«Մեզ մոտ չարի վերջը չի գալու»։ Արդյունքում՝ Հովհաննես Թումանյանն է խայտառակ լինելու

06/02/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– «Ես մարդ չեմ, ես Գրիգոր Խաչատրյան եմ: Դուք մարդ չեք, դուք Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներն եք»,- այսպես եք նշել Ձեր արվեստի «մանիֆեստում» 1990թ.: Լավ, մենք Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներն ենք, իսկ ո՞վ է Գրիգոր Խաչատրյանը:

– Դա ընդամենը անձնագրային փաստ է, փաստաթուղթ: Դեռեւս մանկության շրջանից մարդիկ սկսում են մի կայացման գործընթաց, ըստ որի` յուրաքանչյուրն իր կերպարի, հերոսի ընտրությամբ եւ մասնագիտական կողմնորոշմամբ իր առաջ սահմանափակումներ է դնում: Տխուր է, երբ մարդ, հանուն իմիջի, սահմանափակում է իր ազատությունը: Երբեք պետք չէ ընդունել քեզ վերաբերող այլ ձեւակերպում, քան անձնագրայինն է: Այն անընդհատ կլինի քո ազատության երաշխավորը: Դու փորձում ես քեզ չսարքել: Քեզ չսարքելը ինքնաճանաչողության սահմանները միշտ բաց է պահում, հակառակ դեպքում` դու ընդամենը Սարգիս կդառնաս, ինչպիսին հասարակության մեծամասնությունն է:

– Եվ հրաժարվել նույնիսկ իդեալների՞ց:

– Դա հենց իդեալ է, երբ մարդիկ չեն սահմանափակվում մասնագիտական, ազգային եւ այլ բնակարաններում: Նկարիչները միշտ սիրել են մարդկանց մերկ պատկերել: Դա մարդու՝ իրերը մարդուն առավել ճշմարտացի տեսնելու ցանկությունն է` ոչ պարզապես ֆիզիկական, այլ առաջին հերթին ներաշխարհի մերկությունը, դատաիրավական մարմինների բացությունը, գաղտնազերծումը: Գյոթեն ասում էր, չէ, որ շորերի տակ մենք բոլորս էլ մերկ ենք: Այսօր ձգտում կա բաց հասարակության եւ դրան համապատասխան ինստիտուտների, բայց դա միայն արտաքուստ եւ ձեւական բնույթ է կրում, որովհետեւ դրա պարտադրանքները կան նաեւ միջազգային կառույցների կողմից` ըստ մեր ստանձնած պարտավորությունների:

– Եթե Ձեր նշած ձեւակերպումներից դուրս գանք` իրականում ի՞նչ ունենք այսօր:

– Ունենք իշխանություն կոչվող մի մարմին, որը տարածում է խավար: Այն ավելի ճիշտ` խավարասերների միություն կամ խորհուրդ է, որտեղ բոլորի շահերը խիստ անձնական եւ նյութական են (մինչդեռ պետք է լինեին միմիայն հասարակական), միմյանց շղթայված: Այսօր հենց դա է պատճառը, որ չունենք հեռուստատեսություն: Դա է պատճառը, որ հալածվում են լրագրողներ, որոնց իրավունքները նոր օրենքով, որ ուզում են ընդունել, փորձում են սահմանափակել: Նրանց նպատակը մեզ խավարում ապրել սովորեցնելն է: Ասում են՝ լույսը մի վառեք, որ մեր կեղտոտ սպիտակեղենը չերեւա` մոռանալով, որ մաքուր է այնտեղ, ուր չեն կեղտոտում: Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղենք «Ա1+»-ի բացմանը: Տպագիր կամ էլեկտրոնային մամուլի ընթերցողները բավարար չեն, որ զանգվածային մերկացումներ արվեն տեղեկատվության միջոցով պայքարի մեջ հասարակության լայն շերտեր ներգրավելու համար: Խավարասերները գրավել են հանրային եւ մնացած բոլոր հեռուստատեսությունները եւ վաղուց արդեն սեւ լամպեր են արտադրում նախագահի բարձր հովանավորությամբ:

– Այսինքն` հեռուստաընկերությունները իշխանության «վերարտադրության» գործիքների՞ց են:

– Հեռուստադաշտի ներկա վիճակը պայմանավորված է խավարասերների գործողություններով: «Ա1+»-ը միակ հեռուստաընկերությունն էր, որտեղ ցածրաճաշակ (ռաբիս) երաժշտություն չէր հնչում: Այն նյութական ու տեխնիկական սուղ միջոցներով եւ իսկական լրագրողներով, ոչ այսօրվա պճնված լուրեր կարդացողների պես, ապահովում էր անկողմնակալ տեղեկատվություն, ինչի նկատմամբ ես իմ վերաբերմունքը ժամանակին հայտնել եմ` Աննա Իսրայելյանին տալով «Գրիգոր Խաչատրյան» մրցանակը: Այսօրվա հեռուստաընկերությունները` նորաձեւ բառով ասած, գլամուրային են: Եվ այդ տաղավարների, հաղորդավարների շքեղությունն ու փայլը նողկանք է առաջացնում, որովհետեւ նրանք օգտագործում են խավարասերների հիմնական զենքերը՝ կեղծիքն ու սուտը:

– Մարդն ի՞նչ արժեք ունի մեր հասարակության մեջ:

– Դրա պատասխանը մարտի 1-ի զոհերն են, քաղբանտարկյալները, իրավազուրկ մեր քաղաքացիները, հարուստների եւ աղքատների գնալով մեծացող չափը:

– Իսկ ի՞նչ կարող է այսօր փոխել մտավորականը:

– Հին կտակարանում տեսնում ես, որ հասարակության շարժիչ ուժը մարգարեներն էին, որոնց ապագան քարկոծվելն էր: Այդ գործառույթները այսօր, ըստ օրենքի, պետք է իրականացվի հասարակության հավաքական կամարտահայտման միջոցով, որ ընտրություն է կոչվում: Այսինքն` ոչ թե վերեւից, այլ ներքեւից են ընտրվում արդեն հասարակության համար բախտորոշիչները: Մենք լավ գիտենք, որ դա արվում է այնպես, ինչպես կենդանական աշխարհում. հաղթում է ուժեղը, այսինքն` մեկը, ով ունի ավելի շատ նյութական եւ արտադրության միջոցներ, ինչպես նաեւ՝ իր նեղանձնական նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չի դնի` ունենալով մարդուն հատուկ ամենաբացասական հատկանիշները: Քաղաքակրթությունը վաղուց մարդու ուժը տեսնում է նրա ունեցած ամբողջ կարողությունների միուղղվածության դեպքում, երբ դրանք ծառայում են մարդկանց բարօրությանն ու առաջընթացին: Արշակունյաց պողոտայի պատերից մեկի վրա արված գրաֆիտի կա, ուր մարդը վերադառնում է իր կենդանական ծագմանը: Սա է այսօրվա իշխանության պատկերը: Երբ վերլուծությունները, ուսումնասիրությունները, հիմնավորումները համոզիչ ձեւով ախտորոշում են հասարակական հիվանդությունները, դա որոշակիորեն կասեցնում է հիվանդության զարգացումը: Իսկ դրան պետք է հետեւի հիվանդության բուժման գործընթացը: Հիմա մենք ունենք հստակ ձեւակերպված, հիմնավորված հասարակության հիվանդության ախտորոշումը` ավազակապետություն: Սա պարզապես դե ֆակտո հասարակարգ է: Մենք այսօր այլ որակում տալ չենք կարող, չնայած շատ կուզենայինք լինել եւ դե յուրե, եւ դե ֆակտո սոցիալիստական հանրապետություն: Այն արվեստագետները, որոնք աջակցում են կամ մասնակցում փոփոխությունների գործընթացներին, հասարակությանը հիմնականում անծանոթ են: Հասարակության ուշադրության կենտրոնում շոու-բիզնեսի մարդիկ են: Իսկ նրանք չեն խոսում եւ չեն խոսի, որովհետեւ դա իրենց բիզնեսի եւ գոյության համար վտանգավոր է, եթե չասենք` մահացու:

– Գուցե խորհրդային տարիների հարմարվողականության պաշա՞րն է շատ:

– Դեռեւս Խորհրդային Միության տարիներին տոտալ հետախուզումներով ու մարդկանց հալածելով հասարակության մեջ վախի մթնոլորտ ստեղծեցին: Այդ վախը մնացել է: Մեր ժողովուրդը երկար ժամանակ եղել է տարբեր լծերի տակ, բայց այսօրվա հարստահարողները, որ «մերոնք» են, ոչ թե քաղցրացնում են մեր լուծը, այլ` կրկնակի դառնացնում:

– Դուք Պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնի (ՊՊԱԿ) ղեկավարն եք: Պատահականությունը հասարակական-քաղաքական կյանքում դեր ունի՞:

– Համոզված եմ, որ այս ամենի հանգուցալուծումը լինելու է պատահականությունների միջոցով: ՊՊԱԿ-ի ղեկավարի բարձր հովանավորությամբ: Արդեն պլանավորված աղյուսը, որի վրա Աննուշկան մի քիչ ձեթ է թափել, պտտվում է նախագահականի ու խորհրդարանի վրա: Բոլոր ժամանակներում պատահականությունը մեծ դեր է ունեցել, որովհետեւ այն ամենատրամաբանականն է:

– Պատահականությունների նկատմամբ հույսերն է՞լ են կորել:

– Հույսը սկզբում պետք է սատկացնել, որովհետեւ այն միշտ վերջում է մեռնում` մարդու հետ, որը երբեք չի տեսնում նրա մահը: Պետք է հանգիստ ապրել առանց հույսի: Հույսը սպասում է առաջացնում: Իսկ «Սպասում»-ը հայկական ժողովրդական նկար է, որը նշանակում է՝ ոչինչ չանել: Իրականում խոսքը վերաբերում է առանց գործի հույս ունենալու սպասման անիմաստությանը: Այդ նկարում մարդիկ սպասում են իրենց ապագային, որին նկատում են միայն անցնելուց հետո: Դրանից հետո սկսվում է կյանքը անցյալի հիշողություններում: Իսկ ներկան մնում է անմարդաբնակ:

– Ու անազա՞տ:

– Այո՛, անազատ: Մոռացե՞լ եք, որ մեզ թելադրում էին անցած ամռանը՝ որտեղ կանգնենք, ուր գնանք, ինչ անենք: Մենք իշխանություն չենք ուզում, այլ` ծառայություն: «Բնության միակ պարգեւը ազատությունն է»: Լեոնարդո դա Վինչիի այս ձեւակերպումը մարդու իրավունքներից ամենահիմնարարն է, որի նկատմամբ ցանկացած ոտնձգություն ամենադաժան պատժի է արժանի: Իսկ իշխանությունը կարող է լինել միայն սիրո:

– Ի վերջո, ո՞ւր ենք գնում:

– Հասարակությունը վաղուց հասած կլիներ իր առջեւ դրված խնդիրների լուծմանը, եթե ցանկացած օրենք գործեր, թեկուզ վատ օրենք լինի, բայց, այնուամենայնիվ, գործի: Մեզ մոտ չարի վերջը չի գալու, եւ արդյունքում՝ Հովհաննես Թումանյանն է խայտառակ լինելու: Մեզ ի՞նչ, թե իր 140-ամյակն էր: Ասում են` 5-հազարամյա պատմություն ունենք եւ այլն, բայց իրականում գումարելիների գործընթաց չկա, միայն մինուսների գումարումներ ունենք: Մի տեսակը գնալով իր հետ տանում է ամեն բան (դու գնացիր ու ամեն ինչ քեզ հետ տարար): Էստաֆետային գործընթաց չկա: Մենք ունեցել ենք եւ ունենք անհատներ, ովքեր մշակութային կամ հայրենասիրական մղումներով ինչ-որ գործեր են արել (չնայած փոքր ածու), մեկ էլ եկեղեցիներ, որ կառուցել ենք Աստծո համար: Միայն թե մոռանում ենք մարդու համար էլ տուն կառուցել: