Սկզբից՝ լաբորատորիա, հետո` թանգարան

06/02/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երեւանի Տիկնիկային թատրոնն արդեն ունի իր թանգարանը: Երեկ թատրոնի ճեմասրահում բացվեց տարբեր տարիների ներկայացումների մեջ «խաղացած» կամ էլ թատրոնին նվիրաբերած տիկնիկների մշտական ցուցադրությունը: Այսուհետ թատրոն այցելած յուրաքանչյուր մարդ հնարավորություն կունենա ծանոթանալ ոչ միայն թատրոնի «տիկնիկային» պատմությանը, այլեւ` հետեւել տիկնիկների պատրաստման տարատեսակ տեխնիկական եղանակներին:

Չէ՞ որ բեմ բարձրացող տիկնիկ-դերասաններից յուրաքանչյուրն էլ յուրովի է շարժվում, «խոսում» ու ներկայանում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը նշում է, որ ցուցադրությունը կազմակերպելիս` իրենք փորձել են տիկնիկային թատրոնի բոլոր ոճերը ներկայացնել: «Իհարկե, մենք չենք կարողացել ցուցադրել ստվերային թատրոնի տիկնիկները, սակայն մնացած բոլոր ոճերը` ձեռնոցային, պլանշետային, ձողիկային, խամաճիկային, դիմակային տիկնիկները ցուցադրված են»,- ասում է նա:

Տիկնիկների թանգարանում տեղ են գտել նաեւ այն նմուշները, որոնք բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ նվեր են ստացել, ապա հանձնել Տիկնիկային թատրոնին: Կան Ինդիրա Գանդիի, Բելլա Քոչարյանի, Հասմիկ Պողոսյանի նվիրատվությունները: Տիկնիկներից ոմանք էլ փոխանակման կարգով են եկել Հայաստան: «Մենք միշտ կապի մեջ ենք աշխարհի տարբեր թատրոնների հետ, եւ ամեն անգամ, երբ միջազգային փառատոների ենք մասնակցում, մեզ հետ որեւէ տիկնիկ ենք տանում եւ փոխանակում ենք կատարում: Ունենք տիկնիկներ Բելառուսից, Ղազախստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Հնդկաստանից»,- ասում է Ռ. Բաբայանը: Թանգարանի համար անհրաժեշտ ցուցափեղկերի պատրաստումը թատրոնն իր միջոցներով է կատարել: Ինչպես ասում է Ռ. Բաբայանը` իրենք ցանկանում էին ոչ թե էժան լամինատ, այլ` թանկ հաճարենի օգտագործել, քանի որ փայտյա ձեւավորումը համահունչ է թատրոնի ինտերիերին: Ի դեպ, բազմաթիվ տիկնիկներ պահվում են նաեւ թատրոնի պահոցում եւ պարբերաբար նույնպես կցուցադրվեն: Իսկ թատրոնում գործող տիկնիկների ստեղծման արհեստանոց-լաբորատորիան պատրաստ է խորհուրդներով աջակցել տիկնիկագործությամբ հետաքրքրված երեխաներին:

«Շատ հաճախ, երբ մեզ դիմում են դպրոցները կամ ծնողները ու խնդրում իրենց տիկնիկներ տրամադրել, ես ասում եմ` տիկնիկ չեմ տա, բայց կօգնեմ երեխաներին սովորել: Երեխան ինքը պետք է պատրաստի իր տիկնիկը, եւ ոչինչ` թող այդ տիկնիկը ծուռ կամ ոչ շատ գեղեցիկ լինի, կարեւորը, որ այն երեխայի ստեղծագործությունը լինի: Օրինակ, ձեռնոցային տիկնիկների պատրաստումը շատ պարզ ու հետաքրքիր գործ է, եւ յուրաքանչյուր երեխա այն կարող է անել»,- ասում է թատրոնի ղեկավարը, ով ամենաշատը կարեւորում է թատրոնի լաբորատոր բնույթը: Լաբորատոր էքսպերիմենտներ կատարելուց հետո հնարավոր է լինում հաջող փորձարկումը զատել անհաջողից եւ այն թանգարանային նմուշ դարձնել: Եվ թերեւս հենց նման մոտեցման շնորհիվ է Երեւանի Տիկնիկային թատրոնը միշտ եւ հանդիսատես, եւ ցուցադրելու բան ունենում: