ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն երեքշաբթի հայտարարություն էին տարածել, որում նշված էր, որ ՀՀ իշխանություններն անհապաղ պետք է իրականացնեն 2008թ. մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները: Համազեկուցողները նաեւ Հայաստանի խորհրդարանին ուղարկելու են մի նամակ` խնդրելով մինչեւ 2010թ. մարտի 17-ին Փարիզում կայանալիք հանձնաժողովի նիստը ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին ներկայացնել իրականացվելիք բարեփոխումների հստակ ժամանակացույց: «Այս քննարկումների հիման վրա մենք գարնանը կայցելենք Երեւան` նշված բարեփոխումների իրականացման համար հստակ ճանապարհային քարտեզ հաստատելու համար»,- նշել են համազեկուցողները:
Ինչպես հայտնի է, անցած տարեվերջին ԱԺ որոշմամբ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի առաջարկած բարեփոխումների իրականացման մշտադիտարկումը` մոնիտորինգը, վերապահվել է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որի նախագահն է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: Երեկ փորձեցինք պարոն Հարությունյանից ճշտել` արդյո՞ք «բարեփոխումների հստակ ժամանակացույցի» պահանջը չի նշանակում՝ ճնշում ՀՀ իշխանությունների վրա: «Կոնկրետ արդյունքներ են ուզում, այսինքն՝ ոչ թե խոսքեր, այլ արդյունքներ: Խոսքերով շատ հեռու չես կարող գնալ: Եվ դրանով է պայմանավորված, որ մարտի 17-ին մեզանից արդեն կոնկրետ կատարված աշխատանք են ուզում»,- պատասխանեց Դ.Հարությունյանը:
«Ա1+»-ի այն հարցին, թե ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները հապաղում իրականացնել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները, որ համազեկուցողներն էլ դրանց կատարման ժամանակացույց են պահանջում, պարոն Հարությունյանն այսպես պատասխանեց. «Այնպես չէ, որ այստեղ սպասում են, թե երբ պետք է դրսից պահանջեն: Մենք ունեցել ենք աշխատանքային խմբի մի քանի հանդիպումներ: Առաջին նիստը տեղի է ունեցել հունվարի
11-ին: Երեկ մինչեւ Մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարությունը մենք արդեն քննարկեցինք, թե ինչ հարցեր ենք ուղղում կառավարությանը, որովհետեւ ինստիտուցիոնալ առումով կատարման ֆունկցիաները գործադիրի վրա են, սակայն քաղաքական առումով ԱԺ-ն եւս չի կարող մնալ անմասն այդ գործընթացներից: Մոտ 30 հարց ուղղել ենք կառավարությանը, ակտիվ աշխատելու ենք, ժամանակացույցը կազմվելու է, շոշափելի արդյունքների մասին պետք է խոսք գնա: Աշխատանքը գնում է, եւ շատ բնական է, որ նման հարցադրում է արել մոնիտորինգի հանձնաժողովը: Կարծում եմ, ավելի շատ իրենց հետաքրքրում է, թե ինչպես ենք մենք իրականացնելու մեր մշտադիտարկումը: Ավելի շատ նրանց ուշադրության ներքո է լինելու, թե ինչքանով պետության մոնիտորինգի ներքին մեխանիզմները կարող են արդյունավետորեն փոխարինել արտաքին մոնիտորինգը»,- ավելացրեց նա:
Պատգամավորի խոսքերով, իր ղեկավարած հանձնաժողովն այդ մշտադիտարկումը կարող է իրականացնել մինչեւ ԱԺ այս գումարման վերջին օրը: Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 21-ին հրապարակվեց Ջ.Պրեսկոտի եւ Ժ.Կոլումբիեի զեկույցը մարտի 1-
2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մասին: Դա հունվարի 26-ին ներկայացվել է նաեւ ԵԽ ԽՎ-ում: Համազեկուցողները միակողմանի էին որակել զեկույցի այն տեսակետը, թե բեւեռացված քաղաքական մթնոլորտի համար մեղավոր է բացառապես ընդդիմությունը: Նրանք նաեւ «ապշեցնող» էին համարել իշխանությունների նկատմամբ քննադատության բացակայությունը: «Դա խարխլում է հանձնաժողովի զեկույցի արժանահավատությունը»,- եզրակացրել էին համազեկուցողները: Եվ այս անգամ Ջ.Պրեսկոտն ու Ժ.Կոլումբիեն հայտարարել են, թե «ժամանակավոր հանձնաժողովի եւ ԵԽ ԽՎ բանաձեւերի առաջարկած բարեփոխումները բարեխղճորեն իրականացվելու դեպքում թույլ կտան համակողմանիորեն դիտարկել այն հանգամանքները, որոնք հանգեցրին մարտի 1-2-ի դեպքերին»: Դ.Հարությունյանը համաձայնեց այս դիտարկման հետ եւ առաջարկված բարեփոխումներն էլ համարեց «լուրջ»: «Արդարադատության համակարգի, ոստիկանության արմատական ռեֆորմ, մամուլ, խոսքի ազատություն, էլեկտրոնային մեդիա, եթե այս ոլորտներում կարողանանք իրականացնել այն բարեփոխումները, որ մեզանից ակնկալվում է, կարծում եմ, մարտի 1-2-ի իրադարձությունները ծնող հիմքերը կվերացնենք: Բայց դա չի նշանակում, որ մենք երաշխավորված կլինենք ամեն ինչում: Ի վերջո, նմանատիպ իրադարձություններ տեղի են ունենում նաեւ այնպիսի երկրներում, որտեղ ժողովրդավարությունն ունի երկար տարիների ավանդույթ»,- ասաց Դ.Հարությունյանը:
Հիշեցնենք, որ վերջին` 2009թ. հունիսին հրապարակած 1677 բանաձեւում ԵԽ ԽՎ-ն հորդորել էր համաներում կիրառել մարտի 1-2-ի գործով մեղադրվող այն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, բայց հետագայում կներկայանան իրավապահ մարմիններին: Բացի այդ, նրանք հույս էին հայտնել, որ այդ անձինք դատավարության ընթացքում կմնան ազատության մեջ: Ինչպես հայտնի է, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է այդ հոդվածով եւ ինքնակամ ներկայացել էր իրավապահներին: Բայց իշխանությունները նրան ոչ միայն ազատ չարձակեցին, այլ մեղադրող կողմի պահանջած 6 տարվա փոխարեն սահմանեցին 7 տարվա ազատազրկում: Բացի այդ, մինչեւ հիմա ազատազրկման մեջ են եւս 15 գործիչներ: Փաստորեն, այս պահանջն էլ կատարված չէ: Եվ համազեկուցողներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ Ն.Փաշինյանին ազատազրկման դատապարտելու եւ մարտի 1-2-ի իրադարձություններից հետո առաջացած մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ են ակնկալում ՀՀ իշխանություններից: Դ.Հարությունյանն այս պահանջը համարում է քաղաքական: «Երբեմն իրավական պահանջն ու քաղաքական պահանջը դուք շփոթում եք: Դա քաղաքական պահանջ է: Իրավական մասը, այնուամենայնիվ, այլ է: Որոշումը կայացնում է դատարանը: Եվ այստեղ համաձայն լինելու եւ չլինելու քաղաքական խնդիր չկա: Դա եղել է քաղաքական գնահատական, կամ քաղաքական հարցադրում»,- ասում է Դ. Հարությունյանը:
Մարտի 1-ի հանձնաժողովի դաշնակցական անդամ Արծվիկ Մինասյանն էլ կարծում է, որ համազեկուցողների այս հայտարարությունը ճնշում է ՀՀ իշխանությունների նկատմամբ: Նրա խոսքերով, այս դեպքում նույնպես իշխանությունները սպասում են այնքան ժամանակ, մինչեւ դրսից ճնշում գործադրվի: «Խնդիրն այն է, թե մեր իշխանությունները որքանով են պատրաստ իրականացնել բարեփոխումները: Իմ խորին համոզմամբ, ԱԺ մեծամասնությունը եւ իշխանությունն այս պահին պատրաստ չեն, որովհետեւ այդ բարեփոխումներն իրականացնելը նշանակում է՝ ավելի ժողովրդավար լինել, ավելի սոցիալական պետության կոնցեպտը դնել, քաղաքացիների սոցիալական պաշտպանության մակարդակը բարձրացնել»,- ասաց Ա.Մինասյանը:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին ՀՅԴ-ն մշտադիտարկում իրականացնելու համար նոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ էր ներկայացրել, բայց ԱԺ-ն դա մերժեց եւ այդ գործառույթը տրվեց Դ.Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովին: Իսկ ժամանակավոր հանձնաժողովը առաջարկել էր իրականացնել երկու` իրավական եւ սոցիալ-տնտեսական բնույթի բարեփոխումներ: Ա.Մինասյանը գտնում է, որ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը չունի այդ հարցերով համակողմանի մշտադիտարկում իրականացնելու հնարավորություն: Այդ նույն հանձնաժողովում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ ավելացնում է, որ ԱԺ-ն ու այդ հանձնաժողովը լծակներ չունեն, որ նախկին ու ներկա պաշտոնյաներին հրավիրեն հարցաքննության: «Ես, օրինակ, հարցեր կտայի նախագահի աթոռը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին»,- ավելացրեց պատգամավորը: