Ռուս գրականությունից է հայտնի, որ բոլոր երջանիկ ընտանիքները իրար նման են, իսկ յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի: Դժվար է միանշանակ ասել, որ այս պնդումը կարելի է անել նաեւ պետությունների մասին: Որովհետեւ բոլոր կառավարիչներն ու հասարակական երեւույթներ ուսումնասիրող մասնագետները հակված են տարբեր պետությունների կյանքում ընդհանրություններ գտնել: Նույն այդ պետությունների առաջընթացն ապահովելու ազնիվ մղումով: Այս օրերին եվրոպական լրատվության կենտրոնում Հունաստանն է: Որովհետեւ այս պետությունը մի քանի տարի ցնցվում է երիտասարդական շարժումներից, իսկ հիմա նախընտրական գործընթացների մեջ է: Հետեւաբար պակաս ուշադրության արժանացավ Ասիական Զարգացման բանկից 500 մլն դոլար Հայաստանի վարկի վավերացումը: Մինչդեռ տարիներ առաջ Հունաստանն էր գնացել նույն ճանապարհով: Երկրի արտաքին պարտքն անընդհատ ավելացնելու ճանապարհով: Հիմա Հունաստանի համար եկել է պարտքը մարելու ժամանակը, ու երկիրը հայտնվել է սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում: Միջազգային դասակարգումներում Հունաստանը, Հայաստանի նման, դասվում է կոռումպացված երկրների շարքին: Հետեւաբար վարկերն արդյունավետ չեն օգտագործվել: Ավելին, վարկերի մսխման շրջանում դրանք էականորեն դեֆորմացրել են երկրի տնտեսությունը: Մի քանի տարի առաջ Հունաստանում բնակարանաշինության բում էր: Ինչպես մեզ մոտ: Շինարարության զարգացումը երկրի իշխանությունները համարում էին իրենց արդյունավետ ու խոհեմ քաղաքականության արդյունք: Իսկ հիմա տարբեր տվյալներով՝ Հունաստանում 350-400 հազար չվաճառված բնակարան կա: Երեւանի նորակառույցները տեսած մարդու համար նմանությունն ակնհայտ է: Բնականաբար, մասշտաբներն են տարբեր: Տարբեր են բոլոր ոլորտներում: Կոռուպցիայի մասշտաբները գնահատելիս նշվում է, որ միայն 5 հազար մարդ է հայտարարագրում, որ իր տարեկան եկամուտը գերազանցում է 100 հազար եվրո ցուցանիշը: (Այստեղ Հայաստանի հետ համեմատությունն անհնարին է: Մեր երկրում նման տվյալներ ընդհանրապես չեն հրապարակվում): Ստվերային մեծ տնտեսության պարագային արտաքին պարտքի մարումը ծանրացել է բնակչության լայն խավերի վրա: Հունաստանի երիտասարդական շարժումները մեղադրում են իրենց ծնողներին, ում անխոհեմ համաձայնության ներքո է կուտակվել արտաքին պարտքը: Իսկ պարտքերը մարելը մանրացել է իրենց ուսերին: Մեր` հայաստանյան տնտեսական իշխանությունների չափանիշներով անհնար է բացատրել, թե ինչու է այդ երկրում սոցիալ-տնտեսական ծանր վիճակ ստեղծվել: Մերոնք հասարակությանը համոզում են, որ մակրոտնտեսության տեսանկյունից, եթե երկրի պարտքը չի հատել ՀՆԱ-ի 50 տոկոսի չափանիշն, անհանգստանալու առիթ չկա: Մինչդեռ մեր տնտեսագետ ղեկավարության տեսական հմտություններին անհաղորդ հունական տնտեսությունը մի քանի տարի ցնցվում է: Ցնցվում է այն պարագային, երբ արտաքին պարտքը Համախառն ներքին արդյունքի 13-15 տոկոսի սահմաններում է տատանվում: Այս տարբերության ֆոնին կա մեկ հետաքրքիր ընդհանրություն: Հույներն էլ մեր ու մյուս հին ազգերի նման առանձնահատուկ վերաբերմունք ունեն կրթության նկատմամբ: Արտաքին պարտք վերցնելու տնտեսական իմաստով աշխույժ տարիներին էականորեն աճեց ուսանողների քանակը: Ծնողներն իրենց աղքատիկ (կամ` համեստ) խնայողությունները առանց զլանալու տրամադրում էին զավակների կրթություն ստանալու գործին: Ու հիմա դիպլոմավոր գործազուրկները Հունաստանում դարձել են երիտասարդական շարժումների ամենաարմատական հատվածը: Նրանք նույնիսկ կիսալեգալ կազմակերպություն ունեն: Այն կոչվում է «Ջի 700»: «700-ի սերունդ» կազմակերպությանն անդամագրվում են այն երիտասարդ մասնագետներն, ովքեր բարձրագույն կրթություն ստանալուց հետո իրենց մասնագիտությամբ աշխատելով՝ չեն կարողանում ամսական 700 եվրոյից ավելի եկամուտ ապահովել: 700 եվրոն Հունաստանում սպառողական նվազագույն ցուցանիշն է: Ընդունեք, որ մասշտաբների համադրման դեպքում նույնական վիճակ է նաեւ Հայաստանում: Մեր դիպլոմավոր մասնագետն էլ տարիներ շարունակ ստիպված է բավարարվել նվազագույն սպառողական զամբյուղ ապահովող աշխատավարձով: Եթե, իհարկե, աշխատատեղ գտնում է: Ու հիմա Եվրամիությունը վախվորած հետեւում է հունական նախընտրական գործընթացներին: Վախենալով, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում հունական ձախ երիտասարդական շարժումները կարող են վարակել նաեւ եվրոպական ընտանիքի մյուս անդամների երիտասարդությանը: Բայց հենց այս իմաստով Հունաստանի հետ մեր նմանություններն ավարտվում են: «Մերն ուրիշ է» կարգախոսին հավատարիմ մեր երիտասարդությունը հասարակական ակտիվություն չի դրսեւորում: Անգամ այն ժամանակ, երբ կրթության նախարարը խոստացավ վերացնել կրթաթոշակները, մեր ուսանողությունն ըմբռնումով մոտեցավ: Մեր երիտասարդությունն իր ավագ սերունդների օրինակով երբեք չի փորձում լուծել իր առջեւ ծառացած խնդիրները: Փոխարենը՝ գերադասում է հեռանալ այդ խնդիրներից: Հեռանալ` արտագաղթի ճամփա բռնելով: Ինչպես համարյա բոլոր սերունդները: ՈՒ լռելյայն համաձայնելով, որ ներկա իշխանությունները հերթական վարկը վերցնելով՝ մեծացնեն արտաքին պարտքը: Մեծացնեն ու թողնեն ապագա սերունդների ուսերին:
