Արդեն մի քանի օր է` միջին մակարդակի բազմաթիվ պաշտոնյաներ` վարչապետի գլխավորությամբ, գովազդում են «Մատչելի բնակարան» երիտասարդներին ծրագիրը, որի մեկնարկի մասին հանդիսավորապես հայտարարվել է կառավարության անցած շաբաթվա նիստում: Կառավարության հերթական, շարքային այս ծրագիրն ընդամենը մի քանի օրվա մեջ այնպես ներկայացվեց, որ թվում էր` այսօրվանից ԶԱԳՍ-երի առաջ հերթեր են գոյանալու: Իրականում սա ընդամենը երիտասարդ ընտանիքներին հիպոթեքային ճանապարհով բնակարան գնելու հարցում ըստ էության չնչին աջակցություն է: Չնայած կառավարությունը անորոշ հեռանկարի համար հայտարարում է, թե այս ծրագրի համար 3 մլրդ դոլար է ծախսվելու, սակայն ներկայումս խոսքն ընդամենը 300 ընտանիքների աջակցելու հնարավորության մասին է: Եվ այդ աջակցության գումարը, 300 ընտանիքներին միասին վերցրած, կազմում է ամսական ընդամենը 6 մլն 600 հազար դրամ: Թե որքանով են ազնիվ կառավարության մղումները երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցում, դժվար է ասել: Իհարկե, ավելի ճշմարտանման են այն կարծիքները, որ իրականում այս ծրագիրն ավելի շատ ուղղված է էլիտար շինարարության աջակցությանը: Անկախ դրդապատճառներից, սակայն, մեղմ ասած, ծիծաղելի է, երբ կառավարությունը նման պաթոսով գովազդում է մի ծրագիր, որի վրա ամսական ծախսելու է այնքան, որքան իրեն հարգող օլիգարխը ծախսում է սեփական թիկնազորի մեքենաների վառելիքի համար: