Վիճակն անմխիթար է

05/02/2010

«Սեւանա լճի ձկնային պաշարների, արդյունագործական տեսակների վիճակը շարունակում է մնալ անմխիթար: Համաձայն մեր անցած տարվա ընթացքում կատարած ուսումնասիրության արդյունքների` սիգի պաշարները, ինչպես նաեւ նախորդ 2 տարիներին, մնում են ցածրագույն մակարդակի վրա, որը կազմում է մոտ 170-180 տոննա»: Այս մասին երեկ հայտարարել է Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, ձկնաբանության բաժնի վարիչ Բարդուղ Գաբրիելյանը: Ըստ նրա` արդյունագործական մյուս տեսակի` կարասի պաշարները 2008թ. համեմատ նվազել են: «Նվազման պատճառներն են. առաջին՝ որսը ուժեղացավ, երկրորդ` վարակվածության աճը: Այդ երկու պատճառը բերեց նրան, որ 2009 թվականին նկատեցինք նաեւ կարասի պոպուլյացիայի եւ պաշարների նվազում»,- ասել է Բ. Գաբրիելյանը: Իսկ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանն էլ ասել է, թե Սեւան ազգային պարկը դիտարկումներ է իրականացրել եւ իրենց տեղյակ է պահել, որ այս տարի բավական մեծ միտումներ կան մեկ տարեկան դարձող սիգի աճի: «Կա մանրաձուկ, որի քանակը շատ է, ինչն էլ հույս է տալիս, որ աշնանը կարող ենք ունենալ պոպուլյացիա: Սա միտում է, գիտականորեն հիմնավորված չէ»,- նշել է նա` հավելելով, թե իրենք Սեւան միշտ էլ ձուկ բաց են թողել: «Միշտ էլ ձուկ բաց է թողնվել: Հարցը այն է, որ կենսունակ ձուկ բաց թողնեն»,- հակադարձել է Բ. Գաբրիելյանը: Հարցին, թե այսօր ո՞ր ձկնատեսակներն են վտանգված, նա պատասխանել է. «Բոլորը, բացի կարասից»: Իսկ հարցին էլ, թե որքա՞ն ժամանակ է հարկավոր ձկնատեսակների վերականգնման համար, Բ. Գաբրիելյանը պատասխանել է. «Սիգը համեմատաբար արագ աճող ձուկ է: 4 տարի է հարկավոր պոպուլյացիան վերականգնելու համար: Խոսքը արդյունագործական պաշարների մասին չէ: Իշխանին հարկավոր է մոտ 7-8 տարի: Կողակը բավականին դանդաղ է աճում. վերականգնման համար կպահանջվի 15-16 տարի»: