Սա հասկանալու համար անհրաժեշտ է պատկերացնել նստելու ձեւերը, որոնցից ամեն մեկն իր «լեզուն» ունի: Ստորեւ նկարագրված են նստելու ամենից շատ ընդունված, հետեւաբար` ավելի ուսումնասիրված տարբերակները:
1. «Դրական»: Եթե զրուցակիցների ծնկներն ուղղված են մեկմեկու, ապա առանց սխալվելու մեծ հավանականության կարելի է ասել, որ հանդիպումը ընթանում է փոխըմբռնման մթնոլորտում եւ կունենա հաջող ավարտ:
2. «Բացասական»: Երբ այցելուին ընդունողը նստած է բազկաթոռին «փռված», մի ոտքը արմնկակալին գցած, կարող եք համարել, որ նա ամբարտավան է եւ ագրեսիվ: Այստեղ խոսք լինել չի կարող կառուցողական հաղորդակցության մասին:
3. «Հեծյալը»: Պատկերացրեք դիմացինին նստած, դեմքով դեպի աթոռի թիկնակը, ոտքերը լայն բացած: Այս նստելաձեւի հիմքում ընկած է դարերի խորքից եկող պաշտպանական բնազդը, երբ աթոռի թիկնակը ծառայել է որպես վահան: Նման դիրք ընտրած անձնավորությունը տրամադրված է ագրեսիվ, հարձակողական-պաշտպանողական կամ իշխելու միտում ունի:
4. «Կատապուլտա»: Ձեր զրուցակիցը ձեռքերը արմունկ կազմած, մատները հանգուցված հետեւի կողմից բռնում է գլուխը կամ ծոծրակը: Նման դիրքով նստած անձնավորությունը ցուցադրում է իր առավելությունը եւ իշխանությունը դիմացինի նկատմամբ: Այս կերպ ամբարտավան չինովնիկներն են ընդունում իրենց ենթականերին եւ այցելուներին:
5. «Պատրաստակամություն»: Զրուցակիցը մի փոքր կքված է առաջ: Նա մի ձեռքը ծալել է արմուկի մոտ եւ հենել ոտքին` ծնկի վրա: Մյուս ձեռքի բաց ափը դրել է մյուս ծնկին: Բանակցության ընթացքում կարեւոր է «որսալ» դիմացինի այս կեցվածքը: Եթե մինչ այդ դրանք անցել են հաջող, կարելի է սպասել արդյունավետ ավարտի: Հաջողության նշան է, եթե այս դիրքը ընդունողը բռնում կամ շփում է կզակը:
6. «Ստարտ»: Բանակցության մասնակիցը նկատելիորեն թեքված է առաջ, ձեռքերի ափերը դրված են ծնկներին կամ երկու կողմից բռնել են աթոռի նստատեղը: Եթե զրուցակիցն ընդունել է այս դիրքը, ձեզ մնում է խոսակցության նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը կամ փոխել թեման: Հակառակ դեպքում այն կարելի է համարել ավարտված: (N:N: 2, 3, 4, նստելաձեւերը բացառվում են դիվանագիտական պրակտիկայում, համարվում են անընդունելի կանանց ներկայությամբ):
Հանդիպումների, ընդունելությունների եւ ճաշկերույթների ժամանակ նստելու օպտիմալ ձեւերով, ինչպես նաեւ սեղանների շուրջ հյուրերի դասավորվածությամբ հետաքրքրվողները դրանք կարող են հեշտությամբ գտնել դիվանագիտական արարողակարգի վերաբերյալ բազմաթիվ գրքերում` այդ թվում հայերեն լեզվով: Երիտասարդ դիվանագետին խորհուրդ կտայի առաջնորդվել արարողակարգի ընդունված դասագիրք համարվող Diplomatic Ceremonial and Protocol, John R. Wood and Jean Serres-ով։
Դեմքը` ընթերցանության ժողովածու
Ոչվերբալ հաղորդակցության առաջին արտահայտություններից մեկը, որը ծագել է մարդկության հետ, միմիկան է` դիմախոսությունը: Մենք միմիկան ժառանգել ենք մեր նախնիներից` բարձրակարգ պրիմատներից, եւ հետագայում զարգացրել ենք այն: Միմիկան արտացոլում է անձի ներքին էմոցիոնալ վիճակը` կրում է որոշակի ինֆորմացիա նրա ապրումների մասին: Մի շարք հոգեբանների կարծիքով՝ միմիկան կազմում է դեմքի, հայացքի, աչքերի, շրթունքների արտահայտության 70 %-ը: Այս տվյալները չեն համապատասխանում Ալբեր Մեհրաբյանի տվյալների հետ: Ինչեւէ, սակայն ժխտել, որ մարմնի օրգաններն ի վիճակի են հաղորդել ավելին քան խոսքերը, նույնպես սխալ կլինի: Վերցնենք, օրինակ, հայացքը: Այն կարող է լինել գործնական, երբ ֆիքսվում է զրուցակցի ճակատի շրջանում եւ ենթադրում է գործընկերային լուրջ մթնոլորտի ստեղծում: Երբ հայացքն իջնում է դիմացինի աչքերի մակարդակից վար` մինչեւ շրթունքները, տրամադրում է աշխարհիկ, անբռնազբոսիկ զրույցի: Իսկ երբ այն ուղղված է դեմքից ներքեւ` մարմնի մյուս մասերին, մինչեւ կուրծքը, հաղորդակցությունն ընդունում է ինտիմ ուղղվածություն: Եթե թվարկված հայացքները ունեն միմյանց հետ հաղորդակցվելու ձգտում, ապա շեղ` «թարս» հայացքը, ընդհակառակը, վկայում է, որ զրուցակիցը դիմացինի նկատմամբ ունի քննադատական վերաբերմունք կամ կասկածանք: Ճակատը, հոնքերը, բերանը, աչքերը, քիթը, կզակը` այս ամենը արտահայտում են մարդու հիմնական էմոցիաները` ուրախություն, երջանկություն, հրճվանք, համակրանք, տխրություն, զարմանք, վախ, զզվանք, տառապանք, զայրույթ: Ընդ որում, ավելի հեշտ է ճանաչել դրական էմոցիաները` ուրախությունը, սերը, զարմանքը, քան բացասական էմոցիաները` տրտմությունը, նողկանքը, ցասումը: Ապացուցված է նաեւ, որ դեմքի ձախ մասը ավելի շուտ եւ հաճախ է մատնում էմոցիաները, քան` աջ մասը, որը «հսկում է» մարդու էմոցիաների վրա: Դրական էմոցիաները քիչ թե շատ հավասարաչափ են բաշխված դեմքի երկու կեսի վրա, իսկ բացասականները հաճախ են հայտնվում ձախ մասում:
Այսպիսով, դիվանագետը գիտակցելով հանդերձ, որ դեմքը ինֆորմացիայի արժեքավոր աղբյուր է, չպետք է մոռանա, որ այդ նույն դեմքը կարող է եւ՛ ճիշտ խոսել, եւ՛ ստել, կարող է միաժամանակ անել եւ՛ մեկը, եւ՛ մյուսը: Ինչպես նշում է Փոլ Էքմանը՝ «սովորաբար դեմքը կրում է երկու ինֆորմացիա. այն` ինչը որ ստախոսն ուզում է ասել, եւ այն` ինչը որ նա ուզում է թաքցնել»: Անվանի հոգեբանը գտնում է, որ «ստախոսի դեմքը ինչ-որ մի պահի կարող է երեւալ միանգամայն համոզեցուցիչ, սակայն մի ակնթարթ անց նրա վրա կարող են ուրվագծվել թաքուն մտքեր: Լինում է նաեւ այնպես, որ եւ՛ անկեղծ, եւ՛ շինծու էմոցիաները միաժամանակ փոխանցվում են դեմքի տարբեր մասերին»: Նա այն միտքն է հայտնում, որ մարդկանց մեծ մասը չի կարող անմիջապես կռահել զրուցակցի սուտը, եթե չգիտե տարբերել դեմքի անկեղծ եւ կեղծ արտահայտությունները: Իրոք, դա բարդ տեխնիկա է, որը դիվանագետից պահանջում է տարիների փորձառություն եւ հատուկ պատրաստություն: Այս հարցում նրան օգտակար կարող են լինել նշված գիտնականի մենագրությունը՝ «Telling Lies», Paul Ekman, ինչպես նաեւ վերջերս հրատարակված՝ «Իսկուստվո օբմանա», Յուրի Սչերբատիխ.
Մինչեւ հիմա մենք խոսում էինք զրուցակցի միմիկայից: Իսկ ի՞նչ գիտենք մեր սեփական միմիկայի մասին: Ոչինչ կամ գրեթե՝ ոչինչ: Հայելին չեզոք առարկա է: Հետեւաբար մեր արտացոլումը նրա մեջ` անաչառ է: Այդ իսկ պատճառով մենք կարող ենք չգիտակցել, որ մեր դեմքը խոսակցին երբեմն հաղորդում է սեփական խոսքերին ամենեւին չհամապատասխանող ինֆորմացիա, ստեղծելով նրա մոտ ոչ ճիշտ տպավորություն մեր մասին: Օրինակ` դեմքի լարվածությունը հաճախ սխալմամբ կարող է մեկնաբանվել որպես սրտնեղության, զայրույթի, անհամաձայնության արտահայտություն, մինչդեռ մենք այդ պահին ունենք այլ` դրական էմոցիաներ: Դիվանագիտական հաղորդակցության ժամանակ հարկ է հաշվի առնել այս կարեւոր հանգամանքը: Ես նկատի ունեմ այն ինֆորմացիան, որ մեր դեմքը փոխանցում է զրուցակցին: Եվ, վերջին հաշվով, դեմքը քարակերտ քանդակ չէ, ոչ էլ մումիա: Այլ ներկայացնում է տարբեր շարժումների ամբողջական բույլք` գամմա, որոնք արտահայտվում են միմիկայի միջոցով: Զրույցի ընթացքում դեմքը, մի կողմից, առանց խոսքի, փոխանցում է ինֆորմացիա դիմացինի տրամադրության, վերաբերմունքի եւ հետաքրքրությունների մասին, մյուս կողմից նրան է հասցնում այդ ամենը` մեր մասին: Ուրեմն՝ ոչվերբալ շփումները միմիկայի օգնությամբ երկկողմանի փոխներգործության անհրաժեշտ գործոններ են: Միմիկայի վիտուոզ տիրապետման վրա է կառուցված բանակցային արվեստը, որը ինչ-որ չափով նման է թղթախաղի բլեֆին: Պրոֆեսիոնալ դիվանագետը, ըստ անհրաժեշտության, կարող է միմիկայի միջոցով արտահայտել գոհունակություն կամ դժգոհություն, դրանով իսկ շփոթության մատնելով դիմացինին:
Էթնոսների ներկայացուցիչների միմիկաները տարբերվում են: Սակայն նրանց մեջ կան նաեւ ընդհանուր գծեր: Օրինակ` սարսափի զգացումը ամենուր արտահայտվում է կտրուկ վեր բարձրացած հոնքերի, լայն բացված աչքերի («Վախից աչքերը չռվեց»,- ասում է ժողովուրդը), կիսաբաց բերանի, ձեռքերի տենդագին շարժումների միջոցով: Բոլոր երկրներում հաճելի էմոցիաներ զգալիս՝ մարդկանց աչքերը նեղանում են, բերանի անկյունները հեռանում են եւ բարձրանում վեր: Զայրույթի դեպքում հոնքերը կիտվում են, զարմանքի պարագային` բարձրանում: Նման են նաեւ ուրախության արտահայտությունները: Տարբեր երկրների ներկայացուցիչներին ցույց է տրվել երջանկություն, զայրույթ, սարսափ, տխրություն, զզվանք եւ զարմանք ապրող մարդկանց լուսանկարներ: Գրեթե բոլորը էմոցիաները ճանաչել եւ անվանել են իրենց անուններով: Բացառություն են կազմել միայն ճապոնացիները, որոնք սարսափի արտահայտությունը միասնաբար ընկալել են որպես զարմանքի արտահայտություն: Սա գալիս է հաստատելու այն վարկածը, որ էմոցիաների արտահայտման մեխանիզմը բնածին է: Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Լինդա Կամրասը դեմքի արտահայտության համակարգի կոդավորման օգնությամբ ֆիքսել է ամերիկացի եւ ճապոնացի նորածինների ռեակցիան: Պարզվել է, որ ամերիկացի եւ ճապոնացի երեխաներն իրենց զգացմունքներն արտահայտում են կատարելապես միանման: