Թեեւ Ռուսաստանի հետ 2009թ. արտաքին առեւտրաշրջանառության ծավալները շուրջ 15%-ով զիջում են նախորդ տարվա ցուցանիշին, ՌԴ տեսակարար կշիռը մեր արտաքին առեւտրի կառուցվածքում մեծացել է։ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ Սոցիալ-տնտեսական վիճակը 2009թ. հունվար-դեկտեմբերին» հրապարակման տվյալներով, ՀՀ-ՌԴ առեւտրաշրջանառությունը 2009թ. ընթացքում կազմել է 901.4 միլիոն դոլար՝ ՀՀ արտաքին առեւտրի կառուցվածքի 22.5%-ը։ Ընդ որում, հիմնական «տուժողը» մենք ենք. ՌԴ-ից ներմուծումը կրճատվել է 6.8%-ով, իսկ դեպի ՌԴ արտահանումը՝ 2 անգամ։
ԱՊՀ մյուս երկրների հետ մեր առեւտուրը չնչին ծավալներ ունի։ Բավական է նշել, որ ԱՊՀ բոլոր երկրները (բացի Ռուսաստանից) միասին կազմում են մեր արտաքին առեւտրաշրջանառության 4.5%-ը։ Իսկ Հայաստանի թիվ 1 առեւտրային գործընկերը շարունակում է մնալ Եվրամիությունը, որին բաժին է ընկնում մեր արտաքին առեւտրաշրջանառության 30.3%-ը։ 2008-ին ԵՄ-ն ավելի մեծ տեսակարար կշիռ ուներ մեր արտաքին առեւտրաշրջանառության կառուցվածքում՝ 35%։ Ընդ որում, Հայաստանի հետ առեւտրի հարցում ամենաակտիվը Գերմանիան է՝ 7.3%, որին հաջորդում են Բուլղարիան՝ 3.7%, Իտալիան՝ 3%, Բելգիան՝ 2.6%, Ֆրանսիան եւ Նիդեռլանդները՝ 2-ական տոկոս։ Մնացած երկրների շարքում առաջատարը Չինաստանն է, որին բաժին է ընկնում մեր արտաքին առեւտրաշրջանառության 7.6%-ը։ Նրան հաջորդում են ԱՄՆ-ը՝ 4.7%, Թուրքիան՝ 4.5%, Իրանը՝ 3.8%, եւ Շվեյցարիան՝ 3.7%։ Վրաստանի հետ առեւտուրը կազմում է Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության 2.3%-ը։ Ինչ վերաբերում է արտահանման եւ ներմուծման ցուցանիշներին, հիշեցնենք, որ 2009թ. արտահանումը նվազել է 34%-ով` կազմելով շուրջ 700 միլիոն դոլար, իսկ ներմուծումը 25.3%-ով՝ 3.3 միլիարդ դոլար։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 2.6 միլիարդ դոլար։ Հատկանշական է, որ առանձին դեպքերում գրանցվել է արտահանման աճ. օրինակ` դեպի Բելառուս արտահանումը նախորդ տարվա ընթացքում աճել է 66%-ով, Ավստրիա՝ 45%, Դանիա՝ 75%, Հունգարիա՝ 90%, Շվեդիա՝ 66.6%, Շվեյցարիա՝ 2.1 անգամ, Չինաստան՝ 9.8 անգամ, Պանամա՝ 2.1 անգամ, եւ Կանադա՝ 2.2 անգամ։ Հետաքրքիր են նաեւ ՀՀ արտաքին առեւտրի ցուցանիշները՝ ըստ ապրանքախմբերի։ Ներմուծման մասով՝ նվազել են անխտիր բոլոր ապրանքատեսակների ծավալները։ Ամենամեծ՝ 65%-անոց անկումը գրանցվել է «թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր» ապրանքախմբում։ Զգալիորեն նվազել են նաեւ տրանսպորտային միջոցների, արվեստի ստեղծագործությունների ներմուծման ծավալները։
Արտահանման պարագայում՝ ամենախոշոր անկումը արձանագրվել է քիմիական արտադրանքի ոլորտում՝ մոտ 60%։ Մեր արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունեցող հանքահումքային արտադրանքը նվազել է 23.4%-ով եւ կազմել 132.1 միլիոն դոլար (2008թ.՝ 172.5 միլիոն)։ Մյուս կարեւոր հոդվածի՝ պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը չի գերազանցել 100 միլիոնը, այն դեպքում, երբ 2008թ. կազմել էր 167.9 միլիոն դոլար։ Այդուհանդերձ, կա մի ապրանքախումբ, որի արտահանումը ճգնաժամային պայմաններում հերոսական աճ է արձանագրել՝ 65%։ Եվ դա, ինչպես եւ կարելի է կռահել՝ «կենդանի կենդանիներ եւ կենդանական ծագման արտադրանք» ապրանքախումբն է։ Նկատենք, որ չակերտների մեջ վրիպակ չկա, վիճակագիրները պարզապես ցանկացել են ասել, որ արտահանված կենդանիները սատկած չեն եղել։ Միգուցե նաեւ ճանապարհին կենդանության նշաններ ցույց տալով մայել են, սակայն նման մանրամասների մեջ պաշտոնական վիճակագրությունը չի խորանում։ Սակայն այս ցուցանիշով պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է այն, ինչի մասին հատկապես վերջին օրերին խոսում են բոլորը: Խոսքը մսամթերքի թանկացման եւ դրա պատճառների մասին է: Ցանկացած մսավաճառ այսօր կարող է փաստել, որ անցած տարի ոչխարի մսի, իսկ վերջին օրերին` նաեւ տավարի մսի թանկացման պատճառն այն է, որ այս կենդանիները մեծ քանակությամբ արտահանվում են Հայաստանից: Մինչդեռ այս ոլորտի պաշտոնյաները համառորեն պնդում են, թե Հայաստանից «կենդանի կենդանիների» արտահանում տեղի չի ունենում: