«Գրքի կողքով անցնելն արդեն իսկ նվաճում է»,- ասում է «Արտբրիջ» գրատուն-սրճարանի տիրուհի Շաքե Հավան-Կարապետյանը

05/02/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Պարսկաստանում ծնված, երկար տարիներ ԱՄՆ-ում ապրած Շաքե Հավան-Կարապետյանը գործարար կին է, ով մշտապես տեղափոխվելով Հայաստան՝ կարողացել է խաչաձեւել բիզնեսի անխախտ կանոններն ու իր երազանքները։ 9 տարի առաջ բացված «Արտբրիջ» սրճարանն արդեն Երեւանի անբաժանելի մասնիկն է դարձել։ Այդ սրճարանի մոդելը ապացուցեց, որ մի բաժակ սուրճի կամ թեյի հետ շատ բնական, նույնիսկ օրինաչափ է դիտվում գրքի ընթերցումը։ Գիրքը կարող է օրվա պահանջ դառնալ ճիշտ այնպես, ինչպես սուրճ խմելն է դարձել ազգային սովորույթ։ Եվ հիմա դժվար է ասել, թե ինչն ավելի շատ օգնեց «Արտբրիջին» հաջող բիզնես նախագիծ դառնալու գործընթացում՝ խոհանո՞ցը, թե՞ սրճարանին կից գործող գրադարան-գրախանութը։ Համենայնդեպս, փաստ է այն, որ սրճարանի «գրական հատվածը» ընդարձակման կարիք ունի, քանի որ գրքերի պահանջարկը մեծացել է։ Շաքեն վստահ է, որ գիրքը (ինչպես, թերեւս, ամեն բան այս աշխարհում), ճիշտ մատուցման կարիք ունի։ «Գրախանութները ոչ թե պետք է գին իջեցնելով կամ բարձրացնելով իրար հետ մրցեն, այլ՝ մատուցման ձեւերով։ Ես ոչ հրատարակիչ եմ, ոչ էլ գրող եմ, պարզապես գիրք սիրող մարդ եմ եւ այս սրճարանում էլ գրքի հետ ծանոթանալու առաջարկ եմ անում մարդկանց»,- ասում է նա։ Վերջերս «Արտբրիջը» սիրողական հարցում էր անցկացրել՝ փողոցում վահանակ տեղադրելով, որտեղ անցորդները նշում էին, թե ո՞ր գրքերն են վերջերս կարդացել եւ ո՞ր գրքերն են ցանկանում ձեռք բերել։ «Իհարկե, այդ վիճակագրությունը չի կարող լրիվ օբյեկտիվ լինել, բայց դա մի նմուշ է, որը կարելի է օգտագործել ու որոշ հետեւություններ անել»,- ասում է Շաքեն՝ նշելով, որ այդ, թեկուզեւ ոչ ամբողջական, վիճակագրական տվյալները կարող են պետք գալ, ասենք, Հայաստանի Գրողների միությանը կամ գրահրատարակիչներին։

«Արտբրիջը» մասնակցել է նաեւ Ֆրանկֆուրտում վերջերս անցկացվող գրքի միջազգային տոնավաճառին, որտեղ իրականացրել էր հայկական տաղավարի ձեւավորումն ու ներկայացումը։ Ինչպես Շաքեն է ասում՝ որպեսզի հրատարակիչները պարտավորված չլինեն օրվա ընթացքում 24 ժամ տաղավարում գտնվել, այլ զբաղվեն գործնական աշխատանքով։

Որպես գործարար՝ Շ.Հավան-Կարապետյանը նկատում է, որ բիզնեսի հաջողությունը (նաեւ գրքի բիզնեսի) հիմնվում է պոտենցիալ հաճախորդներ կամ գնորդներ ձեռք բերելու վրա։ Կոպիտ ասած՝ եթե ապրանք ես արտադրում, ուրեմն այդ ապրանքի ապագա սպառողին նախապատրաստիր։ Եվ սթափ հայացք նետելով հայաստանյան գրքի շուկային, Շաքեն ասում է, որ հրատարակիչների աշխատանքը հասցեատերերին հասցնելու ու գիրքը կենցաղ մտցնելու համար շարունակական ծրագրեր են հարկավոր։ Նման ծրագիր «Արտբրիջն» իրականացնում է Հայաստանի մարզերում։ Տարին մի քանի անգամ սրճարանի աշխատակիցները հայաստանյան հրատարակիչների հետ ուղեւորվում են գյուղեր ու փոքր քաղաքներ՝ դպրոցահասակ ընթերցողներին ծանոթացնելով գրքի նորույթների հետ։ Այս ծրագիրը Շաքեի համար շատ կարեւոր է։

– Ոչ ոք ինձ վրա նման առաքելություն չի դրել, պարզապես գիրքը շատ մոտ է սրտիս։ Մենք պայմանավորվում ենք հրատարակիչների հետ ու գրքերը տանում ենք Հայաստանի մարզային գրադարաններ։ Վերջերս, օրինակ, եղանք Երվանդաշատ, Վարանդ, Բագարան գյուղերում։ Շատ գեղեցիկ համագործակցություն է, որը դրամական որեւէ շահույթ չի հետապնդում։ Բացի այդ, որքան հաճախ ենք գրադարաններ ու դպրոցներ այցելում, այնքան գրքի պահանջարկը մեծանում է։ Ես հավատում եմ, որ գիրքն այնպիսի բան է, որը պետք է սովորույթ դառնա։ Եվ երբ կարդալուց հետո գիրքը փակում, մի կողմ ես դնում, քեզ մոտ անպայման հաջորդ գիրքը կարդալու ցանկություն է ծնվում։ Մենք էլ մեր ծրագրով ոչ այնքան գիրք ենք վաճառում, որքան երեխայի ու գրքի միջեւ շփում ենք ստեղծում։ Այդ պատճառով էլ ծրագիրը անվանել ենք «ցուցահանդես-վաճառք», այսինքն՝ մենք սկզբում գիրքն ենք ցուցադրում, հետո միայն վաճառում այն։ Չկարծեք, սակայն, թե մենք մեծ ծավալի վաճառք ենք անում։ Շատ վայրերում դա պարզապես հնարավոր չէ։ Ամեն անգամ, երբ երեխան գիրք է բացում, ես ինձ բավարարված եմ զգում։ Եվ որպեսզի երեխան իրեն ճնշված չզգա, մենք ամեն անգամ մշակութային որեւէ ծրագիր ենք տանում գյուղեր։ Թող երեխաները գան եւ, օրինակ, որեւէ նկարչի գործեր տեսնեն կամ որեւէ համերգ լսեն, դա նրանց հնարավորություն կտա առանց նվաստանալու նաեւ գրքի ցուցադրությանը մասնակցել։ Եվ ոչինչ, որ երեխան գիրք չի գնում, գոնե գրքի կողքով անցնում է։ Իսկ դա արդեն իսկ նվաճում է։

– Տարբեր գյուղերում, թերեւս, տարբեր մոտեցումներ, նաեւ ընթերցողներ կան։

– Շատ բան կախված է տեղից։ Կան գյուղեր, որտեղ երեխաները շատ են կարդում, բայցեւ կան այնպիսի վայրեր, որտեղ ապրող երեխաները, դասագրքից բացի, այլ բան երբեւէ չեն կարդացել։ Իրականում մենք շատ խնդիրներ ունենք, քանի որ դպրոցների գրադարանները պատկանում են Կրթության նախարարությանը, մարզկենտրոններինը՝ Մշակույթի նախարարությանը, իսկ գյուղերինը՝ համայնքներին։ Եվ եթե համայնքը հարուստ է, կարողանում է գրադարանին բյուջե հատկացնել։ Մեր վերջին այցելության ժամանակ, օրինակ, նկատեցինք, թե որքան մեծ տարբերություն կա գյուղական դպրոցների միջեւ։ Շատ խեղճ վիճակում գտնվող դպրոցներ կան, բայց կան նաեւ դպրոցներ, որոնց ուսուցիչներն իրենց գրպանի փողով են երեխաների համար գրքեր գնում։

– Նկատվում է, որ վերջերս գիրքը ավելորդ շքեղություն է դարձել։ Շատերը մտածում են, որ գիրքը նվերի պես բան է, որը կարելի է նվեր ստանալ, բայց ոչ երբեք՝ գնել։

– Այս աշխարհում ամեն բան շղթա է կազմում։ Եվ այդ շղթան ամուր է լինում միայն այն դեպքում, երբ նրա բոլոր օղակներն են ամուր։ Հեղինակից մինչեւ ընթերցող ձգվող գրքի շղթան էլ բացառություն չէ։ Հեղինակը պետք է իր հոնորարը ստանա, հրատարակիչն ու գրախանութներն էլ շահույթ ունենան, որպեսզի այդ բիզնես շղթան անխախտ աշխատի։ Գրքի շղթայի մաս են կազմում նաեւ գրադարանները (աշխարհի երեսին ամեն տեղ էլ այդպես է, եւ պետք չէ կարծել, որ Հայաստանը աշխարհից դուրս է)։ Գրադարանները պետք է գիրք գնեն, սակայն հաճախ նրանց բյուջեն թույլ չի տալիս դա անել։ Համաձայն եմ, որ մենք սովորել ենք նվերների, բայց անձամբ ես գիրք չեմ նվիրում։ Եվ ցանկացած գիրք, որը հանձնվում է մարզային գրադարանին՝ ունենում է իր փաստաթուղթը, կնիքը, հաշվետվությունը։ Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ծնող ներքուստ զգա, որ կարելի է 200 կամ 500 դրամով գիրք գնել ու տալ իր երեխային։ Երբ գիրքը գնում ես, այն նաեւ արժեւորում ես։ Ճիշտ կլինի ասել՝ արժեւորում ես գրականությունը։

– Դուք կարողացել եք այս ծրագրի շուրջ համախմբել հայաստանյան հրատարակիչներին, որոնք մրցակցելով իրար հետ՝ հազվադեպ են համագործակցում։

– Իրականում ոչ բոլոր հրատարակիչներն են մեզ միացել։ Եվ ես նրանց հասկանում եմ, քանի որ այս ծրագիրն իրենց առջեւ լուրջ խնդիրներ է դնում։ Իհարկե, գրքերի տեղափոխումը ապահովում է «Արտբրիջը» (մեքենայի վարձից բացի, նաեւ աշխատակազմին է վճարում, գրքերի կորուստի կամ փչանալու դեպքում էլ ծածկում է ծախսերը), սակայն շատ հրատարակիչներ մտածում են՝ ինչո՞ւ պետք է գրքերը տարվեն հեռու մի տեղ ու հետո նորից ետ բերվեն, չէ՞ որ դրանք կարող են եւ չվաճառվել։ Ընդ որում՝ մարզերում գրքերը ինքնարժեքով են վաճառվում, եւ դրամական շահույթ հրատարակիչները չեն ունենում։

– Ստացվում է, որ Դուք վնասո՞վ եք աշխատում։

– Գումարը ետ վերադարձնելու մասին չեմ մտածում, գումարը ես այլ միջոցներով կաշխատեմ։ Այս ծրագիրն ինձ համար երկարատեւ ներդրում է։

– Հայտնի է, որ հրատարակիչները նույնիսկ մեծ ցանկության դեպքում՝ գիրք նվիրելու հնարավորություն չեն ունենում։ Գիրքը հարկվում է, եւ հարկի չափը բավականին մեծ է։ Արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ, ասենք, 5 տարի առաջ տպագրված գիրքը՝ չվաճառվելու դեպքում, հնարավոր լիներ օրենսդրորեն անհատույց հանձնել մանկական գրադարաններին։

– Գիրքը պետք է հրատարակիչներին շահույթ բերի, դա բիզնես է։ Եվ միգուցե 5 տարին քիչ ժամկետ է, քանի որ գիրքը դեռ «աշխատում» է շուկայում։ Երեւի այդ ժամկետը պետք է 7 տարի սահմանել, հետո արդեն տարեցտարի պակասեցնել այն։ Այժմ գրքի նվերը իրացում է համարվում։ Եվ մեզանից ոչ ոք ոչինչ նվիրել չի կարող։ Մենք պետք է վճարենք, եւ հետո միայն նվիրենք։ Իսկ օրենքները… Գիտեք, աշխարհի տարբեր անկյուններում ապրող բիզնեսմենները միշտ փորձում են որքան կարելի է քիչ շփվել պետության հետ։ Իսկ Հայաստանում բոլոր բիզնեսմենները ուզում են անպատճառ պետության հետ կապված լինել։ Դա վատ է։ Հասկանալի է, որ հիմա եւ՛ հրատարակիչները, եւ՛ գրադարանները, եւ՛ երեխաները հսկայական խնդիրներ ունեն, բայց եկեք չմոռանանք, որ վերջիվերջո գրքի տարածումը շահութաբեր, լուրջ ու երկարատեւ ներդրում է։

– Ապագա սպառող-ընթերցող պատրաստելո՞ւ դեպքում։

– Այո։ Ինձ թվում է, որ հիմա ինչ-որ բան որոշելիս, այլեւս հերիք է միայն կարճատեւ մտածողությամբ շարժվենք։ Օրինակ, հիմա խոսում ենք, որ այլեւս Հայաստանում գառ չունենք։ Բոլոր գառներին վաճառել ենք։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ գառ պահողներն այդքան կարճ մտածեցին ու որոշեցին բոլոր գառները վաճառել։ Ուզում ես ասել՝ այ մարդիկ, մի քանիսը թողնեինք, որպեսզի հետագայում հնարավոր լիներ շատացնել քանակը, մանավանդ, երբ զգացինք, որ գառների պահանջարկը մեծացել է։ Այսօր նման կարճամտությունը շատ վտանգավոր է։ Մեզ երկարատեւ ծրագրեր ու ներդրումներ են հարկավոր։

– Շատերը վախենում են, որ վաղվա օրը կայուն չի լինի, այդ պատճառով էլ ուզում են հենց այսօր որքան կարելի է մեծ շահույթ ստանալ։

– Դա վախ չէ, այլ էգոիզմի դրսեւորում է։ Ասենք՝ ես այսօր ընդամենը մեկ բաժակ ջուր ունեմ ու գիտեմ, որ վաղը ջուր գնելու հնարավորություն չեմ ունենա, ի՞նչ պիտի անեմ։ Կամ պետք է այսօր ամբողջը խմեմ ու վաղը ծարավից մեռնեմ, կամ պետք է այդ ջուրը կիսեմ, որպեսզի վաղն էլ ինձ հերիքի։ Ոչ մեկս էլ ամբողջը խմելու պետքություն չունենք։ Եվ երբ մտածում ես երկարատեւ ծրագրերի մասին, հասկանում ես` որքան հետաքրքիր գործեր կարելի է անել։ Իհարկե, շատ բան կախված է անձերից։ Վերջերս Չարենցավանի գրադարան էինք գնացել, ու տեսանք, որ նորանշանակ գրադարանավարուհին անխտիր բոլոր հրատարակիչներին նամակներ է գրել ու իրենցից գրքեր է պահանջել։ Ոմանք տվել էին, ոմանք էլ մերժել էին, բայց դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ այդ մարդը ուզում է աշխատել ու իր համայնքի համար նոր գրքեր բերել։ Նա եկել է Երեւան, նվերի լիազորագրով գրքեր է գնել ու տարել է Չարենցավան։ Վա՞տ է։ Կարծում եմ, շատ լավ է։ Բայց նրա նմանները քիչ են։

– Իսկ շրջիկ գրադարան-ավտոբուսի ստեղծման մասին չե՞ք մտածել։ Այն կարող է պարբերաբար հայտնվել գյուղերում ու գրքերի փոխանակում կատարել։

– Երբ այս ծրագիրը սկսեցի՝ ուզում էի ամեն մի վաճառված գրքից 10 դրամ ետ գցել ու երթուղային ավտոբուսներ գնել։ Պատկերացնում էի, որ դրանք պետք է խելագար գույներով ներկված ու զարդարված լինեն ու ամիսը մեկ անգամ գյուղեր գնան։ Այդ «մարշրուտկաները» պաղպաղակի ավտոբուսների նման պայծառ ու գույնզգույն պետք է լինեն եւ իրենց ազդանշանով զգուշացնեն՝ ես եկել եմ։ Եվ երեխաները հնարավորություն պետք է ունենան ամիս առաջ գնած գիրքը հանձնել ու դրան համարժեք այլ գիրք վերցնել։ Այդ գաղափարը սկզբում շատ ոգեւորեց հրատարակիչներին, բայց հետո տարբեր խնդիրներ սկսվեցին։ Մտածեցինք, որ ավելի լավ կլինի այդ 10 դրամը չավելացնենք, որպեսզի մարդկանց գնողունակությունը չընկնի։ Հետո էլ օրենքներ փոխվեցին եւ պարտադիր դարձավ ՀԴՄ-ն։ Եվ եթե այդ «բիբլիոբուսը» կամ փոքրիկ ավտոբուսը որեւէ գիրք է վաճառում, ուրեմն պարտադիր պետք է ՀԴՄ ունենա։ Վաճառքով զբաղվողն էլ անպայման պետք է լուսանկարի, թե իր տարածքի կոնկրետ ո՞ր անկյունում է տեղադրում ՀԴՄ, այլապես կխախտի օրենքը։ «Արտբրիջն», օրինակ, չի կարող իր ՀԴՄ-ն վերցնի ու դրանով գնա, ասենք, Երվանդաշատ։ Իսկ շարժական ՀԴՄ-ներ ունենալու իրավունք չկա։ Եվ ուրեմն ինչպե՞ս պետք է այդ ավտոբուսները գործեն։ Շղթան է խախտված, իսկ դա իրականում մեզ բոլորիս շատ է խանգարում։ Եթե գիրքը հարկվում է եւ իրացում է համարվում, ապա իրացման ձեւերը պետք է անխափան գործեն։

– Իսկ օրենք փոխելու նախագիծ ներկայացնել հնարավոր չէ՞։

– Օրենքները փոխվում են լոբբինգով։ Հրատարակիչները նման փորձ արեցին, երբ 7 տարվա գրքերը հարկերից ազատելու մասին անհրաժեշտություն առաջացավ։ Այդ փորձը չստացվեց։ Հետո առաջ եկավ սիստեմատիկ վաճառքի խնդիրը։ Եթե ՍՊԸ ես բացում, ուրեմն օրենքի համաձայն՝ պետք է փող աշխատես, այլապես՝ սխալ գործունեություն ես վարում։ Իսկ եթե հասարակական կազմակերպություն ես հիմնում, պետք է սպասես, որ բոլորը քեզ գումար աշխատելու մեջ կկասկածեն։ Ես դա չեմ ուզում։ Մեր փոքր պետության բյուջեն նավթից չի գոյանում, այլ հաջող բիզնեսից է հավաքվում։ Եվ պետությունը չպիտի որոշի, թե ո՞րն է այսօր առաջնահերթը (ասենք՝ գրականությունը կամ երաժշտությունը), պետությունը պետք է միայն օրենքների շղթան վերահսկի ու կանխի շահարկումները։ Դա է պետության գործը։

– Իսկ բարեգործության մասին օրենքի բացակայությունը Ձեզ չի՞ խանգարում։

– Անկեղծ ասած` վստահ չեմ, որ մենք պատրաստ ենք այդ օրենքին։ Տեսեք, թե վերջին 2 տարվա ընթացքում մենք որքան շատ սպորտային մեդալներ ունեցանք։ Իսկ այդ նվաճումը հնարավոր եղավ նրա շնորհիվ, որ մի քանի մարդիկ բարեգործություն արեցին ու ապահովեցին մարզիկների մարզումները։ Տարբեր մրցույթներում բարձրացվեց հայկական դրոշն, ու մենք հպարտացանք դրանով։ Վա՞տ էր։ Իհարկե՝ ոչ։ Բայց մեր հոգեբանությունն այնպիսին է, որ մենք այդ բարեգործների մասին խոսելիս՝ ասում ենք, որ նրանք դա արել են ինքնահաստատվելու, ինքնագովազդվելու համար։ Իսկ եթե, ասենք, նման բան արվի արվեստի որեւէ ճյուղում, ինչպե՞ս մենք կնայենք այդ բարեգործներին։

– Կարծում եմ` լավ կնայենք։

– Միգուցե՝ այո։ Բայց հաստատ գիտեմ, որ բարեգործները ստիպված կլինեն անընդհատ ապացուցել, որ «մաքուր» են աշխատում։ Հիմա այդ դաշտում շատ բան զարգացավ «Վիվա Սելի» շնորհիվ։ Հովանավորությունը բիզնեսի ձեւ է, կասեի՝ պարզապես ֆանտաստիկ ձեւ է։ Եվ պետությունն այդ բիզնեսում որեւէ դեր խաղալ չի կարող։ Փող ծախսելով որեւէ ծրագրի վրա՝ դու աջակցում ես լավ նախաձեռնությանն ու միաժամանակ՝ քո բիզնեսն ես գովազդում։ Ընդհանրապես ես ամեն ինչ երկարատեւ ներդրման տեսանկյունից եմ դիտարկում։ Եվ հովանավորությունն էլ նման «մաքուր» ու երկարատեւ ներդրում եմ համարում։