«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է պատերազմ ծագել»,- երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատի Հետախուզության հարցերի կոմիտեի լսումների ժամանակ ունեցած ելույթում նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի Հետախուզական ծառայության տնօրեն Դենիս Բլերը: Նա ասել է, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախկին ԽՍՀՄ երկրները դիտարկում է որպես «արտոնյալ շահերի գոտի», ինչը կարող է խարխլել Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունները: Հիշեցնենք, որ երկու օր առաջ հիմնականում ամերիկյան ղեկավարության տեսակետները արտահայտող «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի փորձագետները եւս իրենց տարածած հաղորդագրության մեջ չէին բացառել ռազմական գործողությունների վերսկսումը: «Չի բացառվում, որ իրավիճակը Lեռնային Ղարաբաղում դուրս գա մեծ տերությունների վերահսկողությունից»,- գրել էին «Ստրատֆորի» վերլուծաբանները: Բնականաբար, նման պաշտոնական եւ «փորձագիտական» հայտարարությունները կապված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ներկայումս ընթացող գործընթացների հետ: Այսինքն` ամերիկացիները գրեթե ուղղակիորեն հասկացնում են, որ եթե հանկարծ կողմերից որեւէ մեկը փորձի հետ կանգնել բանակցությունների վերջին փուլից (որի մասին խոսում են վերջին շրջանում), ապա գերտերություններից առնվազն ԱՄՆ-ը «չի երաշխավորում խաղաղությունը»: Հրապարակայնորեն որպես ակնարկ ներկայացող այս ճնշումը, թերեւս, ՀՀ իշխանություններին փոխանցվել է ավելի ուղղակիորեն: Համենայնդեպս, «զարմանալի զուգադիպությամբ»՝ անցած շաբաթվա ընթացքում, իրար հերթ չտալով, պատերազմի վերսկսման վտանգը չեն բացառում նաեւ Հայաստանի իշխանական դաշտի զանազան խոսնակներն ու մերձիշխանական-դաշնակցական գործիչները, մամուլում տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ զինվորական ղեկավարությունը արդեն մշակում է հայկական զորքերը ազատագրված տարածքներից հետ քաշելու քարտեզն ու ժամանակացույցը: Այսինքն` Արեւմուտքը իշխանություններին է վախեցնում պատերազմի վերսկսման վտանգով, իշխանությունները` հասարակությանը: Իսկ հաշվարկը, ամենայն հավանականությամբ, այն է, որ հասարակությունը ազատագրված տարածքների հանձնումը կգերադասի պատերազմի վերսկսման հնարավորությունից` այդպիսով չընդդիմանալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր փաստաթղթի ստորագրմանը: Սա, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են սիրում ասել, կոչվում է՝ «հասարակություններին նախապատրաստելու գործընթաց»: