«Պաշտպանական բարեփոխումներ»

05/02/2010

Հարգելի ընթերցող

Ուրախ եմ ձեզ ներկայացնել «Պաշտպանական բարեփոխումներ» ներդիրի առաջին թողարկումը: Մեր կազմակերպությունը` Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնը, 2009 թվականին սկսեց իրականացնել «Աջակցություն պաշտպանական բարեփոխումներին» նախագիծը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի կողմից (German Marshall Fund of the U.S.):

Նախագծի հիմնական նպատակն է՝ հասարակության համար հասկանալի դարձնել այն բարեփոխումների նպատակները, որոնք ծավալվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում եւ Գլխավոր շտաբում:

Տեղեկատվության պակասը միշտ սխալ մեկնաբանությունների եւ շահարկումների պատճառ է հանդիսանում, եւ այս նախագծի նպատակն է՝ հասարակությանը ներկայացնել հնարավորինս լայն տեղեկատվություն բարեփոխումների մասին:

Մեր գործընկերներն են Հայկական Երկրորդ հեռուստաալիքը եւ «168 Ժամ» թերթը: Հ2-ի «Խոսքի իրավունք» հաղորդմանը պարբերաբար հյուրընկալվում են Պաշտպանության նախարարության ղեկավարները, որոնք ներկայացնում են բարեփոխումների ընթացքը: Իսկ «168 Ժամ» թերթի «Պաշտպանական բարեփոխումներ» ներդիրի միջոցով կփորձենք առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացնել գործընթացի մասին:

Բնականաբար, այս նախագծի իրականացումը անհնարին կլիներ առանց Պաշտպանության նախարարության համաձայնության եւ համագործակցության: Շնորհակալություն եմ հայտնում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով օգտակար համարեց մեր նախաձեռնությունը, եւ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանին` անմիջական աջակցության համար:

Այս տարվա ընթացքում նախատեսում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել «Պաշտպանական բարեփոխումներ» ներդիրի եւս 4 թողարկում: Հուսով եմ, այս եւ ապագա ներդիրները կգտնեն իրենց ընթերցողին:

Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնի նախագահ
ԱՐԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ