«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, անբարեխիղճ վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում»,- նախօրեին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` Թուրքիայի պետական TRT հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Էրդողանը ասել է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը արդյունավետ չեն: «Եթե վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեին, Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը չէին ունենա այսօրվա խնդիրները: Միացյալ ազգերի կազմակերպությունը Հայաստանին օկուպանտ երկիր է ճանաչել, եւ եթե Մինսկի համանախագահ երկրները բավարար ճնշում գործադրեին Հայաստանի վրա, Հայաստանը գրավյալ տարածքները կվերադարձներ Ադրբեջանին, եւ խնդիրը արդեն լուծված կլիներ»,- հայտարարել է նա: Էրդողանը հերթական անգամ ասել է, որ Թուրքիայում այժմ ապրում է 170 հազար հայ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ, իսկ մնացած 100 հազարը Թուրքիայում բնակվում են ապօրինի: «Մենք սա չենք նկատում, քանի որ չենք ցանկանում ավելորդ խոչընդոտներ ստեղծել, սակայն Հայաստանը Թուրքիայի ջանքերին դրական պատասխան չի տալիս»,- ասել է Էրդողանը: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին` Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը լուրջ չի վերաբերվում, եւ արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Թուրքիայի իշխանությունների մոտ տպավորություն է ստեղծել, որ Հայաստանը փորձում է ճշգրտումներ մտցնել դրանցում: Նա ասել է, որ թուրքական կողմը ստորագրված արձանագրությունները ներկայացրել է խորհրդարան, եւ միայն խորհրդարանը կարող է որոշել` վավերացնե՞լ դրանք, թե՞ ոչ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը դուրս գա Էրդողանի խոսքով` «գրավյալ տարածքներից»: «Ես անձամբ այս հարցում աջակցության խնդրանքով դիմել եմ ԱՄՆ-ի նախագահ Օբամային, Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւին եւ վարչապետ Պուտինին: Հայաստանը պետք է հաշվի առնի սա, որովհետեւ մենք կատարել են արձանագրությունների հետ կապված մեր պարտավորությունները»: