Երեկ խորհրդարանում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք հարցուպատասխանը` ըստ «Ա1+»-ի:
– Ինչո՞ւ է հրաժարական տվել սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը:
– Այդ հարցը կարող եք նախարարին տալ:
– Ասում են, որ նախարարի հրաժարականի պատճառը գումարների յուրացումն է, եւ Դուք անձամբ եք պատժել նրան:
– Ես այդպիսի բանից տեղյակ չեմ: Դուք նախարարից հարցրեք, ինքը բարի կլինի, ձեր հարցին կպատասխանի:
– Արթուր Պետրոսյանը ամբողջ կյանքում աշխատել է ուժային կառույցներում: Ինչո՞վ է պայմանավորված, որ նշանակվեց սպորտի նախարար:
– Ուժային լինի, կրթական թե գիտական, ամենակարեւորը` մարդը պետք է կարողանա կազմակերպել, ղեկավարել կառույցը: Հիմնական խնդիրը դա էր:
– Արմեն Գրիգորյանը չէ՞ր կարողանում կազմակերպել:
– 10 անգամ այդ հարցին ես պատասխանեցի: Դուք Արմեն Գրիգորյանի՛ց հարցրեք, նա կպատասխանի:
– Ռուբեն Հայրապետյանը Ձեզանից ներողություն էր խնդրել… Ձեր հարաբերությունները կարգավորվել են:
– Ռուբեն Հայրապետյանը մեր ընկերն է, մեր հարաբերությունները շատ լավ են, որ դուք չխառնվեք, ավելի լավ կլինեն:
– Երկար ժամանակ Հանրապետությունում չէիք, տարբեր բացատրություններ էին հնչում: Դուք ծանո՞թ եք այդ բացատրություններին:
– Ես ծանոթ չեմ, թե լրագրողները քնում, ելնում են, ինչ բացատրություն են գրում, բայց ես գործով իրոք բացակայել եմ երկրից:
– Հովիկ Աբրահամյանն իր տարեվերջյան ասուլիսում հայտարարեց, թե ՀՀԿ-ում առաջարկ է անելու, որ գործարարները չընդգրկվեն ընտրացուցակում: «Բարգավաճ Հայաստանն» ինչպե՞ս է վերաբերվում այդ հայտարարությանը:
– Մենք այդ հարցին չենք անդրադարձել: Հովիկ Աբրահամյանից ճշտեք` ինչի համար է այդպիսի հայտարարություն արել: Ես մի անգամ ասել եմ, որ այն մարդը, որ իր երկրում գումարներ է ներդնում, նա մտահոգ է երկրի կայացման, զարգացման գործում:
– Խոսակցություններ կան Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին: Այս մասի՞ն ինչ կասեք:
– Այդ մասին ես տեղյակ չեմ: Ռոբերտ Քոչարյանին գիտեք իր պահվածքով էլ, աշխատանքով էլ, մտածելակերպով էլ: Եթե այդպիսի բան կա, ինձ թվում է՝ առաջինը մենք իրենից կլսենք:
– Մխիթար Մնացականյանի նախարար դառնալուց հետո ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի թափուր տեղում ԲՀԿ-ն ո՞ւմ է առաջադրելու:
– Դրա համար նոր մենք գործկոմի նիստ հրավիրեցինք, այնտեղ քննարկում էինք, մյուս շաբաթ արդեն կհայտարարենք` ում թեկնածությունն ենք առաջարկում:
– Այս նստաշրջանում ԲՀԿ-ի մարտավարության մեջ փոփոխություններ լինելո՞ւ են:
– Առայժմ ո՛չ. մենք դեռ չենք քննարկել:
– Ադրբեջանական մամուլը գրել է, որ Դուք Ձեր կենդանիներին օրական 10 կգ մսով եք կերակրում այն ժամանակ, երբ ժողովուրդը սոված է:
– Ադրբեջանական մամուլն ի՞նչ գործ ունի իմ առյուծների հետ: Ադրբեջանը թող իր մասին մտածի, երկրորդն էլ, եթե իրենք շուն ու կատու են իրենց տներում պահում, Ծառուկյանն էլ պետք է առյուծ ու վագր պահի: