Մրջյունը
Հնարավոր է նույնիսկ, որ, շշմելով ամառվա տապից եւ ծառի տակ խոտերի մեջ նստած, նա կդառնա մի մարգագետնում տեղակայված հարեւան մրջնանոցների միջեւ տեղի ունեցող դաժան պատերազմի վկան: Այսպես, օրինակ, փառաբանված Դարվինը հիրավի զարմացել էր, մի անգամ հայտնաբերելով հետեւյալը` բավ է, որ խեղճ մրջյունը դեգերելով պատահաբար հայտնվի օտար մրջնանոցում, ուր ապրում են նույն ցեղի մրջյունները, նրան անմիջապես նույնացնում են օտարականի հետ, թեկուզ տասը, կամ հարյուր հազար մրջյունների մեջ, եւ նրա վերջն այնքան սարսափելի կլինի, որ ավելի վատը չես հորինի: Այստեղ հնարավոր են անհամար զուգահեռներ, քանի որ մրջյունները, հավանաբար, որքան նման են իրար, այնքան ուժգին է նրանց միջեւ ատելությունն ու միմյանց ոչնչացնելու ձգտումը: Բայց եթե հիմա ինչ-որ մեկը որոշի, որ բնությունը անում է իր գործը հանուն այն բանի, որպեսզի եւ մեզ, երեւութաբաններին, եւ սովորական մարդկանց ինչ-որ բան սովորեցնի, նա կսխալվի: Եթե մրջյունների եւ մարդկանց միջեւ այդքան շատ զուգահեռներ կան, եթե մենք՝ մարդիկ, չափազանց շատ բան ենք անում մրջյունների պես, եւ ընդհակառակը, այդ փաստը, ինչպես արդեն ասվել է, ավելի շուտ ինչ-որ մելամաղձոտություն է հարուցում, եւ ոչ թե հույս այդ կարգի դասերից: Կիշպատիչը հաղորդում է, որ անգլիացի գիտնական Մոգրիջը մանրամասնորեն նկարագրել է երկու մեծ մրջնային պատերազմները, որոնցից առաջինը տեւել է հունվարի 18-ից մինչեւ մարտի 4-ը, իսկ դա մարդկային չափանիշներով համապատասխանում է հարյուրամյա պատերազմին, իսկ երկրորդը ձգվեց ուղիղ 31 օր, որ համապատասխանում է երեսնամյա պատերազմին մարդկության պատմության մեջ: Երկու պատերազմներն էլ սարսափելի ավերածություններ գործեցին եւ իրենց ետեւում բազում վիրավորներ ու մահացածներ թողեցին: Քանի դեռ ընթանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, մրջյունները նույնպես աներեւակայելի անթիվ պատերազմներ էին մղում, որոնց մասնակցում էին ողջ մրջնային պետություններ, ընդ որում, այդ պատերազմներից ոմանց մասին մենագրություններ են գրվել: Մեր ժամանակներում, ի թիվս երեսունվեց մարդկային պատերազմների, շատ պատերազմներ են մղվում մրջյունների միջեւ, հնարավոր է, ամեն մի մարգագետնում: Այժմ յուրաքանչյուր ֆենոմենոլոգի բացարձակապես պարզ է, թե ինչու հինավուրց հեղինակները, ինչպես նաեւ նոր ժամանակների շատ ու շատ գիտնականներ, մրջյուններով հափշտակված, այդպես գովաբանում են նրանց սրտացավությունը, ոգին եւ խելքը: Ըստ էության, մրջնի կերպարով նրանք գովաբանում են ինչ-որ այլ մի բան, եւ հատկապես` քանակի հաղթանակը, որ վերածվում է հաղթանակի որակի: Գործնականում խոսքն, այսպես ասած, պատմական ճամփախափանքի մասին է, որը հազիվ թե ունակ է ուղղելու ինչ-որ մենավոր մրջնակեր:
Այնպես որ հարկ չկա, ինչպես մեզ ուսուցանում է ժողովրդական իմաստությունը, տրորելու բոլորին քաջ հայտնի եւ նույնիսկ ասացվածքների մեջ մտած մրջնին: Քանզի նրան տրորել՝ կնշանակի՝ ոտնահարել սեփական պատմության սկզբունքը, որի վրա է հիմնված մրջնանոցի մեծ ուժը: Ավելի լավ է թողնենք նրան օգտվելու մեր պանրից, մեր կաղամբից, գրքերից, կահույքից, հացից: Մրջնին տրորելը, անշուշտ, կնշանակի՝ օձիքի մոտ կամ անդրավարտիքի մեջ մի ամբողջ մրջնանոց ստանալ: Այդպիսի պատմությունից ավելի լավ է փախչել, ի վերջո դա պետք է սովորի ամեն մի մենակյաց, անկախ այն բանից, թե ինչ չափի է նրա կնճիթը:
Հումբոլդտը իր աշխատություններից մեկում հայտնում է, որ Հարավային Ամերիկայում դժվար է մի գիրք գտնել, որ կես դարից ավելի է ապրել` մրջյունները այնտեղ դրանք մեծ անուշեղեն են համարում: Վերջերս Բուենոս-Այրեսում մրջյունները հմտորեն եւ սիրով կաշվի մեջ կազմած գիրք էին խժռել, որը նկարագրվել էր թերթերից մեկում, որը, ճիշտ է, լույս էր տեսնում Կարակասում, «Փոքրիկ վրեժ» անվանումով Գրքի կազմի վրա ոսկով դաջված էր «Ֆանտաստիկ կենդանաբանության ներածություն» վերնագիրը, բայց տառերը ողջ ոսկով հանդերձ կերվել էին հանց հրուշակեղեն:
Անձրեւորդը
Եթե մրջյունը` մանրի ֆենոմենոլոգիայի անհասանելի բարձունքն է, ապա անձրեւորդը` նրա գետնատակն է: Եկեք մանրի ֆենոմենոլոգիայի մեր համակարգի զարգացման տվյալ կետում լիովին կենտրոնանանք այդ արարածների մասին մտքի վրա, որոնք անձրեւից հետո հայտնվում են այդ գետնատակից եւ փռվում են արահետների եւ նույնիսկ ասֆալտի վրա: Շատ տիկնանց փոքր-ինչ անդուր կթվա հանդիպումն այս մանրիկ օձի հետ: Սակայն լորձունքով պատված այս արարածը ամենեւին վտանգավոր չէ եւ գոռոզամտորեն անտարբեր է պատահած ամեն մեկի հանդեպ, ով կկոխոտի նրան: Անձրեւորդը ամենեւին սպառնալիքի տակ չի դնում զզվող կնոջ «եսը»: Ավելին, նա փիլիսոփայական անվրդովությամբ նախօրոք հրաժարվում է իր «եսից»: Երկու մասի հատված անձրեւորդը մեզ է ներկայացնում շիզոֆրենիկի կերպարը: Չորս կամ ավելի մասերի մասնատելիս նա հիշեցնում է փոփոխության ընթացքում մշտակայության մասին, եւս մի օրինակ այդ կարգի բազում այլ բաներից, որ ցուցանում է մեզ մանրագույնի զարմանալի աշխարհը: Մի քանի անկախ իրարից անցկացված էքսպերիմենտների արձանագրությունները հաստատում են, որ մասնատման ենթարկված մրջյունը կարող է մի քանի ժամ ապրել առանց իր, այսպես կոչված, գլխի, որի կարիքը նա ընդհանուր առմամբ ունի: Համանման էքսպերիմենտը Մարիա Անտուանետի հետ անհաջող ստացվեց, ինչպես եւ անհաջող էին եւ այդ կարգի այլ անընդմեջ կրկնվող փորձերը: Ճիշտ է, այդ փորձերի որոշակի մասը անց էր կացվում համաշխարհային հասարակայնության աչքից հեռու: Մողեսի պոկված պոչի փոխարեն՝ աճում է նորը, բայց, ասենք, շարիաթի օրենքներով լրջորեն չի նախատեսվում, որ համանման բան կարող էր տեղի ունենալ եւ այլ դեպքերում: Միանգամայն այլ կերպ է անձրեւորդի դեպքում: Նա հեշտորեն բաժանվում է գլխից, իսկ հետո ինքն իրեն ստանում է այնքան օրինակներով, որքան ինքը ցանկանա: Մարդու փոխաբերությունը, ով մարդկանց բազմացնելու փոխարեն, հո՞տ է աճեցնում: Ոչ մի դեպքում: Ֆենոմենոլոգիայում ամեն բան ընդվզում է այդպիսի խեղաթյուրված համեմատության դեմ: Ինչո՞ւ փոխաբերություն: Տվյալ ֆենոմենոլոգիան մեր ժամանակի ոգուն եւ պոստմոդեռնիզմի պահանջներին համապատասխան առանձնանում է ստորակարգման բացակայությամբ, եւ եթե դրանից կարելի էլ է ինչ-որ բուն իմաստ կորզել, ապա դա այլ բան չի լինի, քան այն պնդումը, որ մարդ բնավ էլ բոլոր բաների չափանիշը չէ: Այսպիսով, եւս մեկ անգամ կրկնենք` եթե խոսքը փոխաբերության մասին է, ապա Նյու Յորքը` մրջնանոցի փոխաբերությունն է, բայց ոչ ընդհակառակը: Այնպես որ, հարկ չկա փոխաբերություն փնտրել այնտեղ, որտեղ մենք պարզապես գործ ունենք զուգահեռի հետ: Եթե տվյալ ֆենոմենոլոգիայում (կոնկրետ, օրինակ, ոջիլը հետազոտելիս) ժամանակ առ ժամանակ ստիպված ես լինում հիշատակել եւ մարդուն, ինչպես դա եղավ մրջյունների պատերազմները Եվրոպայի պատերազմների հետ կամ նույնիսկ համաշխարհային պատերազմների հետ, ապա դա սոսկ ապացուցում է, որ ռեդուկցիան դեռեւս այնպիսի թափ չի հավաքել, որքան մենք կուզենայինք: Եթե, ասենք, խխունջը նկարագրելիս միանգամայն անսպասելիորեն կհայտնվի, ինչպես դա կարելի է կարդալ որոշ նողկալի քննադատական գրառումներում, որ Ազգի Հայրը գալիս ու գնում է, իսկ խխունջը պարզապես կա, ընդ որում, հենց այնտեղ, ուր եւ պետք է լինի, այսինքն՝ խաղողի այգում:
Անձրեւորդերի մասին «Անձրեւորդը» Վոնդրաչեկի մենագրության մեջ, աշխատության, որ համապատասխանում է ժանրի բոլոր կանոններին եւ ունի 712 էջ, նկարագրված են այդ արարածի բոլոր հեռավոր եւ մոտիկ բարեկամները, նրա հակումներն ու ընդունակությունները, ինչպես թաքնված, այնպես էլ ակնհայտ: Ինչպիսին է անձրեւորդերի դերը համաշխարհային պատմության մեջ: Վոնդրաչեկը, անշուշտ, պետք է որ քաջատեղյակ լինի: Բայց, հաշվի առնելով, որ նրա մենագրության մեջ դրա վերաբերյալ ոչ մի ակնարկ չկա, տեղին կլինի այն եզրահանգումը, որ անձրեւորդը պատմության մեջ մասնակցություն չի ունեցել, համենայնդեպս, տեսանելիորեն:
Ճիշտ է, որոշակի կասկածներ է հարուցում այն փաստը, որը չէր կարող շեղել Վոնդրաչեկի ուշադրությունից, այո, եւ այն չէր էլ շեղել նրա ուշադրությունից: 1851 թվականը առանձնապես հարուստ էր տարատեսակ նստվածքներով, այդ թվում՝ եւ անձրեւներով, այնպես որ, շատ աղբյուրներ, այդ թվում եւ՝ ինքը՝ Վոնդրաչեկը, նշում են անձրեւորդերի իսկական արշավը ոչ միայն բնահողային, այլեւ Գերմանիայի իշխանությունները միավորող խճուղային ճանապարհներին:
Վոնդրաչեկը, սակայն, որքան էլ դա զարմանալի է, լռության է մատնում այն փաստը, որ ընդամենը երեք տարի անց, այսինքն՝ 1854 թվականին, Ռոբերտ Շումանը նետվեց Ռեյն: Ռեյնը, ինչպես հայտնի է, դա այն գետն է… եւ այսպես շարունակ:
Ցեցը
Բրիտանական արքայական խմբակցության` էության հետազոտման տարեգրքում սըր Ուիլյամ Բաթլեբին գրում է` «Մանրի ֆենոմենոլոգիայի» եզրափակիչ գլուխները, այսինքն՝ 24-րդ հատորի վերջը, ուսումնասիրող անկողմնակալ հետազոտողը կարող է հանգել այն մտքին, որ այդ գիրքն այնուհանդերձ օբյեկտիվ չէ: Իսկապես, տպավորություն է ստեղծվում, որ հեղինակը մանր երեւույթների հանդեպ նախապաշարմունքներից ազատ չէ, այլ կերպ ասած, որ նրա համար ամենայն մանրը այլանդակ է, կամ նույնիսկ վնասակար: Պարոն Շնայդերը այլանդակն ու մանրը տեսնում է այնտեղ, որտեղ խոսքը, հնարավոր է, ընդամենը մանրի մասին է, սակայն մանրի աշխարհում, իհարկե, լիովին հնարավոր է եւ ինչ-որ լավ բան: Եթե նույնիսկ մի պահ համաձայնվենք, որ այլանդակն ու գեղեցկությունը, օգուտն ու վնասը չափվում են մարդու հետ հարաբերակցվելով, իսկ մարդն իր հերթին հարաբերակցվում է բրիտանական լորդին, համարձակվենք ասել` ցե՞ցը: Բայց ինչո՞ւ ցեցը, այլ ոչ թե շերամը, օրինա՞կ»:
Սըր Բաթլեբին, ում ներդրումը գիտության մեջ մենք շատ բարձր ենք գնահատում, իր հարցի պատասխանը կգտնի սույն «Մանրի ֆենոմենոլոգիայի» «անցումային եւ եզրափակիչ հոդվածներ» բաժնում, ուր միաժամանակ դիտարկվում են այլ, ոչ այնքան փոքրաթիվ զննումներ, ինչպես նաեւ՝ ընկերական առաջարկություններ: Վերջիններիս վերաբերյալ կազմողի ակնկալիքները արդարացված դուրս եկան, ինչը հաստատում է ողջ մոտեցման ճշտությունը: Նա, ով զբաղվում է մանրով, խիզախում է ինքն իրեն մենության դատապարտելու, այն առումով, որ լոկ հազվագյուտ մարդիկ, այնպիսիք, օրինակ, ինչպես սըր Բաթլեբին, էության հետազոտման Բրիտանական արքայական խմբակցության անդամը. ճիշտ է, ի թիվս իր գլխավոր գիտական հետաքրքրությունների, որոնք եղել եւ մնում են էության հետազոտությունները, որոնք ուշք են դարձնում մանր երեւույթներին: Տպավորություն է ստեղծվում, որ մանրի հանդեպ գիտական հետաքրքրությունից ետ է պահում վախը, որ հետազոտման առարկայի չափսերի աննշանությունը կարող է փոխանցվել հենց հետազոտողին: Հազվադեպ չեն դեպքերը, երբ նա, ով զբաղվում է մանրէներով կամ բակտերիաներով, հանկարծ պարզապես կորչում է, թեպետ դեռ մի պահ առաջ նստած էր իր մանրադիտակի մոտ, այնպես որ, հավանաբար, այդ կարգի երկյուղը հիմք ունի: Մեր մոտեցման բացությունը, անշուշտ, մեզ պարտավորեցնում է ուշադրության տակ առնելու մանրագույն դիտողությունները եւ նույնիսկ մանրախնդրությունը, պայմանով, սակայն, որ դրանք վերաբերում են մանրին: Իսկ շատերը, նկատի ունենալով ինչ-որ մանր բան, արտահայտվում են բավական խոշոր: Մենք, սակայն, պաշտպանում ենք այն տեսակետը, որ փոքրի մեջ, ինչպես` մեծի, հարկ է թեմայից չշեղվել:
Ցեցը, ինչպես իրոք ճիշտ նկատվել է, շերամի յուրատեսակ ախոյանն է: Ըստ էության՝ նա թիթեռ է, եւ դա ավելորդ անգամ ապացուցում է, որ բնությունը հաճախ բարձրագույն հատկանիշներ է շնորհում առավել ցածր արարածներին: Այսպես, թիթեռը, ինքնին քնքշություն է, ինքնին վաղանցուկ գեղեցկություն, որ ցեցի կերպարանքով մեր հագուստի մեջ անցքեր է բացում: Առանձնահատուկ քմաճաշակությամբ նա աչքի չի ընկնում, բայց ամենից շատ սիրում է բուրդը: Գուցե եւ տարատեսակ փալասներով սնվելը, միակ բանը, ինչի հետ կապված նա խնդիրներ կունենա, ապա դա արքայի նոր հագուստն է, եւ այդպիսի իրավիճակում ավելի լավ կկարողանար կողմնորոշվել լուն:
Զննումները հաստատում են, որ ցեցի գույնը փոխվում է զգեստի գույնից կախված, որով նա այս պահին սնվում է, այդ պատճառով այն կարծիքը, թե հագուստով որոշում են մարդուն, հարկ է, անշուշտ, ընդլայնել, տարածելով դա նաեւ նրա վրա, ով այդ հագուստն ուտում է: Ցեցը չի տանում որոշ հոտեր, այնինչ գույնի նկատմամբ բացարձակ անտարբեր է: Առաջին պարագան լայնորեն օգտագործվում է նրա դեմ, իսկ երկրորդը, այսպես ասած, նրան ձեռնտու է: Ցեցի բազմալեզվյան կողմնորոշումը ապացուցվում է այն փաստով, որ նա նույն հաջողությամբ կարող է ուտել հագուստը թե՛ ֆրանսիական, եւ թե՛ խորվաթական զգեստապահարանից: Կարեւոր չէ, թե ինչ բառով կկոչվի զգեստապահոցը, կարեւորը` անընդհատ այն օդափոխելն է:
«Գրքի ցեցի» տարատեսակը կարողանում է սնվել նաեւ չօդափոխված գաղափարներով, նա կարող է նույնիսկ նրանց գույնը ստանալ, եթե դա է պահանջում ժամանակի ոգին: Այսպիսով, ցեցը կարող է լինել մշտակայության մարմնացումը, որը դրսեւորվում է ոչ թե դիմակայությամբ, այլ բացառիկ հարմարվողականությամբ: Ընդ որում, պարզ է, որ ցեցը, բոլոր փոփոխություններով հանդերձ, որոնց նա ստիպված է գնալու համապատասխան այն բանին, թե ինչով է նա այդ պահին սնվում, մնալով ցեց: Ցեցերի մեջ կան նաեւ այնպիսի տեսակներ, որոնք դրանում ինչ-որ բարձրագույն իմաստ են տեսնում: Ի վերջո, մի՞թե բոլոր նրանք, որոնք դառնում են ոչ միայն գույնի կրողը, այլեւ տարբերանշանների, բայց եւ, նրանց գլխավերեւում հռնդացող պատմական փուլերի, պատմության արհավիրքային բեկումների պահերին չէին պնդում, որ գույնի, տարբերանշանների եւ ժամանակի էությունից կտրված նրանք մնացել են այնպիսին, ինչպիսին կայի՞ն: Այսինքն, առանց երկիմաստ ակնարկների, սովորական մարդի՞կ են: Ճիշտ է, անհետացել էր ճիշտ նույնպիսի սովորական մարդկանց, նույնպիսի ցեցերի վեց միլիոնը, որը չափազանց զգայուն է այլազան գազերի հանդեպ, բայց այդ մասին գրված է մի այլ գրքում, որը կերել է այլ մի ցեց:
Ապագայում, գալիք հարյուրամյակի ընթացքում, ցեցը կուտի թուղթը, որի վրա ինքը հավերժացել է, իսկ ճիճուները կկրծեն գրադարակները, որոնց վրա շարված են «Մանրի ֆենոմենոլոգիայի» հատորները: Դրանից շատ առաջ ճիճուները կուտեն նրա ժրաջան կազմողին, եւ երկյուղ կա, որ այդպիսի ճակատագիր է սպասում նաեւ նրա ներողամիտ քննադատ Բաթլեբիին: Ի՞նչ օգուտ ունի դրանից մանրագույնը, ով հավերժացված է այդ կերպ:
Ասենք այստեղ համառ «ԵՎ ՀԱՄԵՆԱՅՆ ԴԵՊՍ», որովհետեւ այստեղ նույնիսկ Հեգելը այլ բառեր չէր գտնի: