«Մշակութային» բացահայտումներ

06/02/2010

Հայաստանի Մշակույթի նախարարությունը լուրջ ցնցումների մեջ է: Վերջին տարվա ընթացքում այդ գերատեսչության մեջ եւ՛ խորքային, եւ՛ մակերեսային վերադասավորումներ են տեղի ունենում (փոխնախարարներ են փոխվում, փոխնախարարներին մեղադրանքներ են ներկայացվում, մարդիկ են հեռացվում, հետո նորից հայտնվում են, չարաշահումներ են հայտնաբերվում, իսկ հետո այդ չարաշահողները այլ պաշտոններ են զբաղեցնում): Մի խոսքով` իրավիճակը մշուշոտ, տանգապալի ու անհասկանալի է: Եվ միայն պաշտոնական արձանագրությունների հետ ծանոթանալով` կարելի է եզրակացնել, որ պետական բյուջեից մշակույթի ոլորտին հատկացվող գումարները, մեղմ ասած, ոչ նպատակային են ծախսվում: Նախարարության կառույցում աշխատող պատասխանատու անձինք հաճախ մասնավոր որեւէ օղակ` ընկերություն, կազմակերպություն են հիմնում, եւ ապա իրենք իրենց պատվերներ են տալիս, գումարներ դուրս գրում: Օրերս ՀՀ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը քրեական գործ է հարուցել ՀՀ Մշակույթի խորհրդականի դեմ` մեղադրելով նրան իր պաշտոնական դիրքի չարաշահման եւ խոշոր չափի պետական գումարներ հափշտակելու մեջ: ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում պարզվել է, որ Մշակույթի նախարարության նախկին աշխատակազմի ղեկավար եւ Իրավաբանական եւ վերահսկողության վարչության ներկայիս պետ Արեգ Հայրապետյանը քրեական հանցանք է կատարել: Հակառակ պետական շահերին օգտագործելով իր պաշտոնական դիրքը` նա 19.010.000 դրամի խոշոր հափշտակություն է իրականացրել: Ծառայությունների գնման կատարման վերահսկողությունը կատարող լիազորված անձ լինելով` Ա. Հայրապետյանը իր իսկ հիմնած «Ինորիենթ» ՍՊԸ-ից չկատարված աշխատանքներ եւ կեղծ եզրակացություններ է «գնել»: ՀՀ Մշակույթի նախարարի նախկին խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանը` օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով` ստորագրել է պայմանագրով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրությունները, ինչի հետեւանքով Ա.Հայրապետյանը կարողացել է 19.010.000 դրամի առանձնապես խոշոր գումար յուրացնել եւ պետությանը խոշոր նյութական վնաս պատճառել: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այժմ այդ գործը նախաքննվելու է ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում: Մշակույթի նախարարությունում այս պահին մի քանի կարեւոր պաշտոններ թափուր են մնացել, եւ մի քանի լուրջ խախտումներ են հայտնաբերվել: Կարծես փակ շրջան լինի. փոխնախարար է հեռացվում, հետո գումարային կորուստ է հայտնաբերվում: Կամ էլ ընդհակառակը` գումար է անհետանում, հետո փոխնախարար կամ խորհրդական է աշխատանքից հեռացվում: