Ռեստորանում

05/02/2010

Մեր տեղեկություններով` երեկ Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող «Վան» ռեստորանային համալիրում Ոստիկանության ողջ գեներալիտետը` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ, նշել է ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Գեւորգ Մհերյանի մահվան 1 տարին։ Հիշեցնենք, որ 1 տարի առաջ այդ օրը իր շքամուտքում վերելակից դուրս գալու պահին գնդակահարվեց Գեւորգ Մհերյանը։ Սպանությունից հետո մեկ տարվա ընթացքում Ոստիկանության մի քանի բարձրաստիճան սպաներ լրագրողների հարցերին պատասխանում էին, թե Մհերյանի սպանության բացահայտումը իրենց պատվի հարցն է։ Ի դեպ, նախկինում մահափորձեր են կատարվել նաեւ ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արմեն Երիցյանի, ՀՀ Ոստիկանության Պահպանության միավորման վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զախարյանի նկատմամբ, որոնց բացահայտումը Ոստիկանությունը նույնպես համարում էր պատվի հարց։