Դժգոհել են` ձեռքը համբուրելով

05/02/2010

«Մեր ունեցած տեղեկություններով, խորհրդարանի ղեկավարը դեռեւս նախորդ տարի հունվարին նախագահականից ստացել է հանձնարարական «Ժառանգությանը» միջազգային կառույցներից դուրս մղելու համար»,- երեկվա ասուլիսում նման սենսացիոն հայտարարություն արեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նա պատմեց, որ ԱԺ-ում աշխատանքային խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը ներկայացրել է, որ այսուհետ ոչ թե խորհրդարանի ղեկավարները պետք է որոշեն` ովքեր են լինելու միջազգային կառույցներում ներկայացված պատվիրակությունների անդամները, այլ հանձնաժողովների նախագահները: Հետեւաբար, ըստ Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի` ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մշտական անդամի կարգավիճակից զրկվելը, Դավիթ Հարությունյանի որոշումն է: «Ես սա կանվանեի «իրար գլխի սարքելու օպերացիա», որովհետեւ, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, դեռեւս անցած տարի խորհրդարանի ղեկավարությունը ստացել է «Ժառանգությանը» միջխորհրդարանական հանձնաժողովներից դուրս բերելու հանձնարարական: Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն ինքը չցանկացավ անձամբ դառնալ «Ժառանգության» ընտրազանգվածի թիրախը եւ մեղքը գցեց Դավիթ Հարությունյանի վրա, քանի որ որոշվել էր, որ պատվիրակությունների ղեկավարները պետք է ընտրեն պատվիրակության կազմը: Դ. Հարությունյանն էլ այդ նիստի ընթացքում չառարկեց եւ, այսպես ասած, չգրված կարգ ընդունվեց, որ պարոն Աբրահամյանին կից ստեղծվում է պատվիրակությունների ղեկավարների խորհուրդ, որոնք այսուհետ կներկայացնեն, թե ովքեր են մեկնելու Միջխորհրդարանական վեհաժողով, եւ ովքեր` ոչ»,- ասաց Ս. Սաֆարյանը` ավելացնելով, որ նույն պատմությունը կրկնվում է նաեւ խմբակցության մյուս անդամ Լարիսա Ալավերդյանի հետ, քանի որ նրան էլ է ասվել, որ ինքը չի մասնակցելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: «Այսինքն, իշխանությունները հետեւողականորեն ուղղակի շարունակում են «Ժառանգության» գործունեության խոչընդոտումները: Սա, հիշեցնում եմ` արդեն թվով 5-րդ թե 6-րդ դեպքն է, անցած երեւի 7-8 ամիսների ընթացքում»,- նշեց Ս. Սաֆարյանը` նկատելով, թե իշխանությունը հետեւողականորեն գործում է «Ժառանգությանը» մեկուսացնելու ուղղությամբ: Հարցին, թե` ԵԽ ԽՎ-ում տեղի ունեցած զարգացումներից հետո ինչպե՞ս են պատկերացնում իրենց հետագա համագործակցությունը ՀՅԴ-ի հետ, երբ «Ժառանգության» փոխարեն որպես ընդդիմություն՝ ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց ՀՅԴ ներկայացուցիչը, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Մենք չենք մեղադրում Դաշնակցությանը` իշխանությունների գործարքին մասնակցելու համար: Կան խնդիրներ, որոնց շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել: Կան հարցեր, որ Դաշնակցության հետ մեր դիրքորոշումները բացառապես չեն համընկնում: Մենք, ի տարբերություն իրենց, չենք պատրաստվում հորդորել ՀՀԿ-ին` չստորագրել հայ-թուրքական արձանագրությունները: Մենք պայքարելու ենք ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած հակասահմանադրական որոշման դեմ, որոշում, որն օգտագործվում է լեգիտիմացնելու այդ արձանագրությունները»: Իսկ Զարուհի Փոստանջյանը անդրադարձավ ՀՅԴ-ականների կողմից իրեն ուղղված մեղադրանքներին, թե ԵԽ ԽՎ-ում ինքը «կատարում է ՀԱԿ-ի հանձնարարությունը», եւ հակադարձեց. «Ռուսերեն մի լավ արտահայտություն կա` «ԽՈՋՊօռ ՊցՎՈպՑ տՏ ՎպՐպ րՉՏպռ ՌրտՏՐփպվվՏրՑՌ», այ այս արտահայտությունն իրենց է վերաբերում, որ կարող են պատվեր կատարել: Ես այսօր գտնվում եմ հանրային ծառայության մեջ. բոլորի աչքերի առջեւ ես այսօր կատարել եմ այն պահանջը, որը բարձրացվել է մեր ժողովրդի կողմից»: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության «ընդդիմության» ՀՅԴ-ական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե «տիկին Փոստանջյանի մեղադրանքների բովանդակությունն ու բառապաշարը ցույց են տալիս, որ նա տվյալ դեպքում կատարում է ՀԱԿ-ի հանձնարարությունը, այլ ոչ թե «Ժառանգություն» կուսակցության»:

Իսկ այն, որ ԵԽ ԽՎ Բյուրոյի նիստում ինքը չի ընտրվել ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, Փոստանջյանն անարդար է համարում: «Ինձ հարցրեցին` ինչո՞ւ պետք է մոնիտորինգի անդամ չլինի Ռուստամյանի ներկայացրած կուսակցությունը, ես էլ ներկայացրել եմ հիմնավորումներ: Իմ հիմնավորումները հետեւյալն էին, որ պարոն Ռուստամյանը ներկայացնում է այն կուսակցությունը, որ նախորդ տարի մարտի 1-ից առաջ ու հետո եղել է իշխանության մեջ եւ անկողմնակալ կարծիք չի կարող հայտնել այդ հարցի վերաբերյալ: Ավելին` ներկայացնել զոհերի ու բանտախցում գտնվող անձանց իրավունքները: Ես ասացի իմ կարծիքը, որ կատարվածի մեջ ՀՅԴ-ն իր մեղքի բաժինն ունի: Ես ասել եմ, որ Մարտի 1-ին Ա.Ռուստամյանը եղել է իշխանություն եւ իր բաժին պատասխանատվությունն է կրում մարտի 1-ի հանցագործությունների համար: Մարտի 1-ին Կառավարությունում շտաբ է գործել, որին մասնակից են եղել նաեւ ՀՅԴ նախարարները: Եթե վեճ է լինում, վեճի կողմ հանդիսացող անձը չի կարող ներկայացնել այլ անձի շահերը: Այդ իսկ պատճառով Ա. Ռուստամյանը չի կարող անկողմնակալ լինել»,- պատմեց Զ. Փոստանջյանը` հավելելով, որ ԵԽ ԽՎ-ում ինքը եւ իր ներկայացրած Եվրոպական ժողովրդավարների կուսակցությունը պատրաստվում են վիճարկել Բյուրոյի որոշումը: Ի դեպ, ըստ Զ. Փոստանջյանի` իր ակտիվ պահվածքից համազեկուցողները դժգոհ են եղել: «Կոլումբիեն ոչինչ չէր խոսում, որովհետեւ ֆրանսախոս է, իսկ Պրեսկոտը շատ դժգոհեց եւ ասում էր` ինչո՞ւ եք դուք դեկտեմբերի 17-ին կայացած մոնիտորինգի նիստում իմ չմասնակցելու վերաբերյալ բողոքներ ներկայացրել: Իսկ պարոն Կոլումբիեն, որ չէր կարողանում խոսել, ձեռքս էր համբուրում, ասում էր, որ պետք չէ իրենց դեմ բողոքներ ներկայացնել»,- պատմեց Զ. Փոստանջյանը: Հարցին, թե` ինքն արդյոք նկատե՞լ է համագործակցություն ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի եւ համազեկուցողների միջեւ, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Պրեսկոտի եւ Կոլումբիեի համագործակցությունը` անմիջապես Դավիթ Հարությունյանի հետ, նկատելի էր, սակայն այդ համագործակցության ժամանակ թե ինչ են իրենք որոշել եւ ինչ պայմանավորվածություններ են եղել, դա հայտնի չէ»: