«Եվրատեսիլյան» եռանկյունի

06/02/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Արդեն 5 տարի շարունակ Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին, եւ գրեթե ամեն տարի մասնակցի անունը հայտնի է դառնում շատ ավելի վաղ, քան բուն քվեարկությունն է կազմակերպվում, եւ նույնիսկ երգն է ընտրվում:

«Եվրատեսիլը» համարվում է երգի մրցույթ, սակայն Հայաստանում այն ընկալվում է որպես որեւէ երգչի կարիերայի գագաթնակետ, որպես ամուր կապեր ու հովանավորներ ունենալու ապացույց: Եվ եթե երգիչը գնում է մրցելու եվրոպացիների հետ, ուրեմն նա արդեն իսկ հաղթող է իրեն զգում ու կարող է ասել` տեսեք, ես պետք է գնայի ու գնացի: Սակայն այս տարի Օսլոյում անցկացվելիք «Եվրատեսիլն» իր բնույթով հայաստանյան թեժ մրցակցություն է խոստանում, եւ հայաստանյան նախընտրական փուլում լուրջ, կրքոտ ու բավականին սկզբունքային պայքար է ծավալվել: Նույնիսկ կարելի է ասել, որ կենաց ու մահու կռիվ է սկսվել հատկապես Էմմիի ու Եվա Ռիվասի միջեւ, որոնք մրցում են ոչ միայն իրար, այլեւ` ողջ տարվա ընթացքում ֆավորիտ համարվող Ռազմիկ Ամյանի հետ: Եվ հենց այդ 3 երգիչներն էլ եռանդով նախապատրաստվում են իրենց լավագույն ձեւով ներկայացնել «Հ1»-ի եթերում փետրվարի 8-ին տեղի ունենալիք եզրափակիչ համերգ-մրցույթին: Եվ բոլորն էլ վստահ են, որ լավագույնները հենց իրենք են լինելու: Նրանց շանսերը ավելի մեծ են, քան մնացած 7 մասնակիցների հնարավորությունները: Երգչուհի եւ երաժշտական պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի դուստր Էմմին կատարելու է իր «Hey» երգը աշխարհահռչակ պարող Միհրան Կիրակոսյանի ու նրա պարային խմբի հետ: Էմմիի մայրը գործի է դրել իր բոլոր երաժշտական կապերը եւ տարիների ընթացքում ձեռք բերված ընկերական հարաբերությունները` երգը «լոբբինգ» անելու համար: Իսկ Դոնի Ռոստովում ծնված ու հնչեղ լատինաամերիկյան կեղծանուն ձեռք բերած Եվա Ռիվասն օգտագործում է իր հովանավորի` «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի աջակցությունը: Մի կողմից՝ բավական լայն երաժշտական կապեր են, մյուս կողմից` բավական մեծ գումարներ: Ի դեպ` փողի գործոնը շատ կարեւոր է ռոստովդոնցի երգչուհու պարագայում, քանի որ լինելով շատ գեղեցիկ աղջիկ` Եվա Ռիվասն ամեն դեպքում միջակ երգչուհի եւ հայաստանյան շոու-բիզնեսում անհայտ անձ է:

Այդ երկու աղջիկների մրցավազքին թերեւս հազիվ է դիմանում Ռազմիկ Ամյանը, նա նույնիսկ որոշել էր իր անունը հանել թեկնածուների ցանկից (այսպես ասած` բոյկոտ հայտարարելու նպատակով), սակայն հետո փոխել էր միտքը: Ընդ որում` Ռազմիկը լուրջ բախում է ունեցել «Հ1»-ի հետ, քանի որ սկսել է սերտորեն համագործակցել «Արմենիա» հեռուստաընկերության հետ, իսկ «Հ1»-ին դա դուր չի եկել: Նույնիսկ իր «եվրատեսիլյան» երգը նա որոշել է առաջինը ոչ թե «Եվրատեսիլի» կազմակերպիչ «Հ1»-ի եթերում հեռարձակել, այլ` «Արմենիա»-ի, ինչը, բնականաբար, դուր չի եկել մրցույթի կազմակերպիչներին:

«Եվրատեսիլ-2010»-ի մասնակիցը դառնալու հավակնություն ունեցող հայկական երգերն, իհարկե, դեռեւս լայնորեն չեն ներկայացվում, սակայն հնարավորություն ունենալով դրանք լսել մինչ բախտորոշ եթերային օրը, կարելի է վստահ ասել, որ բոլոր ունկնդիրները կդժվարանան որոշել` թե «գլխավոր» 3 երգերից ո՞րն է ավելի վատը:

Ռազմիկ Ամյանի կատարումը լսելիս, ոչ ոք չի կարող ասել, թե այս երգիչը ո՞ր արեւելյան երկիրն է ներկայացնում, քանի որ Վահրամ Պետրոսյանի կողմից գրված «My love» երգն իրենից հնդկա-արաբական խառնուրդ է ներկայացնում: Դա շատ ուրախ, անիմաստ ստանդարտ երգ է: Իսկ Ռազմիկի անգլերեն լեզվի առոգանությունն ու շեշտադրումներն այնքան վատն են, որ թերեւս հենց միայն այդ պատճառով երգը կարելի է չուղարկել Օսլո:

Իսկ Էմմիի եւ Միհրանի կատարումը դժվարությամբ կարելի է երգ անվանել, քանի որ այն ավելի շուտ ռիթմիկ վարժանք է, որը զուրկ է մեղեդային շարքից: Երբ այն լսում ես` ամեն վայրկյան սպասում ես` բա ե՞րբ է բուն երգը սկսվելու: Իսկ վերջում էլ ընդունում ես, որ երգ չկար, կար միայն պարային պարտիտուրա: Էմմին ու Միհրանն, իհարկե, տարբեր առիթներով նշել էին, թե մի քանի երգեր են պատրաստել:

Եվա Ռիվասի համար գրված «Apricot stone» երգը (կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյան) թերեւս ամենահետաքրքիրն է, սակայն տպավորություն է ստեղծվում, թե այդ երգը տարբեր` իրար հետ ոչ մի կապ չունեցող հատվածներից է կազմված: Էկլեկտիկ «Ծիրանի կորիզը» դժվար է հիթ համարել (ռոքայինի, բալլադայինի, ազգայինի խառնուրդ է):

Անկասկած, բոլոր 3 երգիչներն էլ իրենց սեփական դեմքն ու ոճն ունեն: Հիանալի ձայնային տվյալներ ունեն նաեւ Ռազմիկն ու Էմմին, սակայն այս տարվա «Եվրատեսիլը», կարելի է ասել, որ առաջին հերթին ընդգծեց հայրենական երգերի ճգնաժամային վիճակը: Մենք երգիչներ ունենք, սակայն երգեր ու կարեւորը` միտք ունեցող երգեր չունենք, չկան:

Ինչեւէ, երգերից լավագույնը ընտրվելու է 50/50 տարբերակով, ժողովրդի «SMS»-ների եւ ժյուրիի քվեարկությամբ:

Մրցույթի շրջանակներում ծավալվող պայքարի մասին փաստում է նաեւ «Հ1»-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ով ասում է, թե 3 հիմնական մրցակից երգերը եւ՛ վատ, եւ՛ լավ կողմեր ունեն: Եվ հայաստանյան հանդիսատեսին խորհուրդ է տալիս չկենտրոնանալ միայն այդ 3-ի վրա վրա, այլ ուշադրություն դարձնել նաեւ մնացած 7 երգերին: Միգուցե իսկապես արժե բոլոր երգերին թարմ հայացքով նայել ու քվեարկել լավագույնի օգտին: Մեկ էլ տեսար` քվեարկությունը արդար եղավ: