Միտք չունի

05/02/2010

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ, «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը հայտարարել է, որ գործող օրենքով նրան չեն կարող հեռացնել խորհրդարանի խոսնակի պաշտոնից միայն այն բանի համար, որ ինքն անհամաձայնություններ ունի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Նրա համար հասկանալի չէ «Եդինայա Ռոսիա» կուսակցության կոշտ դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունում տարակուսանք են հայտնել Սերգեյ Միրոնովի այն արտահայտությունների առնչությամբ, որտեղ նա իր անհամաձայնությունն է հայտնել վարչապետ Պուտինի սոցիալական նախաձեռնություններին, մասնավորապես՝ բյուջեի ընդունման հարցում: Ուստի «Եդինոռոսների» Կենտրոնական գործկոմի նախագահ Անդրեյ Վորոբյովը նպատակահարմար է գտել Միրոնովին ազատել զբաղեցրած պաշտոնից: «Միրոնովի այդ արտահայտությունները խոսում են Վլադիմիր Պուտինի նկատմամբ անհարգալից ու անհետեւողական վերաբերմունքի մասին: Մարդ, ով շատ բան է արել երկրի եւ հասարակության համար»,- ասել է «Եդինայա Ռոսիայի» Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար, Պետդումայի փոխխոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը` հավելելով, թե նախագահ Մեդվեդեւն ու վարչապետ Պուտինն «արժանի չեն այն անարդար գնահատականներին, որ արտահայտել է Սերգեյ Միրոնովը»: