Երեխաները սովամահ են լինում

05/02/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի տանող ոլորապտույտ ճանապարհը կարծես ոչ սկիզբ ունի, ոչ` վերջ: Իրար խաչված փողոցների գլխապտույտ դասավորություն, փոքրիկ արահետներ, բազմաթիվ փակուղիներ, որոնց հանդիպելիս շվարում-կանգնում ես: Ասում են` այստեղ` 3-րդ փողոցում հրդեհ է եղել, մանկահասակ երեխաների կյանքը հազիվ են կարողացել փրկել: Հիմա հրդեհից փրկված այդ երեխաները ոչ շոր ունեն, ոչ կոշիկ: Հրդեհը բարեբախտաբար կանխվել է, հակառակ դեպքում իրար կպած խրճիթների տանիքներից կրակը տարածվելու էր, ու ողջ թաղամասի տները մոխիր էին դառնալու: Գրիգորի ու Քրիստինեի տունը գտնելու համար պետք էր ամբողջ այդ թաղամասը «ոտքի տակ տալ», բայց, բարեբախտաբար, հարեւանուհին եկավ մեզ ընդառաջ: Այս թաղամասում բոլոր տները քարուքանդ են: Բնակիչները գլաքարերն իրար վրա դարսել, տուն են սարքել: Աչքիս առաջ «Կտոր մը երկինք» ֆիլմի Թորիկենց տունն է գալիս. ժամանակը կարծես կանգ է առել: Այս թաղամասում մարդիկ էլ մի քիչ ուրիշ են, արժեքներն էլ` զարմանալի: Ասում են` էս թաղամասին «բոշի մայլա» են ասում, բայց բոշա «ազգությունն» առանձնահատուկ տարբերանշան չունի, դրա համար էլ դժվար է տարբերել՝ հանդիպածդ մարդը բոշա՞ է, թե՞ փաշա…

Այս բակում մի քանի ընտանիքներ են ապրում, այստեղ է նաեւ Քրիստինեենց տունը: Իրար վրա անփույթ շարված խրճիթներն ու մարդիկ ճակատագրով նույնն են: Այս տարածքում «դրսից» եկած մարդու զգայարանները սկսում են շատ սուր աշխատել: Նրանց տուն տանող նրբանցքի խավարից ցերեկային արեւը մթագնել է: Ընդառաջ եկող երեխաների չարաճճի ձայները մթության մեջ կորչում են, որովհետեւ տեսադաշտն անտեսանելի է: Քրիստինեենց տուն բարձրացող ծուռտիկ, կիսատ-պռատ ու թեք աստիճանների վրա մի հարյուր անգամ երեխաները գլորվել-արյունլվա են եղել: Աստիճաններով բարձրանալիս` մարդը կորցնում է հավասարակշռությունն ու գլխապտույտից ետ-ետ է գնում: 4-ամյա Արսենն աննկարագրելի ագրեսիվ է: Ասում է` «Գնա՛ մեր տնից»: «Ինչո՞ւ»,- հարցնում եմ: Պատասխանում է` «Գնա, թե չէ` քեզ էլ պաժառ կտամ»: Հետո նյարդային վազում է տան երկայնքով մեկ ու փորձում է բառեր գտնել ինձ դուրս հրավիրելու համար: Ասում է` «Քեզ միլիցիա կտամ, գնա՛: Նայի՛, հա, ես պաժառ տալու ձեւը գիտեմ: Մամայիս հարցրա, մեր տունը պաժառ եմ տվել»: Հարցնում եմ` «Ո՞նց»: Ինքնաբավ հայացքով պատասխանում է` «Լուցկին վառում եմ, դնում եմ շորերի տակ, ու վառվում-վառվում ա, դառնում ա պաժառ»: Հետո Արսենից հարցնում եմ ընկերության, եղբայրության ու իրեն հետաքրքրող մի քանի բաների` մանկության մասին, որից հետո ինձ` իրենց տնից չվռնդելու հաշտության եզրեր ենք գտնում: Մեկ շաբաթ առաջ Արսենը որոշել էր տունը, ինչպես ինքն է ասում`«պաժառ» տալ, ու որոշումն ավարտել էր հաջողությամբ: Քրիստինեն ասում է` «Ես դրսում լվացք էի անում, քանի որ ջուրը հայաթում ա, մեկ էլ տեսնեմ` վառվածի հոտ ա գալիս: Դու մի ասա, էն վերջին սենյակում լուցկին վառել ա, ու կրակը շորերին, փետին ա կպել: Մի էնպիսի կրակ բացվեց, որ ամբողջ թաղամասով իրարանցում սկսվեց: Սկզբում գլխի չէինք ընկել, թե ինչ ա եղել, հետո իմացանք: Մինչեւ հարեւաններով զանգեցինք պաժառնի, ամեն մեկս մի բան առած, ընկած՝ կրակն էինք հանգցնում, մեկ էլ տեսնեմ՝ Արսենս չկա»: Հրդեհը բացած Արսենը, պարզվել է, ներսում է: Թաղամասի տղամարդիկ մեծ դժվարությամբ ներխուժել են սենյակ ու խեղդամահ լինող երեխային մի կերպ փրկել են: Առանց այդ էլ թշվառության մեջ ապրող Քրիստինեենց ունեցվածքը մոխիր է դարձել, նույնիսկ` երեխաների հագուստն ու անկողինը: Հարեւաններն իրենց երեխաների հնամաշ հագուստից են տվել երեխաներին, որ չցրտահարվեն: Արսենը զարմանալի հակումներ ունի, որովհետեւ բոլորին սպառնում է «պաժառ» տալ ու լուցկի տեսնելիս` աչքերը փայլում են: Քրիստինեին հարցնում եմ` «Հո սերիալներ չի՞ նայում»: «Արդեն չի նայում, որովհետեւ տելեվիզորն էլ ա պաժառ ընկել»: Մանկապարտեզ չի գնում, բայց, այնուամենայնիվ, ընկերներ ունի, որոնց մանրակրկիտ բացատրում է «պաժառ» տալու իր մշակած ծրագիրը: Ասում եմ` «Բայց լավ տղա ես երեւում, ինչի՞ ես էդքան չար»: Պատասխանում է` «Հա՞ որ… չէ, չար եմ, սաղին պաժառ եմ տալու»: Իմ ու Արսենի երկխոսությունն ընդհատվում է 2 տարեկան Գագիկի ճիչերից: Քաղցած է` ամբողջ ձայնով լացում է: Հարեւանուհին Քրիստինեին խորհուրդ է տալիս կերակրել երեխային, բայց մայրն ամոթից գլուխը կախում է: Դատարկ պահարաններից երեխայի լացն ընդհատելու հարմար բան չի գտնում: Քրիստինեն չարությամբ նայում է պարբերաբար նկատողություն անող հարեւանուհուն` հասկացնելու համար, որ կերակրելու տարբերակ չունի. «Հա դե կարող ա՞ կա ու չեմ տալիս»: Բոլորս լռում ենք, ու խղճի խայթն է մեր փոխարեն սենյակում շրջում: Գագիկի անխնա լացը բոլորիս բերանները կապում է: Ծանր լռություն է տիրում:

Քրիստինեն 15 տարեկանում ամուսնացել է Գրիգորի հետ ու չի էլ պատկերացրել, թե ամուսնական կյանքը կերտելու ճանապարհին ինչպիսի դժվարությունների միջով է անցնելու: Ասում է` «Ես սիրել եմ, մենք շատ սիրահարված ենք եղել, դրա համար էլ ամուսնացել եմ ու չեմ փոշմանել: Մերոնք Գառնիում են ապրում, իրանք դեմ էին իմ ամուսնությանը, որովհետեւ Գրիգորը մենակ տղա էր, տունն ու տեղն էլ տեսնում եք էլի»: Քրիստինեի ծնողները նեղ օրերին օգնության ձեռք մեկնելու հետ մեկտեղ՝ հիշեցնում են այդ ամուսնության հետ կապված իրենց դիրքորոշումն ու աղջկա ընտրությունը: Ասում են` «Մեզ չլսեցիր` դե հիմա ապրի»: Ապրում են 13.000 դրամ ընտանեկան նպաստով, որով վճարում են գազի, էլեկտրաէներգիայի վարձավճարները, իսկ երեխաները սովից իրենց «պատռում են»: 2 երեխաների հայր 23-ամյա Գրիգորը շինարարության մեջ բանվորություն էր անում, բայց ձմռանն աշխատանքը կանգնեց` Գրիգորն էլ գործազուրկ դարձավ: Քրիստինեն խնդրում է ամուսնու համար աշխատանք գտնել, ասում է` «Համբալություն էլ կանի, մենակ թե երեխեքի հացը հասցնի»: Գրիգորի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա դեռ 2 տարեկան է եղել: Հայրն ու մայրն առանձին ընտանիքներ են կազմել, եւ առաջին ամուսնությունից ծնված երեխաների ճակատագիրը նրանց համար մի տեսակ երկրորդական պլան է մղվել: Ամուր ընտանիք ունենալու հոգեբանական այդ բարդույթն ունեցող Գրիգորը շտապել է ամուսնանալ եւ իր ընտանիքում գտնել այն երազանքները, որոնք բաժանության պատճառով սովորաբար կորցնում են իրարից հեռացած ծնողների երեխաները: Լավ հայր ու ամուսին լինելու հեռանկարը չէր ձախողվի, եթե Հայաստանում ընտանիքի հայրը` տղամարդը, կարողանար սեփական քրտինքով ընտանիք պահել: Փոքրիկ Արսենը տեւական ժամանակ մանկապարտեզ չի հաճախում` Գրիգորի աշխատանքը կորցնելուց հետո գումար չլինելու պատճառով: «Առավոտից իրիկուն շինարարության վրա աշխատում էր ու հասցնում էր օրվա սնունդը, մի քիչ երեխեքի հագուստ ու նույնիսկ Արսենին մանկապարտեզ էինք տալիս, բայց հիմա… Ուր գնում ա` շինարարությունը կանգնած ա, ինքը շատ աշխատող ա»,- ասում է Քրիստինեն` երեխաների հորն ատամներով պաշտպանելով: Այժմ երեխաները գոյատեւում են Քրիստինեի ծնողների եւ նրանց հարեւանների բարեհոգության շնորհիվ: Հունվարի 23-ին Քրիստինեենց տանը բռնկված հրդեհի հետեւանքով այս տան անդամներն անգամ կորցրել են իրենց հնամաշ հագուստը: «Հեռուստացույցն էլ ապառիկով էինք վերցրել, պաժառ ընկավ, թե ի՞նչ պիտի անենք` չգիտեմ: Պոլի խալին, ծածկոցները, շորերը լրիվ վառվեց: Մոխիրի մեջ կորել էինք: Բախտներս բերեց, որ գոնե գազը չբռնկվեց, անմիջապես անջատեցինք: Երեխեքս սթրեսի մեջ էին, շատ վախեցան»,- ասում է նա: Օրեր առաջ ամուսինները դիմել են Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան` խնդրելով ձեռք մեկնել: Թաղապետարանից տեղեկանք են պահանջել, որը հանձնելուց հետո դեռեւս հուսադրող պատասխան չեն ստացել նրանք:

5-ամյա Արսենն, ով ի տարբերություն եղբոր` ոտքի վրա ամուր կանգնելու ունակություն ունի` լույսը բացվելուն պես փախչում է տանից: Հարեւանների տանն ավելի ապահով է իրեն զգում, որովհետեւ կերակրում են իրեն: Երեխաների հայրը` Գրիգորն, ընդհանրապես չի խոսում, խնդրում է չնկարել, ամաչում է: Գնում է տանից…

Քրիստինեենց տանից դեպի մայրուղի տանող ճանապարհն աննկատ անցնում է: Ետդարձն ավելի հեշտ է, որովհետեւ Արսենի ու Գագիկի սովից չարացած հայացքների ֆոնին հեշտ ու դյուրամարս է անհաղթահարելի թվացող ամեն մի երեւույթ: Ամենադժվարն այդ հայացքների թողած ազդեցությունից ազատվելն է: