ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին: Կ. Կարապետյանը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները դինամիկ զարգանում են կրթության, մշակույթի, ռազմաքաղաքական եւ այլ ոլորտներում, սակայն նույնը չի կարելի ասել տնտեսական համագործակցության մասին: Նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով, թեեւ 2009թ. արձանագրվել է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճ` ՀՀ-ից ԱՄՆ արտահանումն աճել է 28%-ով, սակայն առկա ներուժն ավելին է, ուստի անհրաժեշտ է այն առաջիկայում հստակեցնել եւ լիարժեք իրացնել: Տնտեսական համագործակցությունը խթանելու գործում կողմերը կարեւորել են ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը, գործարար նոր մշակույթի ներդրումը: ԱՄՆ դեսպան Մ. Յովանովիչը նշել է, որ վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունները զգալիորեն ամրապնդվում են, եւ դեսպանությունը փորձում է նոր հնարավորությունները օգտագործել համագործակցությունն ընդլայնելու համար: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների շուրջ: