ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները, ովքեր անցած շաբաթվա վերջին են վերադարձել Ստրասբուրգից, երեկ ասուլիս էին հրավիրել՝ տեղեկացնելու իրենց կատարած աշխատանքների եւ այդ կազմակերպությունում մեր երկրի հետ կապված իրադարձությունների մասին: Սակայն ասուլիսն ըստ էության դարձավ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին ուղղված պատասխան:
Հիշեցնենք, որ վերջինիս չէին ընդգրկել պատվիրակության հիմնական կազմում, եւ նա Ստրասբուրգ էր մեկնել ԵԽ ԽՎ-ի Եվրոպական ժողովրդական կուսակցության` EPP-ի միջամտությունից հետո եւ ԵԽ ԽՎ ֆինանսավորմամբ: ԵԽ ԽՎ-ում նախ 1 օր ուշացումով էին հաստատվել մեր պատվիրակության մանդատները, որովհետեւ EPP-ի անդամներից մեկը վիճարկել էր այդ հարցը: Այնուհետեւ տեղի էր ունեցել նաեւ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում ՀՀ անդամների ընտրություն եւ փակ-գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել էին ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը: Վերջինս ընտրվել էր որպես Հայաստանի «ընդդիմության ներկայացուցիչ»: Զ.Փոստանջյանը ելույթ էր ունեցել Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ու հայտարարել, թե մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված Ա.Ռուստամյանը չի կարող ներկայացնել Հայաստանի ընդդիմության տեսակետը, որովհետեւ այդ ժամանակ ՀՅԴ-ն եղել է իշխանության մեջ, իսկ հիմա այդ հարցով չունի իշխանություններից տարբերվող տեսակետ: Մի խոսքով, ԵԽ ԽՎ-ում թեեւ այս անգամ Հայաստանի հարցը որպես այդպիսին չի քննարկվել, բայց պատվիրակության հիմնական կազմում եւ Մոնիտորինգի հանձնաժողովում Զ.Փոստանջյանի չընդգրկվելը բավականին լարված վիճակում է պահել մեր պատվիրակությանը: Եվ երեկ պատվիրակության մյուս անդամներն իրար հետեւից հերքում էին անցած օրերին մամուլում տեղ գտած հրապարակումները եւ Զ.Փոստանջյանի մեկնաբանությունները: Նրանք Ստրասբուրգում ունեցած իրենց ձախողումների համար մեղադրում էին Փոստանջյանին: Ինքը` Զ.Փոստանջյանը, երեկվա ասուլիսի ամենասկզբում հայտարարեց, թե իր կարծիքը կհայտնի առանձին մամուլի ասուլիսով, եւ չպատասխանեց իրեն ուղղված հայտարարություններին:
Իսկ հանդիպման ժամանակ նախ խոսեց Դ.Հարությունյանը եւ ասաց, որ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին չեն կարողացել լիարժեք մասնակցել, որովհետեւ վիճարկվում էր իրենց անդամության հարցը: Իսկ Հայաստանի ընդդիմության իրավունքներին վերաբերող հարցը ոչ թե տեղափոխվել է Մոնիտորինգի հանձնաժողով, այլ պարզապես այդ հանձնաժողովն իր մոնիտորինգային գործունեության ընթացքում պետք է ուշադրության կենտրոնում պահի նաեւ հայաստանյան ընդդիմության իրավունքների վիճակը: Հետո պարոն Հարությունյանն անդրադարձավ ԵԽ ԽՎ նախագահի պաշտոնում ազգությամբ թուրք Մովլուդ Չավուշօղլուի ընտրությանը: Զ.Փոստանջյանը հայտարարել էր, որ վերջինիս ընտրությանը խոչընդոտելու համար ինքը ԵԽ ԽՎ-ում բանաձեւի նախագիծ է դրել շրջանառության մեջ, բայց դրան չեն միացել մեր պատվիրակության անդամները: Դ.Հարությունյանը մանրամասն ներկայացրեց Չավուշօղլուի` ԵԽ ԽՎ նախագահ ընտրվելու պատմությունը եւ հայտարարեց. «Պետք է նշեմ, որ այդ նախաձեռնությունը որեւէ առնչություն չունի պարոն Չավուշօղլուի հետ, որովհետեւ դա ցուցադրված է եղել այն ժամանակ, երբ նրա ընտրության որոշումն արդեն կայացված է եղել: Լավագույն դեպքում նախաձեռնությունը կարող էր քննարկվել այս նստաշրջանի ընթացքում` Բյուրոյի նիստում, եւ որոշում կայացվել, թե որ կոմիտեն այդ հարցի մասին պետք է զեկույց նախապատրաստի: Այսինքն՝ այդ ամենը կարող էր տեղի ունենալ պարոն Չավուշօղլուի ընտրվելուց հետո միայն»:
Զ.Փոստանջյանի փոխարեն պատվիրակության հիմնական կազմ ընդգրկված` ՕԵԿ անդամ Արծրունի Աղաջանյանն ասաց, թե EPP անդամները զգացել են, որ պատվիրակության մանդատների հաստատումը վիճարկելու հարցը տեղին չէ: «Նրանք հարցը բարձրացրեցին՝ ընդունելով, որ իրարամերժ ինֆորմացիա է ստացվել, որն իր լուծումը ստացավ: Կարելի է ասել, մեծ աղմուկ ոչնչից ստացվեց»,- ասաց Ա.Աղաջանյանը:
Ա.Ռուստամյանն էլ ավելացրեց, թե Զ.Փոստանջյանը Մոնիտորինգի հանձնաժողովում ելույթ ունենալու հնարավորությունն օգտագործել է ոչ թե մարտի 1-2-ի իրադարձությունների, այլ հանձնաժողովում իր ներկայության անհրաժեշտության մասին ներկայացնելու համար: «Միաժամանակ մեղադրանքներ ներկայացրեց ՀՅԴ-ին, որոնց ես չէի կարող չարձագանքել, եւ արձագանքեցի: Ասել եմ, որ եթե պետք է որոշվի, թե որն է ընդդիմությունը, դրա համար առանձին չափանիշներ կան: Իսկ այն փաստարկները, որ ՀՅԴ-ն եղել է իշխանության մեջ հատկապես այդ օրերին եւ չի կարող ներկայացնել 1-ի հետ կապված ընդդիմության տեսակետները, ես դրան արձագանքել եմ, որ պատմություն ունեցող կուսակցությունը լինում է թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության մեջ: Այդպես էլ շարունակվելու է: Մարտի 1-ի համար մեղադրելու ժամանակ էլ օգտագործում էր նույն այն բառապաշարը, որը օգտագործում է ՀԱԿ-ը մեր դեմ: Եվ շատ զարմանալի է ինձ համար, որ տիկին Փոստանջյանն օգտագործում է ՀԱԿ-ի բառապաշարը: Կարելի էր սեփական բառապաշարը օգտագործել: 10 տարի է, ես եղել եմ ԵԽ ԽՎ պատվիրակության մշտական կազմում: Երբեք փոխարինող կազմում չեմ եղել եւ չէի կարող իր տեղը զբաղեցնել»,- ասաց Ա.Ռուստամյանը` ափսոսանք հայտնելով, որ հարցը «հասավ դիվանբաշուն»:
Տեղեկատվություն հրապարակվեց, թե մեր պատվիրակության անդամները ռեստորանում ճաշել են Չավուշօղլուի հետ նրա` ԵԽ ԽՎ նախագահ ընտրվելուց հետո: «Ես Եվրոպական դեմոկրատների խմբի անդամ եմ եղել առաջին իսկ օրվանից, ինչպեսեւ պարոն Չավուշօղլուն: Մենք մշտապես` կիրակի օրերը, նախքան նստաշրջանի մեկնարկը, հանդիպել ենք խմբի անդամներով ռեստորանում եւ քննարկել լիագումար նիստում կատարելիք աշխատանքները: Այնպես որ, եթե հարցը դա է, այո, քաղաքական խմբի հետ միասին մենք եղել ենք ռեստորանում: Այս անգամ պարոն Չավուշօղլուն, որը դադարեցնում է իր ակտիվ մասնակցությունը աշխատանքներին, ուշացումով եկավ այդ հանդիպմանը` հրաժեշտ տալու խմբին եւ նախկինում միասին աշխատելու համար խմբին շնորհակալություն հայտնելու»,- պատասխանեց Դ.Հարությունյանը:
«Մենք մտել ենք ընդամենը մի քանի վայրկյանով, սեղմել ենք նրա ձեռքը եւ դուրս եկել: Ի՞նչ կա դրա մեջ, երբ նա երկու տարի ղեկավարելու է Եվրախորհրդարանը: Որպես թշնամի դիտարկենք եւ ընդհանրապես չգնա՞նք, չմասնակցե՞նք»,- հարցրեց ԵԽ ԽՎ նորաթուխ անդամ Ա.Աղաջանյանը` երեւի չնկատելով, որ խառնում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը եւ Եվրախորհրդարանը:
ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ տեղեկացրեց, որ ինքը եւ Ա.Ռուստամյանը չեն ընդունել այդ հրավերը եւ ճաշին չեն մասնակցել: