Պետության կարիքների համար իրացման գոտու բնակիչներն այսօր ՀՀ Կառավարության շենքի դիմաց կրկին ակցիա կկազմակերպեն: Բանն այն է, որ ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանի, մասնավորապես Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի գրասենյակի (ԾԻԳ) ներկայացուցիչները թեեւ իրացման գոտու բնակիչներին մինչ այսօր հորդորում էին չդիմել դատարաններ` խոստանալով վերանայել գործընթացն, այնուամենայնիվ, այդ կերպ ժամանակ են շահում: Տվյալ դեպքում ժամանակն աշխատում է վերոնշյալ պետական կառույցների օգտին, քանի որ իրացման գոտու բնակիչների դատարան ներկայացրած հայցերը մերժվում են դատավորների կիրառած հայցային վաղեմության պատճառաբանությամբ: Չնայած դրան, Եվրոպական դատարանում ներկայումս իրացման գոտու բնակիչների 15 դիմում կա, իսկ 6 հոգի էլ վճիռը բողոքարկել է ՀՀ Վճռաբեկ դատարան: «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության (հ/կ) նախագահ Վաչագան Հակոբյանի հավաստմամբ` իրացման գոտու բնակիչները մի քանի հանդիպումներ են ունեցել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ: Վերջինս ԾԻԳ-ի պետ Լեւոն Հակոբյանին եւ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է հավաքագրել բնակիչների փաստաթղթերը եւ ուսումնասիրել: «Նա խոստացել էր վերանայել այդ ամբողջ գործընթացը եւ փոխհատուցել այն բնակիչներին, որոնց նկատմամբ անարդար մոտեցում է ցուցաբերվել: Բայց հանդիպման ժամանակ պահանջեց, որ «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ-ի ղեկավարին, այսինքն` ինձ, փոխեն, որովհետեւ ինչ-որ սադրանքներ են տարածվել, թե իբր ինձ քաղաքապետարանը դրամական օգնությամբ փոխհատուցել է»,- ասում է Վ. Հակոբյանը` հավելելով, որ կազմակերպության որոշ անդամների անդամությունն ինքը սառեցրել է` Գ. Բեգլարյանի հետ ներքին, այլ կերպ ասած` առանց իր գիտության, համագործակցություն ծավալելու համար: Վ. Հակոբյանն ասում է, որ քաղաքապետն ու ԾԻԳ-ը իրենց հարցը վերանայելու պատասխանատվությունից խուսափելու նպատակով կազմակերպության «քայքայման» գործընթաց են նախաձեռնել: Խոսակցություններ են տարածվել այն մասին, որ իրացման գոտու ակտիվիստները, այսինքն` ղեկավար կազմը քաղաքապետարանի կողմից փոխհատուցվել է, սակայն շարունակում է պայքարել «մի բան պոկելու» համար, ինչի արդյունքում տուժում են կազմակերպության այն անդամները, որոնց իրավունքները ոտնահարվել են, եւ որոնք արդարացիորեն կարող են փոխհատուցում պահանջել: Ինչեւէ, Վ. Հակոբյանն, այնուամենայնիվ, հայտարարում է, որ Գ. Բեգլարյանի իրացման գոտու բնակիչների հարցերը վերանայելու խոստումները զուտ ժամանակ ձգձգելու միտում ունեին, քանի որ փաստաթղթերի ուսումնասիրման գործընթացը վաղուց ավարտվել է, բայց սայլը տեղից չի շարժվել: Ի դեպ, քաղաքապետարանը իրացման գոտու բնակիչներին փոխհատուցելու մեխանիզմների մասին տեղեկություն չի տրամադրում, եւ անհասկանալի է, թե ի՞նչ խողովակներով են այդ գումարները փոխանցվելու: Փոխարենը պառակտվել է այս հ/կ-ի ինչպես կազմն, այնպես էլ` գործունեությունը: