Չնայած այս ամենին` նախագծի տեքստը քչերին է հայտնի, եւ հանրությունը մի
տեսակ օտարված է այդ գործընթացից: Եվ ահա, ԱԺ «Արդարություն» խմբակցության
անդամ, ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանն օգոստոսի 26-ին
հանրահավաք է հրավիրել` «սահմանադրական փոփոխությունների կոալիցիայի
նախագծի բուն էությունը եւ հանրաքվեով «ոչ» ասելու անհրաժեշտությունը»
հանրությանը ներկայացնելու համար: Երեկ էլ Ա. Սադոյանն ասուլիս էր
հրավիրել` տեղեկացնելու, որ իր հրավիրած հանրահավաքը լինելու է բաց, եւ
հանրահավաքին մասնակցելու հրավեր ուղարկեց Ազգային ժողովում ներկայացված
քաղաքական բոլոր ուժերին, որպեսզի նրանք գան ու ժողովրդին բացատրեն, թե,
օրինակ, ինչու են իրենք կտրականապես դեմ, որպեսզի սահմանադրական
փոփոխությունների նախագծում ավելացվի երեք բառ` «անկախ սահմանադրական
փոփոխություններից», որոնք Սադոյանն առաջարկում է ավելացնել
փոփոխությունների 50-րդ հոդվածի 3-րդ մասի վերջում, ուր ասվում է, թե
«Նույն անձը չի կարող ավելի, քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ՀՀ նախագահի
պաշտոնում»: Ա. Սադոյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք սահմանադրական
փոփոխությունների վերաբերյալ կոալիցիային են ներկայացրել 11
«վերջնագրային» պահանջներ, որոնցից մեկով էլ առաջարկվում է ավելացնել
վերոնշյալ 3 բառերը: Հիշեցնելով, որ եվրոպական կառույցները պահանջում են,
որպեսզի քննարկումները լինեն բաց եւ հրապարակային, ԱԺ պատգամավորը
տեղեկացրեց, որ իր հրավիրած հանրահավաքին մասնակցելու հրավեր է
պատրաստվում ուղարկել նաեւ Եվրախորհրդի Հայաստանյան գրասենյակի ղեկավարին,
ԵԱՀԿ-ի ներկայացուցչին, դեսպաններին: «Իրենք գոնե գիտե՞ն ինչ է
կատարվել»,- հարցնում է ԱԺԴ ղեկավարն ու հիշեցնում, որ եվրոպական
կառույցների պահանջով փոփոխությունների 2-րդ` «Մարդու եւ քաղաքացու
հիմնական իրավունքներն ու ազատությունները» գլուխն ուժի մեջ պետք է մտնի
հանրաքվեի հաջող ելքից անմիջապես հետո: «Որպեսզի Վենետիկի հանձնաժողովին
խաբեն, որոշեցին այդ գլխի` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանրային
հանձնաժողովի վերաբերյալ 27-րդ հոդվածը տեղափոխել «Ազգային ժողովը» գլուխ,
որպեսզի ասեն, թե Վենետիկի հանձնաժողովի պահանջը կատարել ենք»,- կարծում է
Ա. Սադոյանը: Վերջինիս համոզմամբ՝ սահմանադրական փոփոխությունների
ներկայացված տարբերակը «շատ վատն է», թեեւ նախորդ «խայտառակ» նախագծի
համեմատ, ինչ խոսք, որոշակի առաջընթաց կա: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ
լրատվամիջոցների միջոցով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե իբր
Վենետիկի հանձնաժողովը եւ Եվրախորհուրդը կողմ են փոփոխությունների այս
նախագծին: «Նրանք ընդամենն ասել են, որ նախորդ տարբերակի համեմատ մի քիչ
առաջընթաց է տեղի ունեցել,- հավաստիացնում է պրն Սադոյանը եւ հավելում։
-Եթե մեր այս 11 վերջնագրային պահանջներն էլ չկատարվեն, ուրեմն` վերջ»:
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաեւ եվրոպական կառույցների կողմից
սահմանադրական փոփոխությունների գործընթացին մասնակցելու հայաստանյան
ընդդիմությանն ուղղված կոչերին: «Նրանք ասել են, որ կա առաջընթաց, եւ եթե
այդ առաջընթացն էապես շարունակվի, ու նախագիծը դառնա ավելի լավը, ապա դուք
(ընդդիմությունը.-Ռ.Թ.) իրավունք չունեք ասելու «ոչ»,- եվրոպական
կառույցների ասածներն է մեկնաբանում Ա. Սադոյանը: Նրա խոսքերով`
սահմանադրական փոփոխությունների ներկայիս իմիտացիոն գործընթացը սարսափելի
վտանգավոր է, եւ երկիրը եւս 10 տարով ետ կշպրտվի, եթե այս ոչ լեգիտիմ
իշխանություններն իրենք «բարեփոխեն» Սահմանադրությունը: ԱԺ պատգամավորը մի
քանի ուշագրավ հայտարարություն էլ արեց: Նա համոզմունք հայտնեց, որ
սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տապալվելու է, եւ այդ տապալումը
միանշանակ հանգեցնելու է իշխանափոխության: «Երբ հանրաքվեի արդյունքների
կեղծման հետ կապված լարումներ կառաջանան, այն ժամանակ բոլորդ կտեսնեք, որ
սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն վերաճելու է գունավոր
հեղափոխության»,-վստահեցնում է ԱԺԴ ղեկավարը: Ինչպես հայտնի է, մինչ այժմ
տեղի ունեցած «գունավոր» հեղափոխություններում երտասարդությանն էական դեր
էր վերապահված: Երեկ Ա. Սադոյանը տեղեկացրեց, որ արդեն աշխատանքներ են
տարվում քաղաքական կուսակցությունների երիտասարդական թեւերը միավորելու
ուղղությամբ: «Քաղաքական երիտասարդական կոնգրեսի համար համապատասխան
նախագծային փաստաթուղթն արդեն պատրաստ է»,- ասաց ԱԺ պատգամավորն ու
հավելեց, որ բազմաթիվ կուսակցությունների երիտասարդական թեւեր արդեն
ստորագրել են այդ փաստաթուղթը: