Գործերը կարգավորվում են

06/02/2010

2009թ. երկրորդ կիսամյակում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը վերամշակել է 1.3 մլն տոննա հանքանյութ, ինչը 5%-ով գերազանցում է 2008թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ըստ ընկերության տարածած հաղորդագրության, 2009թ. ԱՊՄԿ-ն արտադրել է ընդհանուր առմամբ 248 տ մոլիբդենի եւ 13.500 տ պղնձի կոնցենտրատ։ Ճգնաժամի պատճառով ընկերությունը նախորդ տարվա փետրվարին դադարեցրեց արտադրական գործունեությունը եւ լրիվ ծավալով աշխատանքները վերսկսեց հունիսի 30-ին։ 2008-ի վերջից ԱՊՄԿ-ն անկանոն էր աշխատում եւ հոկտեմբերից սկսած վնասներ էր կուտակում, որոնք ծածկվում էին բաժնետերերի ներդրումների միջոցով։ Արտադրական գործունեության դադարեցումից հետո ընկերության 900 աշխատակիցներից 400-ը ուղարկվեցին ժամանակավոր արձակուրդի, որի ընթացքում շարունակում էին վարձատրվել աշխատավարձի 2/3-ի չափով։ Մնացած 500-ը այդ ընթացքում զբաղված էին վերականգնողական, պրոֆիլակտիկ աշխատանքներով եւ ստանում էին լրիվ աշխատավարձը։ Ընկերությունը հավաստիացնում է, որ արտադրության վերագործարկումից հետո 400 աշխատակիցների աշխատավարձը ամբողջությամբ վերականգնվել է։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վերամշակման ծավալների մեծացմանը հնարավոր է եղել հասնել հակաճգնաժամային ծրագրի իրականացման շնորհիվ՝ ուղղված արտադրական պրոցեսների օպտիմալացմանը։ Նշենք, որ ՊԵԿ-ի հրապարակած 2009 ֆինանսական տարվա խոշոր հարկատուների ցանկում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը զբաղեցրել է 63-րդ տեղը` բյուջե վճարելով ընդհանուր առմամբ 953 միլիոն դրամի հարկեր։ Մինչդեռ նախորդ՝ 2008 ֆինանսական տարում, ընկերության վճարած հարկերը երկու անգամ ավելի շատ էին` 1.8 միլիարդ դրամ։ Իսկ ցանկում ընկերությունը զբաղեցնում էր 42-րդ տեղը։