2009թ. բարեփոխումների արդյունքները
Պաշտպանական բարեփոխումները Հայաստանում մոտեցել են այնպիսի փուլի, երբ պետք է անդրադառնալ բուն զորային կառույցի, նրա կառուցվածքի, մարտական պատրաստականության վիճակի բարելավման, ռազմավարական եւ օպերատիվ պլանավորման խնդիրներին:
Այս մասին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հունվարի 26-ին հանդես գալով պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների եւ 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ ԶՈւ կառավարման համակարգի վերանայմանը, բարեփոխումների հայեցակարգային եւ օրենսդրական ապահովմանը, անձնակազմի կրթությանը եւ վերապատրաստմանը, պաշտպանական պլանավորման ու բյուջետավորման համակարգի բարեփոխմանը եւ այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
Նախորդ շաբաթվա ընթացքում Սեյրան Օհանյանը եւս մեկ անգամ խոսեց պաշտպանական բարեփոխումների մասին` հունվարի 28-ին հայկական բանակի 18-ամյակի առթիվ կայացած հանդիսության ընթացքում:
«Պետք է անընդհատ գործել ժամանակի առաջադրած պահանջներին համահունչ»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ բարեփոխումների նպատակը արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն եւ ժամանակակից Պաշտպանության համակարգի ստեղծումն էր, որն ի զորու կլինի արդյունավետորեն իրականացնել ՀՀ ռազմական անվտանգության ապահովումը:
Նախարարն ընդգծեց, որ 2009 թվականին հաջողությամբ գործարկվեց Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նոր կառուցվածքը, ակտիվացավ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրման գործընթացը, իրականացվեցին պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակման աշխատանքները, եւ սկսվեց ռազմական առաջադրանքների որոշման ու սահմանման փուլը, կենտրոնական ապարատում ներդրվեց քաղաքացիական հատուկ ծառայության համակարգը:
Սեյրան Օհանյանն ասաց, որ նոր հիմքերի վրա է դրվել ռազմավարական պլանավորումը, կառուցվածքային բարեփոխումները շարունակվում են, զորքերում հաջողությամբ ներդրվում եւ աստիճանաբար աճում է պայմանագրային զինծառայության նշանակությունը:
Նախարարը տեղեկացրեց, որ բարեփոխումների շրջանակներում իրականացվել են նաեւ կարեւոր օրենսդրական նախաձեռնություններ: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել «Զինվորական ծառայության մասին» եւ «Զինապարտության մասին» օրենքներում: Ազգային ժողով եւ կառավարություն են ներկայացվել սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտահանման եւ ներմուծման վերահսկողության գործընթացը միջազգային անվտանգության ապահովման շրջանակներում կանոնակարգող օրինագծեր:
Բարեփոխումների արմատները
Կարելի է ասել, որ պաշտպանական բարեփոխումների ակտիվ փուլը Հայաստանում մեկնարկեց 2008թ. երկրորդ կեսից:
Համենայնդեպս, 2008թ. մայիսի 30-ին կայացած Հայաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում նախարար Սեյրան Օհանյանի ելույթը վկայեց, որ պաշտպանական բարեփոխումներն արդեն առասպելական գործընթաց չեն, այլ գրեթե իրականություն:
Մեջբերենք նախարարի այդ ելույթի հիմնական մասը. «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք դրույթների վրա, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել պաշտպանության նախարարի հրամանի նախագիծը եւ պաշտպանական բարեփոխումների ծրագրի լրացումները նախապատրաստելիս:
Պաշտպանական բարեփոխումների ծրագրում շարադրված հարցերի կոորդինացման աշխատանքը պետք է շարունակի Գլխավոր շտաբի պետի ղեկավարած նորացված հանձնաժողովը` իր կազմում ընդգրկելով բանակային կորպուսների, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարման օպերատիվ օղակների ներկայացուցիչներին` համապատասխան հրամանատարների եւ պետերի ներկայացմամբ, Պաշտպանության նախարարության Միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության, հետագայում նաեւ՝ Գլխավոր շտաբի կառուցվածքում ստեղծվելիք Հայաստանի Զինված ուժերի զարգացման ռազմավարական պլանավորման վարչության ակտիվ մասնակցությամբ:
Հանձնաժողովի նիստ գումարել նվազագույնը ամիսը մեկ անգամ, կանոնավորապես քննարկել պաշտպանական բարեփոխումներին վերաբերող տարաբնույթ հարցեր, արձանագրել յուրաքանչյուր նիստ, եւ այդ մասին զեկուցել ինձ:
Այդ աշխատանքին զուգընթաց՝ Գլխավոր շտաբի պետի, Պաշտպանության նախարարության տեղակալների, բանակային կորպուսների հրամանատարների, ռազմաուսումնական հաստատությունների պետերի համապատասխան հրամաններով ստեղծել հանձնաժողովներ, որոնք կմշակեն առաջարկություններ` ենթակա զորամասերի, զորատեսակների զորամասերի, դրանց կառավարման օղակների կառուցվածքի եւ հաստիքների վերաբերյալ:
Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին` որպես պաշտպանական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, մշակել եւ հաստատման ներկայացնել Հայաստանի ռազմական դոկտրինի դրույթներից եւ այս տարվա աշնանը ընդունվելիք «Պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքից բխող փաստաթղթերի (ծրագրերի) մշակման պլանները:
Յուրաքանչյուր վարչություն եւ բաժին պետք է ունենա իր երկարաժամկետ ծրագիրը` ըստ ամիսների եւ տարիների: Եվ, ի գիտություն բոլորին, ծրագրեր կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ մեր տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական դիրքը, տարածաշրջանում տիրող մթնոլորտը, բարյացակամ վերաբերմունքը մեր հարեւանների հանդեպ:
Սպասվում է չափազանց պատասխանատու եւ ծանր աշխատանք: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք վերջնականապես կքննարկենք Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի կառուցվածքը, որը կներկայացնենք ՀՀ նախագահի ուսումնասիրությանն ու հավանությանը, որից հետո, ըստ կարգի, այն կուղարկենք կառավարություն` հաստատման:
Հիմնական փաստաթղթերից մեկն է լինելու նաեւ «Զինված ուժերի զարգացման պլանը»: Հնարավոր է, որ այն շեշտադրենք որպես «2010-2015թթ. ՀՀ ԶՈՒ զարգացման պետական ծրագիր»:
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում պաշտպանական բարեփոխմանը վերաբերող եւս մեկ հարցի: Հատուկ քաղաքացիական ծառայության են անցնելու մեծ թվով զինծառայողներ` գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, կապիտաններ, ենթասպաներ, ովքեր իրենց վարչություններում եւ բաժիններում զբաղեցնում են զինվորական հաստիքներ: Հատուկ քաղաքացիական ծառայության անցնելու գործընթացը մոտեցել է վերջին փուլին, եւ այդ համակարգը պետք է գործի ս.թ. նոյեմբերի 1-ից: Այս խնդրին պետք է ցուցաբերել չափազանց նրբանկատ եւ ուշադիր մոտեցում, որպեսզի չանտեսվեն զինծառայողների իրավունքները: Անհրաժեշտ է օգնել նրանց հարմարվելու միանգամայն նոր եւ դեռեւս ոչ լիովին հասկանալի ծառայողական կառույցի կայացմանը:
Անհրաժեշտ է ուսումնասիրել յուրաքանչյուր զինծառայողի գործը, զրուցել նրա հետ, ուշադիր լսել նրա ցանկություններն ու խնդրանքները: Իսկ նրանց, ում մինչեւ զինվորական կենսաթոշակին անցնելը մնացել է մեկ-երկու տարի, հնարավորություն տալ ծառայելու, օգնել տեղափոխվելու այլ կառույցներ, որտեղ նախատեսված է զինվորական ծառայություն:
Մենք կարող ենք ընդունել ցանկացած օրենք, կազմել ցանկացած ծրագիր, պլան, սակայն ամենակարեւորը բոլոր մակարդակներում (սկսած Պաշտպանության նախարարության ղեկավարությունից, վարչություններից եւ բաժիններից, վերջացրած զորամասերի զինվորական կոլեկտիվներով) բարենպաստ մթնոլորտ ստեղծելն է. անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ, փոխել սեփական եւ ենթակաների հոգեբանությունը, որպեսզի բոլորը հասկանան ու համոզված լինեն, որ պաշտպանական բարեփոխումները մեզ համար անհրաժեշտություն են, վերանայել եւ լուրջ հիմքերի վրա դնել զորքերի պատրաստությունը, ամբողջ ուսումնական գործընթացը, հրաժարվել շաբլոնից, ձեւականությունից, չընկնել գնահատականների հետեւից, ներդնել ստեղծագործական ոգի եւ առողջ մրցակցություն»:
Այդ ելույթն առաջինն էր վերջին տարիների ընթացքում, որը պարունակում էր պաշտպանական բարեփոխումների իրական նկարագրություն` առանց ընդհանրացված մտքերի ու բարեմաղթանքների: Սեյրան Օհանյանն առաջինն էր, որ խոսեց սպայական կազմի շարքերում «հոգեբանական բեկման» անհրաժեշտության մասին եւ բացահայտ խոստովանեց, որ «մեզ ծանր աշխատանք է սպասվում»:
Հիշեցնենք, որ առաջին հրապարակային խոսակցությունները Հայաստանում պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ սկսվեցին 2005թ. գարնանը, երբ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանն ասաց, որ ռազմական բարեփոխումները 2006թ. սկզբին ուժի մեջ մտած ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի առանցքային ուղղություններից են: Արթուր Աղաբեկյանն ասում էր, որ Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը ծրագրում է մինչեւ 2015թ. ստեղծել «21-րդ դարի պահանջներին համապատասխանող, նոր մարտահրավերներին դիմակայող ու հանրապետության ռազմական անվտանգությունը լիովին ապահովող» բանակ:
Երկրորդ կարեւոր գործոնը պաշտպանության նախարարի խոստովանությունն էր առ այն, որ պաշտպանական բարեփոխումներն անխուսափելիորեն կհանգեցնեն համակարգի որոշակի ներքին հակազդեցության եւ լուրջ հոգեբանական փոփոխություններ կպահանջեն: Ներկայումս բանակը պետական երեւի թե միակ կառույցն է, որը փաստացիորեն վայելում է հասարակության անվերապահ աջակցությունը` անկախ մարդկանց քաղաքական համակրանքներից: Մյուս կողմից, չի կարելի հաշվի չառնել այն իրողությունը, որ ՀՀ շատ զինծառայողների համար ռազմական համազգեստը եւ ուսադիրներում աստղերի առկայությունը եղել է եւ մնում է որոշակի հատուկ կաստային պատկանելիության խորհրդանիշ, եւ այդ եւ բազմաթիվ այլ ատրիբուտներից զրկվելը կարող է որոշակի հոգեբանական ցնցում առաջացնել նրանց մոտ:
Կարեւոր էր նաեւ այն հանգամանքը, որ պաշտպանական բարեփոխումների ակտիվ փուլի սկիզբը հայտարարվեց ՀՀ իշխանությունների ու ընդդիմության քաղաքական չլուծված հակամարտության պայմաններում. ակնհայտ է, որ որքան խորը լինեն պաշտպանական բարեփոխումները, այնքան քիչ կլինեն բանակը որպես «ջոկեր» օգտագործելու գայթակղություններն՝ ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ զինվորական հագուստ կրող մարդկանց շրջանում:
2005թ. հոկտեմբերին հանդես գալով «Անվտանգություն Հարավային Կովկասում» սեմինարում` ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասում էր, որ ՆԱՏՕ-ի համագործակցությամբ Հարավային Կովկասի երկրներում անցկացվող պաշտպանական բարեփոխումները պետք է միասնական գործընթացի բնույթ կրեն` տարածաշրջանի պետությունների ժողովրդավարացման ու զարգացման համատեքստում: Այսօր, ցավոք, չենք կարող խոսել այդպիսի միասնական գործընթացի առկայության մասին: Մյուս կողմից, նման լայնածավալ բարեփոխումները «միակողմանի կերպով» անցկացնելու Հայաստանի պատրաստակամությունը կցուցադրի արտասահմանյան գործընկերներին իր մտադրությունների լրջությունը:
Վերջին տարիների ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքը պրագմատիզմն էր: Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը եւս պրագմատիկներ են: Միեւնույն ժամանակ, նրանց հրապարակային ելույթներում երբեմն կարելի է տեսնել առողջ ռոմանտիզմի դրսեւորումներ, որոնց բացակայության դեպքում ցանկացած լավ գաղափար որոշակիորեն կորցնում է իր գրավչությունը: Եթե պրագմատիզմի ու ռոմանտիզմի համամասնությունը ճիշտ պահպանվի, մենք կունենանք բոլոր հիմքերը հուսալու, որ պաշտպանական բարեփոխումները Հայաստանում կպսակվեն հաջողությամբ: