ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ 2009թ. Հայաստանում կատարվել է 18.773 ամուսնության գրանցում: Այդ ցուցանիշը 1990թ. եղել է 28.000: 2009թ. գրանցված ամուսնալուծությունների թիվը կազմել է 2929: 28.000 ամուսնությունների դեպքում այդ թիվը կազմել է 4000:
Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահեցնում է, որ չնայած Երեւանում 4 ամուսնություններից 1-ն ավարտվում է ամուսնալուծությամբ, սակայն Հայաստանի մայրաքաղաքն իր ապահարզանների ցուցանիշով երեք անգամ զիջում է աշխարհի մայրաքաղաքներին, որտեղ 4 ամուսնությունից երեքն է ավարտվում ամուսնալուծությամբ: Նրա դիտարկմամբ` «հայ աղջիկները բարձր արժեք ունեն ամուսնության միջազգային շուկայում», քանի որ դաստիարակված են, հոգատար եւ նվիրված ընտանիքին: Ըստ նրա մեկ այլ սոցիոլոգիական հետազոտության` հայ տղամարդիկ օտարերկրացիներից հիմնականում ընտրում են ռուս կանանց:
«Գյուղի ընտանիքներն ավելի ամուր են: Հիմնականում գյուղում տղամարդը ընտանիքը թողնում է ու գնում»,- ասել է Ադիբեկյանը: Նրա հարցումների ու վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ փոքր երեխաների դեպքում ապահարզանի վտանգը մեծանում է` հավասարվելով 70 տոկոսի:
«Աղջիկնե՛ր, եթե ուզում եք ձեր ամուսինը միշտ մնա ձեր կողքին, չորս երեխա ունեցեք: Ապահարզանի ռիսկն այդ դեպքում դառնում է 30 տոկոս»,- ներկա լրագրողներին հորդորել է սոցիոլոգ Ադիբեկյանը:
Հարցումների ու ստացված տվյալների արդյունքում նաեւ պարզ է դարձել, որ հարսներն ու փեսաները ծերացել են 2-3 տարով: «Եթե նախկինում հարսների միջին տարիքը 20-22-ն էր, ապա այսօր՝ 22-24-ը, իսկ փեսաներինը՝ 28-ը։ Այս տարիքում աղջիկների թիվն ավելի մեծ է, տղաները հանրապետությունում չեն»,- նշել է նա: Ըստ նրա` «տանն են մնում» հիմնականում բարձրահասակ, գեղեցկատես, բարձր ինքնագնահատականով աղջիկները, ովքեր սպասում են սպիտակ նժույգով ասպետին, սակայն այդ ասպետն էլ, պարզվում է, ըստ Ադիբեկյանի հարցումների` «սպիտակ մերսեդեսով եվրոպաներում է ման գալիս, իրենց վրա չի էլ նայում»: «Տանը չմնալու» համար, Ադիբեկյանը խորհուրդ է տալիս նման աղջիկներին՝ «հնարավորության դեպքում ցանկացած կերպ ամուսնանալ»: