Հակահայկական դիրքորոշում

07/09/2005

The Journal of Turkish Weekly էլեկտրոնային պարբերականն իր օգոստոսի 19-ի
համարում ընթերցողներին տեղեկացրել է Եքթան Թյուրքյըլմազի ազատ արձակման
մասին եւ դրա շուրջ որոշ մեկնաբանություններ արել: Մասնավորապես, թուրք
հետազոտող Նիլգյուն Գյուլջանը թերթին հայտնել է, որ Թյուրքյըլմազի
ձերբակալությունից եւ քրեական հետապնդումից հետո ոչ մի թուրք պատմաբան
այլեւս չի համարձակվի այցելել Հայաստան եւ ուսումնասիրել նրա պետական
արխիվները: «Բոլոր թուրք գիտնականները գիտեն, որ Թյուրքյըլմազի
ձերբակալության իրական պատճառներն այլ են», – ասել է Գյուլջանը:
«Երեւանում օգտագործված գրքեր գնելը վտանգավոր է ձեր կյանքի համար, եթե
դուք թուրք եք: Հայկական արխիվները բաց են միայն իշխանամետ հայերի համար:
Անկախ հետազոտողները չեն կարող այցելել ոչ դաշնակցական, ոչ էլ Հայաստանի
պետական արխիվներ»:

The Journal of Turkish Weekly-ն, որը հայտնի է իր կոշտ հակահայկական
դիրքորոշմամբ, այնուհետեւ եզրակացնում է. «Հայաստանը պնդում է, որ 1915
թվականի իրադարձությունները ցեղասպանություն էին, սակայն թուրք
գիտնականներին թույլ չի տալիս օգտագործել հայկական փաստաթղթերը:
Թուրքիայի՝ Անկարայի եւ Ստամբուլի արխիվները բաց են բոլոր գիտնականների
համար»: Ի դեպ, թուրք ցանկացած գիտնականի կամ հետազոտողի առջեւ Հայաստանի
արխիվները բաց են: Սակայն բնական է նաեւ այն, որ խնդրի նման
քաղաքականացումը Թուրքիային ձեռնտու է: Պարզապես Եվրամիությանն անդամակցել
ցանկացող Թուրքիան պետք է նկատի ունենա նաեւ այն հանգամանքը, որ
միջազգային համապատասխան կոնվենցիաների համաձայն՝ Եվրամիությանն
անդամակցող երկրներում պատմամշակութային արժեք ներկայացնող հնատիպ գրքերն
արտահանման ենթակա չեն: