Վերահսկողությունից դուրս

05/02/2010

«Չի բացառվում, որ իրավիճակը Lեռնային Ղարաբաղում դուրս գա մեծ տերությունների վերահսկողությունից»,- նման գնահատական են հրապարակել ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի փորձագետները: Նրանց համոզմամբ, իրավիճակի լարվածության հիմնական պատճառներից են երկու կողմերից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները: «Նախկինում այդպիսի հայտարարությունները հիմնականում Ադրբեջանից էին լսվում, այսօր արդեն Հայաստանում էլ չեն բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»,- նշել են ամերիկացի փորձագետները: «Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը մի օր կարող են հայտնաբերել, որ գործ ունեն այնպիսի հակամարտության հետ, որը դուրս է եկել իրենց վերահսկողությունից»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է «Ստրատֆորի» եվրասիական տարածաշրջանի խնդիրներով զբաղվող վերլուծաբան Մարկո Պապիչը: Վերջինիս խոսքերով, այս երեք պետությունները ուժեղացնում են իրենց դիրքերը տարածաշրջանում, եւ նրանց հետագա գործակցության ճակատագիրը մեծապես կախված է հենց Lեռնային Ղարաբաղում ընթացող զարգացումներից: «Ստրատֆորի» վերլուծաբանները նշում են, որ ղարաբաղյան բանակցությունների ճակատագրի վրա ազդող գործոնները մի քանիսն են. տարածաշրջանային գերտերություն դառնալու` Թուրքիայի ձգտումը, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, Իրանի եւ Հայաստանի պատմականորեն ձեւավորված դաշինքը: «Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Թուրքիան ներգրավվի անլուծելի թվացող ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Թուրքիայի ակտիվությունը չի նշանակում, որ Ռուսաստանը կարող է կորցնել Ադրբեջանի եւ Հայաստանի վրա ունեցած ազդեցության լծակները: Ավելին, Ադրբեջանը կարծես դանդաղորեն թեքվում է դեպի Ռուսաստանը` հայ-թուրքական բանակցությունների պատճառով իրեն դավաճանված զգալով»,- ասել է Պապիչը` չբացառելով, որ իրավիճակը տարածաշրջանում կարող է անկառավարելի բնույթ ստանալ: «Իրադարձությունները կարող են նման կերպ զարգանալ ոչ այն պատճառով, որ Ռուսաստանը, Իրանը կամ Թուրքիան դրան են ձգտում: Պարզապես գոյություն ունի հակամարտության ներքին դինամիկա: Ստեղծված կացությունը կարող է շատ նման լինել 1914 թվականի Բոսնիայի իրադրությանը, երբ տեղական հակամարտությունը համաշխարհային պատերազմի ծագման պատճառ դարձավ»,- կարծիք է հայտնել ամերիկացի վերլուծաբանը: