Նշված հիվանդություններն այսօր շատ տարածված են: Օրինակ` ջրծաղիկը սկսում է վատ ինքնազգացողությամբ:
Մարմնի ջերմաստիճանը կարող է հասնել 380-ի, եւ ցան առաջանալ` ջրով լցված բշտիկների ձեւով: Սկզբում դրանց քանակը շատ չի լինում, բայց 2 օրվա ընթացքում շատանում է` տարածվելով ամբողջ մարմնով մեկ: Ցանը շարունակում է դուրս տալ 1 շաբաթ շարունակ: Երեխաներն այս հիվանդությունը բավականին թեթեւ են տանում, իսկ մեծերի մոտ հնարավոր են նույնիսկ բարդացումներ: Թույլ դիմադրողականության դեպքում հնարավոր է հիվանդությունը նորից կրկնվի: Այս հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տեւել 11-21 օր: Այն փոխանցվում է միայն օդակաթիլային ճանապարհով: Երեխան վարակիչ կարող է համարվել ցանը դուրս տալուց 2 օր առաջ եւ դադարում է վարակիչ լինել վերջին ցանը դուրս տալուց 5 օր հետո: Ջրծաղիկի բարդությունն այն է, որ հնարավոր է քորելիս վարակ անցկացնել` ստաֆիլոկոկային կամ ստրեպտոկոկային: Արտասահմանյան շատ երկրներում ջրծաղիկի դեմ պատվաստումները համարում են ճիշտ:
Մանկական վարակիչ հիվանդությունների թվին են պատկանում նաեւ կարմրուկը, կարմրախտը, քութեշը: Կարմրուկը սկսում է ջերմության կտրուկ բարձրացմամբ, կոպիտ հազով ու աչքերի կարմրությամբ: Հիվանդը սկսում է բողոքել գլխացավից ու աչքերի այրոցից, երկրորդ օրը այտերի լորձաթաղանթի վրա առաջանում են կարմիր եզրագծով բծեր, իսկ հետո 3-4 օր շարունակ սկսում է խոշոր ցանավորում սկզբից՝ դեմքին, ապա՝ ականջների հետեւամասում: Հետո 1 օր էլ՝ ոտքերի ու ձեռքերի մատների վրա, ու քիչ-քիչ սկսում է հետ քաշվել, իջնում է ջերմությունը, իսկ ցանի տեղերն անցնում են 1 շաբաթից: Այս հիվանդության գաղտնի շրջանը 9-14 օր է, եւ փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդությունը վարակիչ է այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է ցանը: Այն վտանգավոր է իր հնարավոր բարդություններով` բրոնխիտի, օտիտի, լիմֆոդենիտի, թոքաբորբի տեսքով: Շատ հազվադեպ հնարավոր է նաեւ մենինգոէնցեֆալիտի զարգացում:
Քութեշ հիվանդությունը հենց սկզբից ունի սուր արտահայտություն` բարձր ջերմություն, գլխացավ, եւ երեխաներն անընդհատ բողոքում են, որ կուլ տալու ժամանակ կոկորդը շատ ուժեղ ցավում է: Երբեմն նույնիսկ հնարավոր է փսխում: Քութեշը միշտ ուղեկցվում է անգինայով եւ ամենաբնորոշ ախտանիշը` նշիկները վառ վարդագույն են լինում: Ցանը առաջանում է հիվանդության հենց առաջին օրը, դրանք մանր, հազիվ նկատելի վարդագույն կետիկներ են` տարածված դեմքին ու մարմնին: Ցանն անցնում է 1 շաբաթվա ընթացքում` չթողնելով ոչ մի պիգմենտային հետք: Այդ մասերում պարզապես մաշկը սկսում է թեփոտել ու անցնում է ժամանակի ընթացքում: Այս հիվանդության գաղտնի շրջանը կարող է լինել 2 ժամից մինչեւ 10 օր: Քութեշը փոխանցվում է ոչ միայն օդակաթիլային ճանապարհով, այլ նաեւ սպասքի ու խաղալիքների միջոցով: Երեխան վարակիչ է՝ սկսած հիվանդության արտահայտության առաջին իսկ օրից, մինչեւ 10 օր: Թվարկված բոլոր հիվանդություններից հետո դիմադրողականությունը պահպանվում է մինչեւ կյանքի վերջը:
Իհարկե, միշտ չէ, որ ցանը վարակիչ հիվանդության ախտանիշ է: Հատկապես երեխաների մոտ հնարավոր են ալերգիաներ, քրտնախաշ: Այդ պատճառով չի կարելի ցան տեսնելիս անպայման երեխային տալ դեղորայք: Առաջին հերթին պետք է դիմել մանկաբույժի օգնությանը` ճիշտ ախտորոշում կայացնելու համար: Մինչ բժշկի գալը պետք չէ ինքնագործունեություն ծավալել եւ ցանի վրա որեւէ այլ բան քսել, քանի որ այն լավ չի երեւա: