Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է գազի սակագնի հնարավոր բարձրացման հետեւանքներին: Ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե գնագոյացման հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, գնաճի զսպման ուղղությամբ աշխատանքներ են ծրագրվում, եւ այսօր էլ հարցի վերաբերյալ ՀՀ նախագահի մոտ խորհրդակցություն է հրավիրվել: Ըստ նրա` իրենք հետագա հետեւանքների դեմ պայքարելու են չորս ուղղությամբ` ԿԲ լիազորությունների ներքո գտնվող վերահսկողություն, արտաբյուջետային գործոններ, վարչական եւ շուկայական գործոններ: «Այս չորս ուղղություններով պետք է մշակվեն համալիր միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան զսպել գնաճը եւ վերադառնալ ավելի ցածր գնաճային շեմի»,- ասել է Տ. Սարգսյանը: Ա. Մարտիրոսյանի դիտարկմանը, թե տարեսկզբին արդեն գնաճ գրանցվել է, եւ չորրորդ ուղղությամբ աշխատանքների արդյունավետությունը կլինի ոչ օպերատիվ, Տ. Սարգսյանը պատասխանել է, թե գնաճի հիմնական պատճառը դոլարիզացիայի կտրուկ աճն էր, որը կազմեց 70 տոկոս: Ըստ նրա` դրա նվազումը կնպաստի գնաճի նվազմանը, ուստի կառավարությունում պայքարելու են հենց այս երեւույթի դեմ, ակտիվացնելու են Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դերակատարումը, մեծացնելու են դրա լիազորությունները եւ այլ միջոցառումներ: