Ընդդիմության վերջին աշունը

07/09/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Այս աշունը մի քանի առումներով Հայաստանի համար իսկապես կարող է վճռորոշ
լինել: Նախ՝ սեպտեմբերի կեսից հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում եւ
համայնքներում սկսվում են տեղական ինքնակառավարման մարմինների
ընտրությունները: Այս հարցում ընդդիմությունը որդեգրել է քաղաքական
տրամաբանության տեսանկյունից տարօրինակ, սակայն գործող ընդդիմությանը
միանգամայն բնորոշ դիրքորոշում. իշխանությունը արատավորված է ամենաբարձր
մակարդակում եւ այն պետք է փոխել ոչ թե ներքեւից, այլ վերեւից: Այսինքն՝
ընդդիմությունն իր գործունեությունը (եթե այն կարելի գործունեություն
անվանել) կառուցում է ժողովրդական իմաստուն, բայց միեւնույն ժամանակ՝
պարզունակ «ձուկը գլխից է հոտած» տրամաբանությամբ: Իհարկե, երբեմն այդ
սկզբունքը կիրառելի է որոշ երեւույթներ ժողովրդին հասկանալի լեզվով
բնութագրելու համար: Մինչդեռ ընդդիմության՝ ՏԻՄ ընտրություններին
չմասնակցելը համակարգային փոփոխությունների անհրաժեշտությամբ
պայմանավորելը ընդամենն ինքնարդարացում է, քանի որ պետական իշխանության
համակարգը սկսվում է հենց տեղական ինքնակառավարման մարմիններից:
Բարձրագույն իշխանության ֆունկցիան որոշումների կայացումն է, իսկ այդ
որոշումներն իրագործում են տեղական ինքնակառավարման մարմինները: Բացի այդ,
վերջիններս ապահովում են իշխանություն-հասարակություն անմիջական կապը, եւ
մարդիկ իշխանությանը լավ կամ վատ են վերաբերվում առաջին հերթին տեղական
ղեկավարների աշխատանքից ելնելով, քանի որ ժողովրդի ամենօրյա, կենցաղային
խնդիրները կապված են ՏԻՄ-երի հետ: Իհարկե, պետական քաղաքական համակարգում
տեղական ինքնակառավարման մարմինների նշանակությունն այսքանով չի
սահմանափակվում: Որպես իշխանության ստորին հարթություն՝ ՏԻՄ-երը լուրջ
դերակատարում ունեն իշխանության մյուս մակարդակների ձեւավորման հարցում,
այսինքն՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում: Իսկ այն, որ
իշխանությունը տեղական ինքնակառավարման մարմիններում ցանկանում է տեսնել
«սեփական մարդկանց», նույնպես բնական է: Եթե մի պահ վերանանք անձնավորված
մոտեցումներից եւ խնդիրը դիտարկենք քաղաքական համակարգի ձեւավորման
տրամաբանության շրջանակներում, ապա միանգամայն նորմալ է, որ իշխանության
եկած քաղաքական ուժը ձգտում է իր համակիրներով համալրել նաեւ իշխանության
մյուս մարմինները: Թեեւ Հայաստանում եղել եւ շարունակում են վճռորոշ լինել
ոչ թե քաղաքական տրամաբանությունը, այլ անձնական գործոնները: Մի խոսքով,
չնայած Երեւանի հատուկենտ համայնքներում ընդդիմությունն, այնուամենայնիվ,
առաջադրելու է իր թեկնածուներին (օրինակ՝ Կենտրոն համայնքում ՀԺԿ-ն
պատրաստվում է առաջադրել Ռուզան Խաչատրյանի թեկնածությունը, ինչը, անկախ
նրա հնարավորություններից, ողջունելի է), սակայն, ընդհանուր առմամբ,
ընդդիմությունը դուրս է մնալու ՏԻՄ ընտրությունների գործընթացից կամ նրա
մասնակցությունը լինելու է նվազագույնը: Իսկ այդ դիրքորոշումը որեւէ կերպ
հիմնավորել հնարավոր չէ:

Աշնանը սպասվող հաջորդ եւ իր նշանակությամբ ավելի կարեւոր իրադարձությունը
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն է: Մոտ երկու ամիս սեթեւեթելուց
հետո ընդդիմադիրները վերջապես որոշեցին, որ անկախ սահմանադրական
բարեփոխումների բովանդակությունից (դրական կամ բացասական լինելուց)՝ չի
կարելի մասնակցել ոչ լեգիտիմ իշխանության նախաձեռնած բարեփոխումների
գործընթացին ու առավելեւս հասարակությանը կոչ անել՝ «Այո» ասել այդ
Սահմանադրությանը: Մանավանդ, որ այդ փոփոխություններն անցկացնելուց հետո
նոր Սահմանադրությունը կարող է օգտագործվել Ռոբերտ Քոչարյանին երրորդ
անգամ առաջադրվելու հնարավորություն տալու համար: Եվ միասնական
դիրքորոշմամբ Սահմանադրության փոփոխություններին «Ոչ» ասելու որոշումը
ընդդիմությանը բացառիկ հնարավորություն է տալիս հասնել միասնական նպատակի՝
իշխանափոխության կամ ժողովրդական հեղափոխության: Այսինքն՝ ընդդիմությունն
արդեն այսօրվանից հնարավորություն ունի կոնկրետ գործողությունների կոնկրետ
ժամանակացույցով ակտիվացնել հասարակությանը՝ աշնանը բուն Սահմանադրական
հանրաքվեի ժամանակ հասարակական ալիքը կուլմինացիոն վիճակի հասցնելու
համար: Ընդ որում, այդ ամենն ընդդիմությունը կարող է անել, ինչպես կարգ ու
կանոնի կողմնակիցներն են սիրում նշել, բացառապես Սահմանադրության
շրջանակներում: Այսինքն՝ սահմանադրական բարեփոխումները՝ որպես պայքարի
բովանդակային հիմք ունենալով, սահմանադրական ճանապարհով երկրում
վերականգնել սահմանադրական կարգը: Ընդ որում, թեեւ Սահմանադրական
բարեփոխումները համարվում են այսօրվա քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը,
սակայն հասարակության շրջանում ակտիվությունն արթնացնելու համար
ընդդիմությունը կարող է օգտագործել մարդկանց համար կենսական նշանակություն
ունեցող մի շարք խնդիրներ՝ սկսած մայրաքաղաքի կենտրոնի ապօրինի
կառուցապատումից ու երթուղային տաքսիների չստացված, բայց առաջիկայում
կրկին կիրառվելիք թանկացումից, վերջացրած Ղարաբաղյան հարցով ու
տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի մեկուսացման փաստերով: Սակայն եթե
ընդդիմությունն այս անգամ էլ ճանապարհի կեսից ժողովրդին «ուղարկի տուն»,
եւ ընդդիմության լիդերներն իրենց ապահովության համար հանրահավաքների
մասնակիցներին թողնեն ոստիկանական մահակների տակ, ապա Հայաստանում
հեղափոխության եւ ընդհանրապես ժողովրդավարության հաստատման ու
սահմանադրական կարգի վերականգնման մասին կարելի է մոռանալ: Առնվազն մինչեւ
2013 թվականը:

Եվ վերջապես, նոյեմբերին՝ գրեթե մեր Սահմանադրական հանրաքվեին զուգահեռ,
Ադրբեջանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնց
արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի համար՝
ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում,
այնպես էլ ողջ տարածաշրջանի «ժողովրդավարական քարտեզի» փոփոխության
առումով: Եթե այսօր տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ է համարվում
Վրաստանը, ապա բացառված չէ, որ նորմալ խորհրդարանական ընտրություններ
անցկացնելու պարագայում անգամ ավոտորիտար համարվող Ալիեւի ռեժիմին
միջազգային հանրությունը սկսի վերաբերվել որպես ժողովրդավարական
վարչակարգի: Այդ դեպքում Հայաստանում հեղափոխության իրականացման
հնարավորությունը մի քանի անգամ կնվազի, քանի որ ԼՂ հարցն Ադրբեջանի օգտին
լուծելու համար միջազգային հանրությանն անհրաժեշտ է, որ Ադրբեջանում լինի
ժողովրդավարական, իսկ Հայաստանում՝ ոչ լեգիտիմ իշխանություն:

Այնպես որ, այս աշունն իսկապես կարող է վճռորոշ լինել ինչպես Հայաստանի
Հանրապետության, այնպես էլ քաղաքական ուժերի՝ իշխանության ու ընդդիմության
համար: Այդ իմաստով, 2005 թվականի աշունը կարող է լինել ընդդիմության
վերջին աշունը: