Փոքրիկ տղան ջերմ վերաբերմունքի կարիք ունի

06/02/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

7-ամյա Սարգիսն այս տարի էլ դպրոց չգնաց ու հավանաբար երբեք էլ դպրոցական չի դառնա: Սարգիսն ու ուսումն անհամատեղելի են դարձել միայն այն պատճառով, որ երեխան հոգեբանական եւ արտահայտվելու անկարողության խնդիրներ ունի: Երազում է հասակակիցների պես առավոտյան արթնանալ, վերցնել պայուսակն ու մյուսների պես դպրոց հաճախել, բայց… Ամեն լուսաբացին արթնանալիս իրականության հետ առճակատումը Սարգիսի մեջ բարկություն է առաջացնում, ու հանդիմանությունների շարանը փոքրիկ այս տղային ստիպում է անել այն, ինչն ընդունված չէ անել այս տարիքի երեխաներին: Ծխում է… Ծխախոտ օգտագործելու հակումը Սարգիսի մոտ առաջացել է 2 տարեկանից, որովհետեւ նրա մանկությունն ու ապագան խեղաթյուրվել են 5 տարի առաջ մի դժբախտ պատահարի պատճառով: Մայրը` Սիրանույշը, պատմում է. «Սարգիսս 2 տարեկան էր: Ձմռանը փայտ էինք վառում, որ տունը տաքացնենք: Դե մենք էլ շատ ծանր վիճակում ենք ապրում: Մեքենայով փայտ էինք բերել, որ դատարկենք հայաթում: Դատարկում էինք. տանից հեռախոսի զնգոցն եկավ, գնացի, որ պատասխանեմ…»: Մինչ Սարգիսի մայրը կպատասխաներ հեռախոսազանգին` Սարգիսի քույրը` այժմ արդեն 10 տարեկան Նարգիզն, իր մանկական խելքով վերցրել է բակում դրված կացինն ու դրա ծանրությանը չդիմանալով՝ այն ամբողջ ուժով իջեցրել եղբոր մատներին: Ծնողները երեխայի ճիչը լսելուն պես գլխապատառ հասել են այն պահին, երբ 2 տարեկան երեխայի մատները բառիս բուն իմաստով կտրվել, ընկել են: Բացի մատները կորցնելուց՝ ամբողջությամբ վնասվել է երեխայի ինչպես նյարդային համակարգն, այնպես էլ` ձեռքի ջլերը: «Երեխան ցավից ուշագնաց էր լինում: Վախից ու ցավից կեղտոտեց տակը: Էդ պահին մեր բարեկամներից մեկը պապիրոսը վառեց ու դրեց բերանը: Մի քիչ հանգստացավ՝ մինչեւ հասցրեցինք հիվանդանոց»,- ասում է մայրն, ով իմ տարակուսած հայացքից ճնշված՝ բառեր չի գտնում այդ արարքն արդարացնելու համար: Ծանր վիրահատությունից հետո, ինչպես մայրն է ասում` երեխայի մատները «շշերով» մի կերպ հավաքել ու «կարկատել» են, բայց սթրեսից Սարգիսի մոտ նյարդային լուրջ հետեւանքներ են մնացել: Այդ դեպքից հետո երեխայի լեզուն վախից «կապ» է ընկել, չի կարողանում խոսել, իսկ երբ արտահայտվելու իր անկարողությունից բարկանում է` դիմում է ծայրահեղ քայլերի: «Ի՞նչ իմանամ, իմ շորերն ա հավաքում ճղում, կանգնում ա հայելու առաջ ու մազերն ա խրձով կտրում: Ներվերից ինչ ասես` անում ա, ծխում ա: Անընդհատ ուզում ա ինքն իրան վնաս տա»,- պատմում է Սիրանույշն ու վստահեցնում է, որ ծնողների արգելքներն, այնուամենայնիվ, Սարգիսին ծխելու սովորույթից հետ չեն կանգնեցնում: «Երեւի ներվերը հանգստանում են»,- ասում է մայրը, ով տղային պարբերաբար տանում է հոգեբանի մոտ՝ նրա խոսելու ունակությունը զարգացնելու համար: Սարգիսի ու հայելու հանդիպումը մշտապես ավարտվում է տխուր ու տարօրինակ միջադեպերով: Վերջին հանդիպման ժամանակ վերցրել է մկրատն ու ձեռքի տակ ընկած մազափունջը կտրել: Սարգիսը չի սիրում իր եւ հայելու առերեսումը եւ բարկությունից ուզում է ջնջել իր արտացոլանքը: Հարցնում եմ` «Ինչո՞ւ ես մազերդ էդքան ծուռտիկ կտրել»: Ուսերն է թոթվում ու բառերի վերարտադրությունը ճիշտ կազմակերպելու անկարողությունից ջղաձգվում, դողացնում է: Անզոր ձայնարկություններով ինչ-որ բան է հասկացնում, բայց ձեւակերպումներից միայն մայրն է գլուխ հանում. «Ասում ա` ինձ կնկարե՞ս»: Սարգիսին լուսանկարում եմ ու խցիկի վրա պատկերված իր նկարը ցույց եմ տալիս: Խորհրդավոր նայում է, ու աչքերը չարանում են, հավանաբար այնպես, ինչպես հայելու առաջ: Հետո էլի ինչ-որ բան է մտմտում. մայրը փոխանցում է` «Ասում ա` ինձ բոլորը ջղայնացնում են, ուզում եմ բոլորին ծեծեմ»: Հարցնում եմ` «Դու իսկապես ծխո՞ւմ ես»: Փախչում է…

Քանաքեռի 6-րդ փողոցում ապրող Սիրանույշի ընտանիքը գոյատեւում է ընդամենը 26.000 դրամ ընտանեկան նպաստով: Ասում է` «Շատ ծանր վիճակում ենք: Աշխատանք չկա, ինչ աշխատանք էլ լինի` կանենք` ես էլ, ամուսինս էլ: Երեխեքի վիճակը շատ վատ ա. ախր էդ «Փարոս»-ով հազիվ գազի, լույսի փողերն ենք տալիս»: Երեք երեխաներից ավագը` Սամվելը, բրոնխիալ ասթմա եւ արյան ինֆեկցիա հիվանդություններն ունի: Մայրն ասում է` «Փողի խաթեր չենք տանում բուժման»: Ասում եմ` «Պոլիկլինիկա դիմելն անվճար է»: Սիրանույշն ասում է, որ Սամվելի ջերմությունը սովորաբար միշտ բարձր է լինում, ու պարբերաբար շտապօգնություն են կանչում: «Դե՛, շտապօգնությունից ասեցին՝ տարեք պոլիկլինիկա, պոլիկլինիկայից էլ բժիշկները չեն հասկանում, ասում են` տարեք արյան փոխներարկման կենտրոն: Էնտեղ էլ եմ տարել, բայց փող են ուզում»: Ասում եմ` «Իսկ որտե՞ղ է արյան փոխներարկման ինստիտուտը»: Սիրանույշը դժվարանում է նկարագրել այն կենտրոնի տեղը, որտեղ տարել է երեխային ու որտեղից «փող են ուզել»: Հետո պատմում է, որ Սարգիսին էլ բժշկի է տարել ու բժիշկն ասել է` շատ ագրեսիվ երեխա է: Ասում եմ` «Որտե՞ղ եք տարել»: Պատասխանում է` «Չգիտեմ, ես տենց տեղեր չգիտեմ»: Գերադասում եմ Սարգիսի հետ զրուցել, բայց նրա մտքերը նույնքան անավարտ են, որքան անավարտ ու կիսատ են նրա մանկական երազանքները: Այս երեխայի չարացած ու բարկացած հայացքը «ջարդվում է», երբ գիտակցում է, որ ինչ-որ մեկն իրեն սիրում է: Նա կծկվում է թեւիս տակ ու ջերմություն է «որսում»: Իսկ հեռանալիս` նա ինձ անխոս ճանապարհում է …