Ցանկացած փոփոխություն լուրջ հիմնավորումներ է պահանջում

05/02/2010

– Որո՞նք են Հայաստանում պաշտպանական բարեփոխումների անցկացման հիմնական նպատակները:

– Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շուրջ նախարարի պարզաբանումները ստանալու ձեր նախաձեռնության համար, քանի որ այս ուղղությամբ մեր հիմնական առաջնահերթություններից մեկն էլ հասարակության իրազեկումն է, պաշտպանության ոլորտը եւ հատկապես նրանում կատարվող բարեփոխումները հասարակության համար հասանելի դարձնելը, բանակ-հասարակություն կապի եւ փոխվստահության ամրապնդումը:

Պետք է նշեմ, որ պաշտպանության ոլորտի բարեփոխումները նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության Նախագահը, դեռեւս այն ժամանակ, երբ նա զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Անցած տարիների ընթացքում այս ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել:

Պաշտպանական բարեփոխումների նպատակը քաղաքացիական վերահսկման եւ պաշտպանական պլանավորման ու կառավարման ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա հիմնված, արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն եւ ժամանակակից պաշտպանության համակարգի ստեղծումն է, որն ի զորու կլինի արդյունավետորեն ապահովելու Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունը, պաշտպանելու ազգային անվտանգության հիմնարար արժեքները, օպերատիվ արձագանքելու բոլոր ճգնաժամային իրավիճակներին եւ ապահովելու Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը:

Բարեփոխումների իրականացման ընթացքում մենք ակտիվորեն օգտագործում ենք միջազգային փորձը: Սակայն մեր նպատակն է՝ ստեղծել այնպիսի պաշտպանական համակարգ, որը կլինի ոչ թե որեւէ գործող մոդելի կրկնօրինակը, այլ մերը` ազգայինը, քանի որ մեր պետության անվտանգության միջավայրը յուրահատուկ է եւ, շատ նմանություններով հանդերձ, այլ երկրների համեմատ նաեւ հիմնարար տարբերություններ ունի: Մեզ համար կարեւոր չէ` այդ համակարգը առավելապես ինչպիսի չափանիշներ կկիրառի, կարեւորն այն է, որ այն լիովին համապատասխանի Հայաստանի ազգային անվտանգության առանձնահատկություններին` ամբողջությամբ լուծելով ռազմական անվտանգության ազգային խնդիրները, միաժամանակ փոխգործակցելիության բավարար հնարավորություններ ունենա` Հայաստանի միջազգային վարկի եւ հեղինակության բարձրացմանը համարժեք միջազգային անվտանգության ապահովման չափաբաժին ստանձնելու համար:

– 2008թ. մայիսին Դուք խոստովանեցիք, որ պաշտպանական բարեփոխումներն անխուսափելիորեն կհանգեցնեն համակարգի որոշակի ներքին հակազդեցության եւ լուրջ հոգեբանական փոփոխություններ կպահանջեն: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն այսօր:

– Նախ ասեմ, որ ոչ միայն հայկական բանակը, այլեւ աշխարհի բոլոր բանակները ձգտում են զարգանալ եւ կատարելագործվել: Մեր հակառակորդը` Ադրբեջանը, նույնպես քնած չէ եւ լուրջ աշխատանք է տանում իր ռազմական կարողությունների մեծացման ուղղությամբ, զուգահեռաբար մեծանում են նաեւ նրանից բխող ռազմական սպառնալիքների ծավալներն ու հավանականությունը: Ուստի մենք այլընտրանք չունենք. մեր անվտանգության երաշխիքը մարտունակ եւ արդիական բանակն է: Այս առումով ՀՀ պաշտպանական բարեփոխումների գերխնդիրը մարտունակությամբ հակառակորդի զինված ուժերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերազանցության ապահովումն է:

Ցանկացած համակարգում իրականացվող ցանկացած փոփոխություն, որն առնչվում է ստորաբաժանումների գործառույթներին, պաշտոնատար անձանց իրավունքներին եւ պարտականություններին, որոշակի հակազդեցություն է առաջացնում: Եվ դա բնական է, քանի որ տասնամյակներով ձեւավորված եւ ներդրված սկզբունքներն ու մոտեցումները, ուսուցանված գիտելիքները, դրանցով առաջնորդվող մարդկանց մոտ կաղապարված աշխարհայացք եւ կատարելության պատրանք են ստեղծում: Այս առումով Պաշտպանության նախարարության համակարգն առավել զգայուն կառույց է, քանի որ այն համակարգում է պետության պաշտպանության կազմակերպման հիմնական գործառույթները, որոնք իրականացվում են հիմնականում ձեւավորված չափանիշներով առաջնորդվող զինվորականների կողմից: Ուստի Զինված ուժերում ցանկացած փոփոխություն` լինի դա հայեցակարգային, կառուցվածքային կամ կադրային, լուրջ հիմնավորումներ է պահանջում, առաջին հերթին այն պատճառով, որ դա վերաբերում է պետության եւ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությանը, որտեղ մենք սխալվելու իրավունք չունենք:

Չնայած պաշտպանական բարեփոխումներն այս փուլում շոշափել են հիմնականում հրամանատարաշտաբային օղակը, սակայն կարող եմ վստահաբար ասել, որ այս ուղղությամբ մենք առանձնակի դժվարությունների եւ լուրջ հակազդեցության չենք հանդիպել: Կարծում եմ` դրա պատճառը Զինված ուժերի հրամանատարության մոտ բարեփոխումների անհրաժեշտության հստակ գիտակցումն ու պետության պաշտպանունակության ամրապնդման ձգտումն է:

– Ո՞ր փուլում են գտնվում բարեփոխումներն այսօր. ի՞նչն է արդեն արվել, եւ որո՞նք են այն խնդիրները, որոնք դեռեւս պետք է իրականացվեն:

– Զինված ուժերում բարեփոխումների ակտիվ փուլը սկսվել է դեռեւս 2005 թվականից: Ես չեմ ցանկանում թերագնահատել մինչ այդ բանակաշինության ուղղությամբ իրականացված աշխատանքը: Դրանք զինված ուժերի կազմավորման բախտորոշ եւ ծանր տարիներն էին, որոնց ընթացքում մենք կարողացանք ստեղծել մարտունակ բանակ, որն իր խնդիրները պատվով կատարեց թե Ղարաբաղյան պատերազմի ընթացքում եւ թե դրանից հետո՝ անառիկ պահելով Հայաստանի սահմանները:

Սակայն բանակաշինությունը շարունակական գործընթաց է, այն շարունակական զարգացում է պահանջում եւ չի հանդուրժում տարիներ շարունակ նույն մոտեցումների կիրառումը: Դա տանում է լճացման եւ անմիջականորեն անդրադառնում բանակի մարտունակության վրա:

Եթե փորձենք բարեփոխումները բաժանել փուլերի, ապա կարելի է ասել, որ 2005-2007թթ. հանդիսացան դրանց առաջին կամ «Հայեցակարգային մոտեցումների մշակման» փուլը: Նախքան պաշտպանական բարեփոխումների իրականացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումն անհրաժեշտ էր ունենալ երկրի անվտանգության ապահովման համակարգի, նրա կենսագործունեության եւ զարգացման համար հիմնարար նշանակություն ունեցող փաստաթղթեր` Ազգային անվտանգության ռազմավարություն եւ Ռազմական դոկտրին, ստեղծել համապատասխան օրենսդրական դաշտ, մշակել Զինված ուժերի բարեփոխումների եւ զարգացման նախնական ծրագրեր եւ այլն: Ահա սրանք հանդիսացան բարեփոխումների առաջին փուլի հիմնական խնդիրները: Այսօր կարող եմ վստահորեն փաստել, որ այդ փուլի խնդիրները լիարժեքորեն կատարվեցին:

Մասնավորապես, 2006-2007թթ. ընթացքում մշակվեցին եւ ՀՀ նախագահի հրամանագրերով հաստատվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունը եւ Ռազմական դոկտրինը: Զուգահեռաբար լուրջ աշխատանքներ կատարվեցին օրենսդրական դաշտի ձեւավորման գործում: Մշակվեց եւ 2007թ. նոյեմբերին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքը, կատարվեցին մի շարք այլ օրենսդրական փոփոխություններ:

2008թ. մեկնարկեց բարեփոխումների երկրորդ փուլը, որը պայմանականորեն կարող ենք անվանել «Պաշտպանության ռազմավարական վերանայման» փուլ: Այս փուլի նպատակն է՝ ռազմավարական մակարդակի բարեփոխումների իրականացումը: Այն իր մեջ ներառում է պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը, հրամանատարաշտաբային օղակի բարեփոխումները, Զինված ուժերի կառուցվածքի մշակումը եւ այլն: Ինչպես տեսնում եք, այս փուլն առավել գործնական եւ ինտենսիվ աշխատանք է պահանջում:

Գնահատելով նախորդ ժամանակահատվածի աշխատանքը, կարող եմ արձանագրել, որ բարեփոխումների երկրորդ փուլի խնդիրներն իրականացվում են բավականին արդյունավետորեն: Մասնավորապես, պաշտպանության ռազմավարական վերանայումն իրականացնելու համար 2008թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն աշխատում է նույն կարգադրությամբ հաստատված ժամանակացույցի համաձայն:

Մշակվել եւ 2008թ. նոյեմբերին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքը, որը պաշտպանության ոլորտի հիմնական օրենքն է հանդիսանում: Այն կարգավորում է ՀՀ պաշտպանության հիմքերը, կազմակերպումը, զինված ուժերի կառուցվածքը, կազմակերպման եւ գործունեության սկզբունքները, գործառույթները, դրանց ղեկավարման, կառավարման, տեղակայման, օգտագործման հետ կապված հարաբերությունները: Օրենքի համաձայն՝ արդեն իսկ վերանայվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի կառուցվածքը, կատարվել է ստորաբաժանումների վերաենթարկեցում, հստակեցվել են դրանց գործառույթները, ստեղծվել եւ համալրվում են անհրաժեշտ բացակայող օղակները եւ այլն:

Զուգահեռաբար ինտենսիվ բարեփոխումներ են ընթանում բոլոր այն ոլորտներում, որոնք կախված չեն պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներից: Մասնավորապես, մշակվել եւ հաստատվել է խաղաղապահ բրիգադի կառուցվածքը, ներկայումս ընթանում են երկրորդ գումարտակի համալրման աշխատանքները:

Մենք սկսել ենք նաեւ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավվելիք ՀՀ ստորաբաժանման կազմավորման աշխատանքները: Այս երկու ստորաբաժանումների ստեղծումը զգալիորեն կմեծացնի ՀՀ զինված ուժերի փոխգործունակության, այսինքն՝ պետության տարածքից դուրս ուժերի տեղակայման եւ միջազգային տարբեր առաքելությունների ներգրավման հնարավորությունները:

Մեկնարկել է նաեւ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրման գործընթացը, ինչը լուրջ գործոն է մարտավարական մակարդակում զինված ուժերի պրոֆեսիոնալիզմի բարձրացման համար: Ռազմական կրթության, թիկունքային ապահովման, ֆինանսաբյուջետային պլանավորման եւ մի շարք այլ ոլորտներում նույնպես ինտենսիվ բարեփոխումներ են իրականանում:

Ընդհանուր առմամբ, երկրորդ փուլի բարեփոխումները նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2011թ. վերջը, երբ կավարտվի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը, մշակված կլինեն ռազմավարական պլանավորման բոլոր փաստաթղթերը, այդ թվում` Զինված ուժերի զարգացման պլանը:

Այս փուլի ավարտից հետո, 2011 թվականից նախատեսվում է սկսել բարեփոխումների երրորդ փուլը, որն արդեն ընդգրկում է Զինված ուժերի օպերատիվ եւ մարտավարական մակարդակները: Այդ փուլով մենք կամբողջացնենք պաշտպանական բարեփոխումների բազմամյա գործընթացը, եւ համոզված եմ` արդյունքում կունենանք 21-րդ դարի չափանիշներին լիարժեքորեն համապատասխանող զինված ուժեր:

– Բարեփոխումների կարեւոր բաղադրիչներից է քաղաքացիական մասնագետների ներգրավումը, Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի լիազորությունների տարանջատումը: Եթե կարելի է, մի փոքր մանրամասնեք այս երկու բաղադրիչները:

– Զինված ուժերի զարգացումն ապահովելու համար հրամանատարաշտաբային օղակի բարեփոխումները վաղուց արդեն պահանջված անհրաժեշտություն էին դարձել, քանի որ հետխորհրդային շրջանում ձեւավորված պաշտպանական կառույցի հիմքում դրված չափանիշները չէին համապատասխանում պետության ռազմական անվտանգության ապահովման ժամանակակից պահանջներին, տրամաբանությանը եւ ոգուն:

Հրամանատարաշտաբային օղակի բարեփոխումների ընթացքում մենք կարողացանք համընդհանուր ժողովրդավարական չափանիշները համատեղել Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրի, մարտական գործողությունների արդյունքում ձեռք բերված ազգային փորձի, զինված ուժերի առջեւ կանգնած խնդիրների առանձնահատկություններին, ինչի արդյունքում «Պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքում ներդրվեցին միջազգային եւ ազգային չափանիշներին համապատասխանող սկզբունքներ:

Դրանցից առաջինը Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գործառույթների տարանջատումն է. պաշտպանության նախարարը ապահովում, այսինքն` պատասխանատու է Զինված ուժերի զարգացման, ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների, ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման, գնումների, կադրային քաղաքականության, զորահավաքային ռեսուրսների հաշվառման եւ հավաքագրման համար, իսկ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, այլեւս չլինելով պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, կենտրոնանում է զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային եւ ռազմավարական ծավալման պլանավորման, Զինված ուժերի մարտական եւ զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության, ինչպես նաեւ Զինված ուժերի թիկունքային, բժշկական եւ տեխնիկական ապահովման վրա:

Երկրորդ սկզբունքը Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ինտեգրված կառուցվածքի պահպանումն է, այսինքն` Գլխավոր շտաբը հանդիսանում է Պաշտպանության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին: Այս կառուցվածքը հնարավորություն է տալիս պաշտպանության նախարարին ապահովել եւ տարբեր տեսչական միջոցներով ու եղանակներով վերահսկողություն իրականացնել Զինված ուժերի մարտական պատրաստության, մարտական եւ զորահավաքային պատրաստականության, զորահավաքային ռեսուրսների հաշվառման եւ հավաքագրման վրա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների անցկացման նկատմամբ: Միաժամանակ ինտեգրված կառուցվածքը Զինված ուժերի Գլխավոր շտաբին հնարավորություն է տալիս մասնակցել ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների, ԶՈՒ զարգացման, զորահավաքային պլանների, ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի, ինչպես նաեւ՝ կադրային քաղաքականության մշակմանը` զինվորական պրոֆեսիոնալ ներուժն օգտագործելով պաշտպանական քաղաքականության ուղղությամբ որոշումների ձեւավորման եւ կայացման գործում:

Երրորդ կարեւոր սկզբունքը հրամանատարական ուղղահայաց շղթայի ապահովումն է. Հայաստանի Հանրապետության նախագահից` պաշտպանության նախարար, պաշտպանության նախարարից` Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետից` ԶՈՒ ստորաբաժանումներ: Այս շղթայում զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության նախագահը` որպես գերագույն գլխավոր հրամանատար, անմիջական ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը` կազմակերպելով եւ վերահսկելով Պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող բոլոր մարմինների (այդ թվում՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի) եւ կազմակերպությունների գործունեությունը, իսկ Զինված ուժերի կառավարումն իրականացնում է Գլխավոր շտաբի պետը` հանդիսանալով Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը:

Ավարտական փուլում է գտնվում նաեւ Պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական հաստիքների ներդրման գործընթացը: Դրա հիմնական նպատակը Զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ամրապնդումն է եւ անմիջական ռազմական գիտելիքներ չպահանջող ոլորտներում (պաշտպանական քաղաքականություն, ֆինանսներ, իրավաբանություն, գնումներ եւ այլն) քաղաքացիական մասնագետների ներգրավմամբ պրոֆեսիոնալիզմի բարձրացումը:

Քաղաքացիական հաստիքների ներդրման պայմաններում ուղղահայաց հրամանատարական շղթան Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ պաշտպանության նախարարին, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց, հնարավորություն է ընձեռում ապահովել Զինված ուժերի լիակատար քաղաքացիական վերահսկողությունը: «Պաշտպանության մասին» օրենքով ԶՈՒ քաղաքացիական վերահսկողության սահմանադրական նորմի ամրագրումը հույժ կարեւոր է, քանի որ Զինված ուժերն իրականացնում են պետության եւ հասարակության անվտանգության ապահովման գործառույթը, ուստի դրանք ենթակա եւ հաշվետու են ժողովրդավարորեն ընտրված իշխանություններին` հանձինս Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի եւ նրանց կողմից նշանակված կառավարության, որոնք ՀՀ Սահմանադրության եւ օրենքների համաձայն՝ պատասխանատու են պաշտպանության ոլորտում որոշումների կայացման համար: Այս պարագայում Պաշտպանության նախարարությունը հանրապետական այն գործադիր մարմինն է, որն ապահովում է Զինված ուժերի անմիջական քաղաքացիական վերահսկողությունը` ստանձնելով Զինված ուժերի եւ հասարակության միջեւ «միջնորդի» դերը:

– 2008թ. օգոստոսին Հայաստանում մեկնարկեց Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը: Ո՞ր փուլում է այն գտնվում այսօր:

– Պաշտպանության ռազմավարական վերանայումը ռազմավարական պլանավորման կարեւորագույն փուլերից մեկն է հանդիսանում: Ընդհանրապես, այն բարդ խնդիր է բոլոր պետությունների համար: Հայաստանի Հանրապետության պարագայում պաշտպանության ռազմավարական վերանայումը պատահականորեն ընտրված կամ արհեստականորեն թելադրված գործընթաց չէ: Դրա անհրաժեշտությունն ի հայտ է եկել պաշտպանական բարեփոխումների առաջին փուլում` ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության եւ Ռազմական դոկտրինի մշակումից հետո, երբ պարզ դարձավ, որ պաշտպանության ոլորտի բարեփոխումների հեռանկարային արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ է դրանց ամբողջական խորքային մոտեցում ցուցաբերել, հասկանալ եւ գնահատել անվտանգության միջավայրի զարգացման միտումները, այդ միջավայրին համարժեք արձագանքելու Զինված ուժերի իրական կարողություններն ու պահանջվող կարիքները, միջազգային ինտեգրման եւ շարունակական զարգացման հնարավորությունները եւ այլն:

Ռազմավարական վերանայման հիմնական նպատակը անվտանգության միջավայրի վերլուծության եւ սպառնալիքների գնահատման հիման վրա պաշտպանության ոլորտի շարունակական զարգացման ապահովումն է: Այն հնարավորություն է տալիս սպառնալիքների չեզոքացման աշխատանքների պլանավորումը, համապատասխան կարողությունների ստեղծումը, զարգացումը եւ ֆինանսավորումն իրականացնել հնարավորինս ճշգրիտ, հիմնավորված եւ նպատակաուղղված, զգալիորեն բարձրացնել պետության պաշտպանունակությունը, ապահովել անհրաժեշտ ճկունություն տարբեր ճգնաժամային իրավիճակներին համարժեք արձագանքելու համար եւ նվազեցնել անակնկալ կրիտիկական իրադրությունների ստեղծման հավանականությունը:

Ինչպես արդեն նշեցի` Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով եւ հաստատվել համապատասխան ժամանակացույց: Այդ ժամանակացույցի համաձայն՝ անցած ժամանակահատվածում արդեն իսկ զգալի աշխատանք է կատարվել:

Մասնավորապես, 2008թ. մենք ավարտեցինք անվտանգության միջավայրի եւ սպառնալիքների գնահատման գործընթացը: Ի՞նչ է դա նշանակում: ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունն ու ՀՀ Ռազմական դոկտրինը ներկայացնում են ռազմական բնույթի այն հիմնական սպառնալիքները, որոնք ծառացած են Հայաստանի Հանրապետության առջեւ եւ ձեւավորում են մեր երկրի անվտանգության միջավայրը: Սակայն պաշտպանության երկարաժամկետ պլանավորում իրականացնելու համար միայն այդքանը բավարար չէ: Անհրաժեշտ էր համակողմանիորեն տրոհել, կոնկրետացնել եւ գնահատել այդ սպառնալիքները, հասկանալ դրանց ներկայիս հավանականությունը եւ զարգացման միտումները տեսանելի հեռանկարում, Հայաստանի Հանրապետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության մակարդակը, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության կողմից դրանց վրա ազդելու հնարավորությունները:

Այդ գործընթացի ավարտից հետո միջգերատեսչական հանձնաժողովը ձեռնամուխ եղավ պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակման գործընթացին: Դրանք սպառնալիքների գնահատման հիման վրա մշակված այն ուղեցույց փաստաթղթերն են, որոնք պետք է դրվեն երկարաժամկետ (ռազմավարական) պլանավորման հիմքում:

Ներկայումս մենք անցել ենք ռազմավարական վերանայման հաջորդ փուլին, որի ընթացքում նախատեսվում է լրամշակել ոչ միայն պաշտպանության ոլորտի ռազմավարական պլանավորման բոլոր փաստաթղթերը` դրանք համապատասխանեցնելով ներկայացված պահանջներին, այլեւ մշակել նորերը, որոնց անհրաժեշտությունն ի հայտ է եկել գնահատման արդյունքում: Բացի այդ, պետք է բարելավվի ողջ Զինված ուժերի կառուցվածքը` ներառյալ զորատեսակները, ստորաբաժանումների տեղակայումը, սպառազինությունը, մարտավարությունը եւ այլն: Այս ամենի արդյունքում կմշակվի Զինված ուժերի զարգացման պլանը:

– Պաշտպանական բարեփոխումներն այս կամ այն կերպով անցկացվում են Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում: Ակնհայտ է, որ դրանց ներդաշնակեցումը կարող էր էական գործոն դառնալ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման համար. ընկալելի՞ է արդյոք այս հեռանկարը Ձեր արտասահմանյան գործընկերների համար, ովքեր աջակցում են բարեփոխումներին:

– Անշուշտ, այս հարցում մեր եւ մեր գործընկերների տեսակետները համընկնում են: Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանային անվտանգության ամրապնդման դիրքերից, լավ գիտակցելով, որ ժամանակակից աշխարհում ոչ մի պետություն ի զորու չէ միայնակ դիմակայելու առկա մարտահրավերներին: Այս առումով լավագույն տարբերակը կլիներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծումը եւ կոլեկտիվ անվտանգության ապահովման սկզբունքի կիրառումը: Բայց, ցավոք, կան խոչընդոտող մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Մասնավորապես, տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում տարածաշրջանային պետությունների տեսակետներն ու պատկերացումները տարբերվում են եւ դրանից ելնելով` տարբերվում են նաեւ պաշտպանական բարեփոխումների նպատակները: Դրանք նպատակաուղղվում են ոչ թե միմյանց փոխլրացմանը, այլ հակադրմանը:

Օրինակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանական բարեփոխումների հիմքում Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է պաշտպանական կարողությունների զարգացմամբ, իսկ Ադրբեջանն, ընդհակառակը, զարգացնում է իր հարձակողական կարողությունները:

Կան նաեւ ռազմաքաղաքական հակասություններ, որոնք արտահայտվում են տարածաշրջանային պետությունների` տարբեր անվտանգության համակարգերին անդամակցելու ձգտումներով: Դա իր հերթին պաշտպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության խոչընդոտներ է ստեղծում եւ ռազմական տեսանկյունից ինտեգրման տարբեր ուղիներ նախանշում:

Այնուամենայնիվ, պաշտպանական բարեփոխումներին աջակցող մեր գործընկերները ի հայտ են բերել ոլորտներ, որտեղ տարածաշրջանի երեք պետությունների տեսակետները համընկնում են: Օրինակ, խաղաղապահությունը, մասնակցությունը միջազգային կայունացման գործընթացներին, պայքարը միջազգային ահաբեկչության դեմ երեք երկրների համար էլ առաջնահերթ նպատակներ են հանդիսանում, ինչը թույլ է տալիս մեր գործընկերներին այս ուղղությամբ իրականացվող բարեփոխումները ներդաշնակեցնել: Կարծում եմ` տեսանելի հեռանկարում համընկնող տեսակետների շրջանակը կընդլայնվի, ինչը կնպաստի տարածաշրջանում անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը:

– Բանակի գոյության կարեւորագույն բաղկացուցիչներից մեկը ռազմական բյուջեն է: Տպավորություն կա, որ մեր բանակին բավականին պատկառելի գումար է հատկացվում, բայց երբ համեմատում ես նույն Ադրբեջանի հետ, պարզ է դառնում, որ այդ գումարը հինգ անգամ պակաս է մեր հակառակորդի ծախսերից: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մեր բանակին ավելի գումար պետք չէ, թե՞ պարզապես նման հնարավորություն չկա:

– Իհարկե, բանակին միշտ էլ ավելի գումար պետք է: Երկրների բյուջեները տարբեր են, եւ յուրաքանչյուր երկիր իր հնարավորությունների սահմանում է որոշում ռազմական բյուջեն: Կոնկրետ մեր պետությունում այդ ծախսերը կազմում են ՀՆԱ 3.5 տոկոսը, սակայն պաշտպանական խնդիրների կարգավորման նպատակով մենք միշտ էլ կարողացել ենք լրացուցիչ միջոցներ գտնել:

Իհարկե, ադրբեջանական ռազմական բյուջեի առավելությունը մեզ մտահոգում է, սակայն մենք պետք է նաեւ հասկանանք, որ պաշտպանական բարեփոխումների հիմքում մենք պետք է տեսնենք ոչ թե քանակական առավելություններ ունենալը, այլ որակական փոփոխությունները, որի հիման վրա մենք միշտ էլ կարողացել ենք հակազդել քանակական առավելություններին: