«Պետք է մաշեցնել իշխանությունների ռեսուրսները»

07/09/2005 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

– ՀԺԿ-ն քաղխորհրդի իր վերջին նիստում ՏԻՄ ընտրություններին
մասնակցելու վերաբերյալ որոշում է կայացրել, այդ թվում` Կենտրոն
համայնքում թաղապետի թեկնածու են առաջադրելու Ռուզան Խաչատրյանին:
«Հանրապետությունը» որեւէ որոշում կայացրե՞լ է ՏԻՄ ընտրությունների
վերաբերյալ:

– Մեր քաղաքական խորհուրդը որեւէ որոշում չի կայացրել: Մենք առաջնորդվելու
ենք կոնկրետ իրավիճակներով: Եթե մեր համակիրներից կամ անդամներից որեւէ
մեկը որոշի առաջադրվել այս կամ այն համայնքում, բնականաբար,
կուսակցությունը քաղաքական աջակցություն կցուցաբերի: Տեղական
ընտրություններում մենք առաջնային ենք համարում ոչ թե ՏԻՄ-երի
ձեւավորումը, այլ այն համարում ենք դեմոկրատական հեղափոխության մեր ծրագրի
բաղկացուցիչ մասը: Եթե հնարավոր լինի տեղական ընտրությունների միջոցով
հասարակությանն ակտիվացնել, մաշեցնել իշխանության ռեսուրսները, նպաստել,
որպեսզի տեղի ունենա հասարակության կոնսոլիդացիա, ապա, բնականաբար, մենք
այդ առիթը կօգտագործենք: Այսինքն` մեզ համար ՏԻՄ ընտրությունները եւ մեր
ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը դրան զուտ սպասարկելու է
դեմոկրատական հեղափոխության մեր ծրագրի իրականացմանը: Ինչ վերաբերում է
ՀԺԿ դիրքորոշմանը, ապա, կարծում եմ, նրանք էլ նույն մղումներով
առաջնորդվելով են որոշել մասնակցել, եւ դա ողջունելի է: Եթե ՀԺԿ-ն
թեկնածուներ ունենա, ինչպես օրինակ, Կենտրոն համայնքում Ռ. Խաչատրյանի
պարագայում է, բնականաբար, «Հանրապետություն» կուսակցությունն իր
սկզբունքային դիրքորոշումներից ելնելով այդ թեկնածուներին կպաշտպանի:

– Խոսում եք իշխանության ռեսուրսները մաշեցնելուց, իսկ դուք ունե՞ք
ռեսուրսներ, քանի որ ընդդիմությանը, թերեւս, ավելի մեծ գումարներ են
անհրաժեշտ` հակազդելու համար իշխանությանը:

– Մեր ամենամեծ ռեսուրսը հասարակությունն է: Փողեր բաժանելու կամ փողերն
առաջնային համարելու մասին մտածում են այն ուժերը, ովքեր այսօր
իշխանության մեջ են ու չունեն հասարակական ռեսուրս եւ բացառապես հույսը
դնում են ադմինիստրատիվ եւ ֆինանսական ռեսուրսների վրա: Խոսքն այն մասին
է, որ ցանկացած ընտրություն, քաղաքական միջոցառում օգտագործվի, որպեսզի
հասարակության շրջանում հնարավորինս չեզոքացվի վերը նշված ադմինիստրատիվ
եւ ֆինանսական ռեսուրսների ազդեցությունը: Սա նկատի ունեմ` ասելով`
մաշեցնել իշխանության ռեսուրսները: Եվ եթե ընդդիմությունը շատ ակտիվ
մասնակցի ՏԻՄ ընտրություններին, իշխանության ճգնաժամը կդառնա ակնհայտ,
որովհետեւ հատկապես խոշոր համայնքներում իշխանության կողմից առաջադրվում
են կիսաքրեածին ծագում ունեցող թեկնածուներ, որոնք փորձում են հասնել
նրան, որ ռեժիմը վարձահատույց լինի իրենց: Եթե այդ թեկնածուների դեմ որեւէ
ընդդիմադիր թեկնածու է առաջադրվում, իշխանության քաղաքական սնանկությունը
շատ ավելի կատարյալ է դառնում:

– Չե՞ք կարծում, որ եթե սահմանադրության նախագիծը հանրաքվեով ընդունվի,
ապա ժողովուրդը լիովին կհիասթափվի ընդդիմությունից, որը պետք է կոչ անի
«Ոչ» ասել այդ նախագծին:

– Անգամ ամենավարդագույն երազում իշխանության որեւէ ներկայացուցիչ չի
կարող պատկերացնել, որ օրինական ընտրությունների ճանապարհով իրենք կարող
են ապահովել 850. 000 «Այո» ձայն: Իշխանությունը չունի հասարակական
ռեսուրս եւ հասարակական համաձայնություն` սահմանադրական փոփոխությունների
շուրջ ուղղակի չի կարող ստեղծել: Դրա համար էին իշխանությունները հուսահատ
ճիգեր գործադրում ընդդիմության գոնե մի մասին «Այո»-ի դաշտ բերելու համար,
դրա համար էին անընդհատ ներկայացնում, թե այս սահմանադրության նախագիծը
նաեւ եվրոկառույցների նախագիծն է եւ այլն: Այսինքն` իրենք խորապես
հասկանում են, որ 850.000 ձայն իրենք օրինական հանրաքվեի կամ
հասարակության ազատ արտահայտության ճանապարհով չեն կարող ապահովել:
Կարծում եմ, ընդդիմության համախմբման պարագայում, որը ժողովրդին ասում է`
առաջնայինն օրինական իշխանությունների ձեւավորումն է, հետո` սահմանադրական
բարեփոխումները, ավելի շատ իշխանությունները տապալվելու խնդիր ունեն, քան
ընդդիմությունը: Արդեն իսկ համոզված եմ, որ սահմանադրական
փոփոխությունների գործընթացն արդեն իսկ իշխանությունները տապալել են, քանի
որ չկարողացան ձեւավորել հասարակական համաձայնության մթնոլորտ: Այսինքն`
որպես այդ նախագծի հեղինակներ դարձյալ մնացին կոալիցիան ու Ռոբերտ
Քոչարյանը, որոնք գտնվում են օրինականության դաշտից դուրս:

– Մտավախություն չունե՞ք, որ հանրաքվեի տապալումից հետո հաջորդող
եվրոկառույցների եզրակացություններում իշխանությունների հետ մեկտեղ
քննադատության է արժանանալու նաեւ ընդդիմությունը, որը` չնայած
եվրոկառույցների հորդորներին` մասնակցել քննարկումներին, այնուամենայնիվ,
զերծ մնաց այդ գործընթացին մասնակցելուց:

– Բացարձակապես այդ կարծիքին չեմ: Այլ խնդիր է, որ նույն եվրոկառույցների
հետ ընդդիմությունն ավելի ակտիվ աշխատելու անհրաժեշտություն ունի, որպեսզի
մեր մոտեցումներն ավելի ճշգրիտ ներկայացնենք ու նաեւ ադեկվատ ներկայացնենք
այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում: Մեր կուսակցությունը հստակ
արեւմտյան արժեքային համակարգի կրող է եւ մեր քաղաքականության առանցքում
մարդն է, մարդու իրավունքներն ու ազատությունը, եւ մենք ցանկանում ենք
ունենալ այնպիսի Հայաստան, որը տեղավորվում է ԱՄՆ, եվրոպական կառույցների
պատկերացումներում: Ինչ վերաբերում է սահմանադրությանը եւ եվրոչինովիկների
կողմից հնչեցված գնահատականներին, ապա այդպիսի վերջնագրային տոնով խոսում
են այն իշխանությունների հետ, որը ԵԽ առջեւ ստանձնած բոլոր
պարտավորությունները տապալել է կամ իրականացրել է իմիտացիոն ձեւով եւ, ըստ
էության, իրեն զրկել է մանեւրելու որեւէ հնարավորությունից: Այնպես որ`
նախագծի տապալման միակ պատասխանատուն իշխանությունն է եւ ոչ այն բանի
համար, որ ներկայացրել է այս կամ այն բովանդակության նախագիծ, այլ նրա
համար, որ 2003թ. փետրվարի 19-ին օտարվել է ժողովրդից, եւ օտարված
իշխանությունն ի վիճակի չէ երկրում համակարգային որեւէ բարեփոխում
իրականացնել: Սա պետք է քաջ գիտակցեն եվրոկառույցները: Կարծում եմ,
ընդդիմության դիրքորոշումը միջազգային կազմակերպությունների համար
ընկալելի է: Մյուս կողմից` մենք ցանկանում ենք նորմալ, ժողովրդավարական
երկիր ունենալ մեր ժողովրդի համար, ոչ թե այս կամ այն երկրի կամ
միջազգային կազմակերպության համար: Կարծում եմ, եվրոկառույցները, որոնց
քաղաքականության հիմքը ժողովրդավարությունն է, մեր ժողովրդի ինքնիշխան
իրավունքը կհարգեն ու հստակ եզրակացություն կանեն, որ մեր ժողովուրդը
մերժեց ոչ թե սահմանադրության այս կամ այն նախագիծը կամ դրա
բովանդակությունը, այլ այդ նախագիծն առաջարկող քաղաքական ուժերին:
Գնահատելով եվրոպաշտոնյաների ձգտումները, ուզում եմ մեկ դիտարկում անել,
որին հազիվ թե որեւէ մեկը որեւէ հակափաստարկ կարողանա ներկայացնել: Երբ
Ֆրանսիայում եվրոպական սահմանադրության հանրաքվեն տապալվեց,
պատասխանատվությունն իր վրա ստանձնեց իշխող կուսակցությունը,
իշխանությունը: Անմիջապես փոխվեց վարչապետը եւ կառավարության կազմը:
Այսինքն` իշխանությունը խոստովանեց, որ իր ռեսուրսը չբավականացրեց,
որպեսզի այդ սահմանադրությունը վավերացվի, ու գործնական հետեւություններ
արեց: Հայաստանի իշխանության պարագայում բացարձակապես այդ քաղաքական
տրամաբանությունը չի գործում, ինչի արգասիքը 2003թ. սահմանադրական
փոփոխությունների տապալումն էր ու դրանից հետո 2004թ. ապրիլի 12-ի
բռնությունները: Այսինքն` մի իշխանությունը, որն իր ձախողումը քողարկեց
բռնություններով, երկրորդ անգամ նույն իշխանության միջոցով նման
համակարգային բարեփոխում իրականացնելու ձգտումն արդեն իսկ տապալված է: Դա
կարող է մեր հասարակության միջավայրում արժեզրկել այն արժեքները (խոսքը
եվրոպական արժեքների մասին է), որոնց մենք ձգտում ենք: Եվ եթե
իշխանությունները հետեւություններ չեն անում դրանից, ապա եվրոկառույցները
պարտավոր են: