ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ պաշտոնատար այլ անձինք: «Այս ընթացքում ԱՄՆ-ն դարձել է մեր առեւտրային հինգերորդ գործընկերը եւ երրորդը՝ արտահանման գծով, ինչը մեզ համար չափազանց կարեւոր է: Մենք որոշակի օրենսդրական փոփոխություններ ենք կատարել, ինչը եւս պետք է նպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- ասել է Ս. Սարգսյանը:
Ջեյմս Սթայնբերգն էլ ՀՀ նախագահին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ջերմ ողջույնները եւ վերահաստատել է ամերիկյան կողմի «պատրաստակամությունն ու ցանկությունը` շարունակելու աշխատել եւ երկկողմ, եւ բազմակողմ հարցերի, այդ թվում նաեւ` տարածաշրջանային խնդիրների շուրջ»: Ըստ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության, նրանք դրական են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը թե ծավալի, եւ թե արդյունավետության առումով` նշելով, որ երկկողմ համագործակցությունը դինամիկ զարգանում է անվտանգության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Նրանք նաեւ համակարծիք են եղել, որ պետք է լուրջ աշխատել առեւտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը բարձր է գնահատել տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը: Նա վերահաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ԱՄՆ-ի համար շատ կարեւոր է, եւ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել իր օժանդակությունը գործընթացին: Ջեյմս Սթայնբերգը եւս մեկ անգամ ընդգծել է ամերիկյան կողմի դիրքորոշումը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ` նշելով, որ այն դրական քայլ է գործընթացի շարունակման համար: Նա գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ է համարել կողմերի քաղաքական կամքի դրսեւորումը: