեռ պետք է վավերացնի արձանագրությունները։ Միացյալ Նահանգները՝ իր հայկական մեծ համայնքով եւ Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական դաշնակցությամբ, մեծ լումա ունեցավ այդ հարցում։

Սակայն այս մեծ հաշտությունն այժմ արագ օգնության կարիք ունի։ Եթե գործընթացը արգելակվի, ապա ամեն ինչ կհայտնվի ավելի վատ տեղում, քան մինչ սկսելը։ Հունվարին Թուրքիան սկսեց անհանգստության նշաններ ցույց տալ։ Այս երկրի Արտաքին գործերի նախարարությունը դեմ արտահայտվեց Հայաստանի սահմանադրական դատարանի որոշմանը, որը փաստում էր, որ արձանագրությունները չեն հակասում 1915թ. կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչմանն ուղղված՝ Հայաստանի սկզբունքին։

Դատարանի վճիռը, որը ողջունեց ԱՄՆ կառավարությունը, ըստ էության ճանապարհ բացեց Հայաստանի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման համար։ Իսկ Թուրքիայի քայլը գործընթացը արգելակելու անթաքույց փորձ է։

Ինչո՞ւ է Թուրքիան փորձում ետ շրջել գործընթացը։ Այս երկրի կառավարությունը արձանագրություններին համաձայնեց մասամբ այն պատճառով, որ ցանկանում էր կանխել ԱՄՆ վարչակազմի եւ Կոնգրեսի կողմից՝ հայերի կոտորածները ցեղասպանություն ճանաչող բանաձեւի ընդունումը։ Սակայն Անկարային զարմացրեց բուռն արձագանքը՝ թե՛ ներքին ընդդիմության եւ թե՛ բարեկամ Ադրբեջանի կողմից, որը 1990-ականներից սկսած հակամարտության մեջ է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով։

Արձանագրությունների տեքստում Լեռնային Ղարաբաղը ուղղակիորեն չի նշվում, բայց այս խնդիրը ուրվագծվում է ետին պլանում։ Թուրքիան Հայաստանի հետ իր սահմանը փակեց 1993թ., Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում։ Երբ նախորդ տարի արձանագրությունները ստորագրվեցին, Թուրքիան հույս ուներ առաջընթաց տեսնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում։ Սակայն այդ հույսը գնալով մարում է։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էլ ինքն իրեն շրջանակների մեջ դրեց, նախապես հայտարարելով, որ արձանագրությունները կյանքի չեն կոչվի, քանի դեռ Հայաստանը զորքերը դուրս չի բերել Ադրբեջանի օկուպացված տարածքներից։

Հարաբերությունների ջերմացումը ձեռնտու է Հայաստանին. կբացվի դեպի Արեւմուտք տանող գլխավոր սահմանը, եւ երկիրը դուրս կգա տարիներ շարունակվող տարածաշրջանային մեկուսացումից։ Սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես անսպասելի ուժեղ ընդդիմության հանդիպեց։ Սփյուռքում բարձր բողոքներ հնչեցին, որ հայ-թուրքական ներկայիս սահմանի հաստատումը եւ պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը թուլացնում են ճնշումը Անկարայի վրա՝ ցեղասպանության ճանաչման հարցում։

Սակայն հարկ է նշել, որ աշխարհը թույլ չի տա Թուրքիայի սահմանների վերաձեւում։ Անգամ Իոսիֆ Ստալինին դա չհաջողվեց անել՝ 1945թ. ֆաշիստների դեմ տարած հաղթանակից հետո։ Ինչ վերաբերում է ցեղասպանությանը, ապա Թուրքիան դժվար թե այն ճանաչի, անգամ՝ եթե ատրճանակը դեմ տված լինի գլխին։ 1915թ. դեպքերի մասին հենց Թուրքիայի ներսում ակտիվացող դեբատները, թերեւս, ավելի հաստատ ճանապարհ են ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար, քան արտերկրից վարվող քաղաքական լոբբինգը։

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Սերժ Սարգսյանի համար քաղաքական ինքնասպանություն կլինի միակողմանի մեծ զիջումների գնալը՝ օրինակ, զորքերի դուրսբերումը օկուպացված տարածքներից։ Մյուս կողմից, այս հարցում առաջընթաց տեսնելու Թուրքիայի ձգտումը չհիմնավորված չի կարելի համարել։ Ի վերջո, նրանք սահմանը փակել են՝ ի նշան Ադրբեջանին աջակցության։ Վերջինս, իհարկե, գոհ չի լինի, եթե սահմանը բացվի առանց ԼՂ հարցում որեւէ տեղաշարժի։ Եվ վերջապես, Ադրբեջանը կարող է պատասխան քայլեր ձեռնարկել. բարձրացնել գազի գները կամ նախապատվությունը տալ գազի տարանցման ռուսական ուղուն՝ հրաժարվելով Նաբուկո ծրագրից (որը պետք է Թուրքիայի տարածքով գազը հասցներ Եվրոպա)։

Արձանագրությունների ձախողումը կարող է սկիզբ դնել դեստրուկտիվ իրադարձությունների մի մեծ շղթայի։ Վրդովված ԱՄՆ-ը կարող է Կոնգրեսում անցկացնել ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ։ Արդյունքում՝ Թուրքիայում կակտիվանան հակաթուրքական տրամադրությունները։ Հարավային Կովկասում խաղաղ լուծում պահանջող գլխավոր խնդիրը՝ ԼՂ հակամարտության կարգավորման պրոցեսը, նույնպես ծանր հարված կստանա։ Վերստին պատերազմի սպառնալիքներ կհնչեն։ Ընդ որում, տարածաշրջանի աշխարհագրությունն այնպիսին է, որ տուժում են բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը։ Չմոռանանք, որ այն նույնպես մեկուսացված տարածք ունի՝ Նախիջեւանը, որը Ադրբեջանից բաժանված է ոչ բարեկամական Հայաստանով եւ տնտեսապես տուժում է։

Այդուհանդերձ, Հայաստանը կարող է թեկուզ փոքր քայլեր անել՝ իրավիճակը բարելավելու համար։ Օրինակ, որպես բարի կամքի դրսեւորում, Երեւանը կարող է հայ-թուրքական սահմանի բացմանը զուգահեռ՝ թուլացնել Նախիջեւանի շրջափակումը։ Հայերը կարող են նաեւ սկսել երկար տարիներ անգործության մատնված երկաթուղու վերականգնման աշխատանքներ, որը կապում էր Ադրբեջանը, Հայաստանը, Նախիջեւանը եւ Թուրքիան։ Այսօր այդ երկաթգիծը փակ սահմանների տխուր խորհրդանիշ է, բայց մի օր այն կարող է դառնալ Արեւելքը Արեւմուտքին կապող գլխավոր ուղի։ Իսկ թուրքերը խելացի կվարվեն, եթե այդ քայլերը դիտարկեն որպես հաջողություն եւ վավերացնեն արձանագրությունները։

Եթե ավելի լայն նայենք, ապա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիային հնարավորություն կտա իր ուսերից վայր դնել պատմության բեռը։ Թուրքիան ամբիցիոզ արտաքին քաղաքականություն է հռչակել՝ «ոչ մի խնդիր հարեւանների հետ» կարգախոսով, եւ նպատակ ունի տարածաշրջանում կենտրոնական ուժ դառնալ։ Սակայն այդ քաղաքականությունը ոչ մի արդյունք չի ունենա, եթե Հայաստանի հետ հարաբերությունները շարունակեն մնալ թշնամական։