Երեկ առավոտյան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «7-ի գործով» ազատազրկման դատապարտված, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին տեղափոխել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժին: «Նրա անոթներն ենք նկարում, հետազոտությունն ընթացքի մեջ է: Հետազոտման արդյունքների մասին կարող ենք ավելի ուշ հայտնել»,- «Ա1+»-ին ասել է «Նորք-Մարաշ» կենտրոնի հերթապահ սրտաբան Արեւիկ Ստեփանյանը: Ըստ նրա` բժշկական կենտրոն ներկայանալու պահին Սասուն Միքայելյանի վիճակը բավարար է եղել: Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանի ասելով, Ս. Միքայելյանին հիվանդանոց են տեղափոխել հետազոտման համար, քանի որ վերջինս պարբերաբար գանգատներ էր ներկայացնում իր առողջական վիճակի մասին: