Ոչխարաբուծությունը՝ 10 տարով հետ

05/02/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարում լույս տեսած «Մեղավորը վերավաճառողնե՞րն են» հոդվածի առնչությամբ խմբագրություն էր զանգահարել Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ, եզդիների ազգային պատմագիտության ու աստվածաբանության դոկտոր-պրոֆեսոր, Ազգային կրկնակի հերոս Ազիզ Թամոյանը:

Վերջինիս համար զարմանալին այն է, որ հոդվածում ներկայացված եզդիները անհասկանալիորեն խուսանավել էին ոչխարաբուծությանը սպառնացող վտանգի մասին խոսելուց: «Իմ հաշվարկներով՝ եզդիների մոտ մնացել է ոչխարների մոտ 10%-ը, այսինքն` 90%-ը վաճառվել է»,- նշում է Ազիզ Թամոյանը: Նրա հավաստմամբ՝ անասունների զանգվածային վաճառքը կատարվել է դեռ նախորդ ամռանը: Իսկ գնորդները եղել են Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից ու Սիրիայից, որտեղից էլ գնված անասունները տեղափոխել են նաեւ Թուրքիա: «Մեր ոչխարների լավագույն մայրական կազմը, որը գտնվում էր եզդիների մոտ, արդեն դուրս է եկել: Խնդիրն այն է, որ ոչխարաբուծության զարգացումը բավական երկար գործընթաց է: Նորածին գառը միայն 2 տարեկան դառնալուց հետո կարող է վերարտադրվել, այսինքն` գառ ունենալ: Այն եզդիները, որոնք վաճառել են իրենց ոչխարները, արդեն Հայաստանում չեն: Նրանց մի մասը խաբվել են, որովհետեւ կարծում էին, թե իրենց ոչխարները կվաճառեն, հետո ավելի էժան գառ կառնեն»,- նկատում է Աշխարհի եզդիների միության նախագահը: Նրա դիտարկմամբ՝ անասնագլխաքանակի աստիճանական նվազմանը զուգահեռ՝ գնորդները ավելի բարձր գներ էին առաջարկում: Ա. Թամոյանը վերհիշեց նաեւ վերջերս իր լսած դեպքը: Ըստ նրան հասած լուրերի` Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակիչներն օրեր առաջ փակել էին մայրուղին` պարսիկ գնորդների մուտքն արգելելու համար: «Ոչխարաբուծությունը չարքաշ աշխատանք է: Կառավարությունը պետք է ոչխարաբուծությանը ձեռք չտար: Անասնապահությունը թող զարգանա: Մսավաճառների կազմակերպած ցույցը արդարացի էր: Ինչի՞ են արտասահմանից սառեցրած միս բերում: Մեր թարմ միսը թողած, արտասահմանից պետք է բերեի՞նք: Դա նշանակում է, որ այստեղ առանձին մարդիկ շահեր են հետապնդում»,- ասում է զրուցակիցս` զարմանալով ՀՀ գյուղատնտեսության նախարարի այն հայտարարության վրա, որի համաձայն` Հայաստանից խոշոր եղջերավոր անասուններ չեն արտահանվել, ու իրենք թույլ չեն տալու, որ արտահանվեն: «Բայց արդեն իրանցիները եկել էին, կանգնել տեղերում ու պայմանագրեր էին ուզում կնքել: Եթե դա քաղաքականություն է, ուրեմն` ես համարում եմ դա սխալ քաղաքականություն: Եթե ժողովրդի սոցիալական վիճակի հետ են կապում դա, դարձյալ սխալ է: Հիմա աշխատանք չկա: Մարդիկ ապրում են անասնապահությամբ»,- ասում է Աշխարհի եզդիների միության նախագահը` նկատելով, որ շատերը հաճախ, չգիտես ինչու, իրեն մեղադրում են այս հարցն այլ տեսանկյունից դիտարկելու համար: Ըստ նրա` դա է պատճառը, որ հաճախ տարածում են այնպիսի թյուր տեղեկատվություն, թե իբր Ա. Թամոյանը այս հարցում որեւէ շահույթ չունի, դրա համար ընդդիմանում է: «Անասնապահը պետք է 2 տարի սպասի՝ մինչեւ գառը դառնա շիրշակ, հետո մայր ոչխար: Իսկ այդ 2 տարվա ընթացքում այդ ընտանիքի գոյությունը ո՞նց է պաշտպանվելու: Այսինքն` 2 տարի սոված-ծարավ պետք է սպասի՝ մինչեւ գառը վերարտադրվի՞»,- հարցնում է Ա. Թամոյանը, որը եզդիական համայնքներ կատարած այցերի ժամանակ հանգել է այն եզրակացության, որ արտագնա աշխատանքի մեկնողները այլեւս չեն վերադառնում: «Այն մարդիկ, ովքեր վաճառում են իրենց ոչխարներն ու հեռանում են պետությունից, փրկվում են: Իսկ մյուսները ստիպված մնում են ու զբաղվում անասնապահությամբ: Դժվար է, որովհետեւ ջուրը գնում են, արոտավայրը գնում են, տրանսպորտային ծախսեր են լինում: Այսինքն` տակը օգուտ չի մնում: Պետությունը պետք է ունենա առանձին ֆերմային տնտեսություններ, որոնք պետք է պահի դոտացիաներով: Անասնապահությունը միայն այդ դեպքում կզարգանա: Դա է միակ ելքը»,- առաջարկում է զրուցակիցս, ում կարծիքով, եթե իշխանությունները ցանկություն ունենան, կարող են զարգացնել անասնապահությունը: Հակառակ դեպքում անասնագլխաքանակի վաճառքով անասնապահություն չի կարող զարգանալ: Ավելին` այդ գործարքների արդյունքում, Ա. Թամոյանի հավաստմամբ, մայրական ոչխարները արտահանելուն զուգընթաց` Հայաստանը Վրաստանից է ներկրել ոչխարներ: «Բայց դրանք ոչխարի տեսք չունեն` փոքրիկ, կատվի նման ոչխարներ են, որոնք ոչ լավ կաթ են տալիս, ոչ էլ բուրդ: Իսկ այն, ինչ այսօր կատարվում է, առնվազն 10 տարի է հարկավոր ոչխարաբուծությունը վերականգնելու համար: Ընդհանրապես ոչխարը շուտ է ծերանում: 8 տարեկանում ոչխարն արդեն ատամները թափում է ու սատկում է»,- նշում է Աշխարհի եզդիների միության նախագահը` մեջբերելով հասարակության շրջանում ձեւավորված այն կարծիքը, ըստ որի` ոչխարաբուծության նկատմամբ Կառավարության գործելակերպն ուղղված է փոքրամասնություններին Հայաստանից հեռացնելուն: Ա. Թամոյանի փոխանցմամբ՝ սոցիալական վիճակի պատճառով շատացել են նաեւ անասնագողությունները: «Գողությունները շատ-շատ են, բայց երբ մարդիկ գնում են Ոստիկանությունում այդ մասին հայտնելու, չեն գրանցում: Օրեր առաջ ոստիկանապետը հայտնեց, որ անցած տարվա համեմատ գողությունները շատացել են` հասնելով 57%-ի: Դա ի՞նչ է նշանակում: Եթե չգրանցված գողությունները հաշվեն` կդառնա 100%»,- ասում է Ա. Թամոյանը` կրկին անդրադառնալով ոչխարաբուծությանը սպառնացող վտանգին: «Ցավոք, ոչխարաբուծությունը տեղափոխվել է արաբական երկրներ: Մի քանի տարի հետո իրենք շատ լավ կզարգացնեն այդ ճյուղը: Մինչդեռ տարիներ առաջ իրենց ոչխարները, ի տարբերություն մեր ոչխարների, անհամ միս ունեին, քիչ բրդատու էին ու կաթնատու: Իսկ մեր ոչխարներն ունեն համային բարձր հատկություններ»,- եզրափակում է Ազիզ Թամոյանը: