Դատի է տվել

06/02/2010

Ռունետի ամենախոշոր օնլայն-խանութին մեղադրում են կոնտենտի ապօրինի վաճառքի մեջ: «Վեդոմոստիի» հաղորդմամբ` «Video.ru» օնլայն-խանութը պատասխան է տալու դատարանի առջեւ: Նշենք, որ «Սիստեմա մասս մեդիա» ռուսական ընկերությունը, որը զբաղվում է ԱՖԿ «Սիստեմա»-ի մեդիաակտիվների կառավարմամբ, խանութի դեմ դատական հայց է ներկայացրել: Ըստ հայցվորի, խանութն անօրինական ձեւով տարածել է «Դետեկտիվ եղբայրներ» հեռուստասերիալը, որի իրավունքը պատկանում էր ԱՖԿ «Սիստեմա»-ին: Հեղինակային իրավունքի խախտման մեջ մեղադրվող «Video.ru»-ն ընդունել է, որ ապօրինի է գործել, բայց դա տեղի է ունեցել տեխնիկական անսարքությունների պատճառով: Նրանք ընկերությանն առաջարկել են հարցը լուծել արտադատական կարգով` փոխհատուցելով որոշակի գումար պատճառված վնասի համար: Ընկերությունը, սակայն, հրաժարվել է փոխհատուցման առաջարկից: Նրանց հաշվարկներով` իրենց պատճառած վնասը կազմում է 24 մլն ռուբլի:

Հիշեցնենք, որ ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: