PR օգնություն՝ երիտասարդ բարեկամներին

05/02/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Արդեն մի քանի օր է, գրեթե բոլոր հեռուստաալիքները իրենց լրատվական եւ այլ թողարկումներում գովերգում են «Երիտասարդներին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը։

Քարոզարշավն, ըստ էության, իր նպատակին հասել է. մարդիկ սկսել են հետաքրքրվել, մտածելով, որ կառավարությունը ի վերջո որոշել է մի լավ բան անել։ Հանուն արդարության՝ նշենք, որ ծրագիրը թեեւ դարակազմիկ ինչ-որ բան չէ եւ քիչ թվով մարդկանց հոգսն է թեթեւացնելու, այդուհանդերձ՝ ավելի լավ է, քան ոչինչ չանելը։ Հիմա պարզաբանենք, թե ինչու այս ծրագիրը համարժեք չէ դրա շուրջ բարձրացած աղմուկին։

1. Սահմանափակ թվով շահառուներ

Եվ այսպես, ծրագրի համար պետությունը հատկացնելու է 3 միլիարդ դրամ, որի մի մասն ուղղվելու է 300 վարկերի վերաֆինանսավորմանը։ Ընդամենը 300 վարկ։

Այն, որ սա շատ փոքր թիվ է, ակամայից խոստովանում են նաեւ իշխանությունները։ Օրինակ, վարչապետին առընթեր Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի քարտուղար Ռուբեն Մարկոսյանը լրագրողներին ասել է, որ իրենց մոտավոր հաշվարկներով՝ երիտասարդության թիվը կազմում է 800 հազար, եւ նրանց 4-5 տոկոսը հիպոթեքային վարկ չեն կարողանում վերցնել բարձր տոկոսադրույքի պատճառով։ «5%-ը կազմում է 40 հազար, ուրեմն այդ երիտասարդները այսօր այս ծրագրի թիրախային խումբն են եւ այս ծրագրի շահառուն»,- ասել է նա։ Ստացվում է, 40 հազարից միայն 300-ին է վիճակված ծրագրին մասնակցել։ Այսինքն՝ յուրաքանչյուր 133-րդին։ Ինչպես ասում են, մրցույթը թեժ է լինելու։

Բավական ուշագրավ է նաեւ այն պնդումը, որ հիպոթեքային վարկի կարիք ունեցող, բայց չստացող երիտասարդների ընդամենը 4-5%-ն է որպես պատճառ նշել տոկոսադրույքները։ Մեր կարծիքով, դա այնքան էլ այդպես չէ։ Իսկ եթե իրոք այդպես է, ուրեմն մնացած 95%-ին խանգարում են այլ հանգամանքներ՝ կանխավճարը եւ եկամուտների անբավարարությունը։ Հենց սրանք էլ ծրագրի հաջորդ երկու թույլ կետերն են։

2. Կանխավճար

Ծրագրով ամրագրված է, որ ձեռք բերվող բնակարանի գինը Երեւանում չպետք է գերազանցի 16 մլն դրամը, իսկ մարզերում՝ 10 մլն: Այս ծրագրով բնակարան ձեռք բերել ցանկացող ընտանիքները պետք է 30%-ի չափով կանխավճար վճարեն։ 16 միլիոն դրամով անգամ երկուսենյականոց նորմալ բնակարան Երեւանում դժվար է գտնել։ Չհաշված, որ 16 միլիոնանոց բնակարանը, որպես կանոն, լուրջ վերանորոգման կարիք է ունենալու։ Այնպես որ, սա կարելի է համարել բնակվելու համար պիտանի տարածք ձեռք բերելու նվազագույն գումար։ Այսինքն՝ երիտասարդ զույգը պետք է ձեռքի տակ ունենա 4 միլիոն 8 հարյուր հազար (եթե Երեւանում է տուն գնում), կամ 3 միլիոն (մարզերի համար) դրամ։ Երիտասարդ ընտանիքի համար, մի երկրում, որտեղ միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, սա լուրջ թիվ է։ Այսինքն՝ կանխավճարը հիմնական խոչընդոտն է հիպոթեքային վարկ ստանալու հարցում։ Զարգացած բազմաթիվ երկրներ երիտասարդ ընտանիքներին առաջին հերթին օգնում են հենց ա՛յս հարցում՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն սուբսիդավորելով կանխավճարը։ Բացի այդ, զարգացած երկրներում, որոնց օրինակներին սիրում են հղում կատարել մեր իշխանությունները, 30%-անոց կանխավճար ոչ ոք չի սահմանում։ Մեր դեպքում կանխավճարի սուբսիդավորում պետությունը չի իրականացնելու, չնայած ի սկզբանե այդ տարբերակը եւս քննարկվել է։

3. Եկամուտներ

Հիպոթեքային վարկ ստանալու համար՝ անկախ նրանից՝ միջոցները բանկինն են, թե վերաֆինանսավորվում են կոնկրետ ծրագրով (KfW, Ազգային հիպոթեքային ընկերություն թե որեւէ այլ հիմնադրամ), վարկառուն պետք է ունենա ամսական վճարումների եռապատիկի չափ ամսական եկամուտ։ Փոքրիկ հաշվարկ կատարենք։ Եթե երիտասարդը որոշում է գնել 16 միլիոն դրամ արժեցող բնակարան, ապա նա բանկից կարող է ստանալ առավելագույնը դրա 70%-ի չափով վարկ՝ շուրջ 11 միլիոն։ Ծրագրին մասնակցելով՝ երիտասարդը վարկը կարող է ստանալ 8.5% տարեկան տոկոսադրույքով։ Ցանկացած բանկի կայքում տեղադրված է վարկային հաշվիչ, որի միջոցով կարող եք հաշվել, թե ամսական կտրվածքով որքա՞ն է կազմում վճարումը։ Եթե համակարգչի առջեւ նստած չեք, ասենք՝ 136 հազար դրամ (աննուիտետային վճարման սկզբունքով՝ երբ ամեն ամիս վճարվում է հավասարաչափ գումար)։ Այսինքն, երիտասարդների ամսական եկամուտը պետք է 400 հազար դրամից պակաս չլինի։ Ծրագրի կողմնակիցներն ասում են, որ այդ դեպքում կարող են լինել համավարկառուներ՝ այսինքն՝ ծնողները կամ հարազատները՝ իրենց եկամուտներով հանդերձ, նույնպես կարող են դառնալ համավարկառու։ Խնդիրը սակայն այն է, որ եկամուտները պետք է լինեն փաստաթղթավորված, իսկ մենք գիտենք, որ Հայաստանում մարդկանց մեծամասնությունը ստանում է ավելի մեծ աշխատավարձ, քան գրանցված է։ Դա, իհարկե, լավ չէ եւ արվում է սոցվճարները թեթեւացնելու համար։ Սակայն իրականությունն է այդպիսին։ Փաստաթղթերով հիմնավորված բարձր եկամուտ ստանում են միայն միջազգային կազմակերպությունների աշխատակիցները։ Իրական եւ «թղթային» աշխատավարձը նույնն է նաեւ բյուջետային հիմնարկների աշխատողների մոտ, սակայն այն այնքան ցածր է, որ չի բավականացնի անգամ սառնարան գնելու համար։ Ասենք՝ որքա՞ն պիտի կազմի մանկավարժ ամուսինների եկամուտը։ Կամ՝ ի՞նչ պետք է անեն ծնողազուրկ երիտասարդները, որոնք կողմնակի օգնություն չունեն։ Կամ՝ այն երիտասարդները, որոնք սեւագործ աշխատանքով են զբաղված, կամ՝ գյուղացիները։ Իսկ բանկերին այս հարցում «Աստված տվել, չի խնայել». 100 հատ տեղեկանք են ուզում՝ մի տառի պատճառով մի քանի անգամ տանել-բերելով պոտենցիալ վարկառուին։ Էլ չխոսենք, եթե նախկինում հեռուստացույց կամ բջջային հեռախոս գնելու համար մի թեթեւ ժամկետանց վճարում գտնեն վարկային պատմության մեջ, ուրեմն կարելի է խաչ քաշել հիպոթեքով բնակարան գնելու աղոտ հեռանկարի վրա։

4. Lights օգնություն

Ծրագիրն, ըստ էության, թեթեւացնելու է երիտասարդների բեռը՝ ամսական վճարի տեսանկյունից։ Հետաքրքիր է` որքանո՞վ։ Արդեն նշեցինք, որ 8.5%-անոց վարկ վերցնելու (11 միլիոն, 10 տարի մարման ժամկետով) դեպքում ընտանիքը բանկին պետք է վճարի ամսական 136 հազար դրամ։ Բանկային ծառայությունների շուկայում այսօր հիպոթեքային վարկ կարելի է ստանալ 12%-ով։ Այս դեպքում ամսական վճարը կազմում է շուրջ 158 հազար դրամ։ Այսինքն՝ պետությունը երիտասարդին «ձեռք է բռնում» ամսական 22 հազար դրամի չափով։ Այն էլ՝ սկզբնական շրջանում ոչ բոլորին, ընդամենը 300 «ընտրյալների»։ Ստացվում է՝ հայրենի կառավարությունը հայրենի երիտասարդ ընտանիքներին ցուցաբերելու է ամսական ընդհանուր առմամբ 6 միլիոն 6 հարյուր հազար դրամի օգնություն։ Ճիշտ է՝ խոսք է գնում 3 միլիարդի մասին, բայց մինչ այժմ նշվող փաստացի գործողությունները՝ տոկոսադրույքի սուբսիդավորումը 300 վարկի համար, չի գերազանցում միջին դասի մեկ արտասահմանյան ավտոմեքենայի գինը։ Կամ տարեկան կտրվածքով՝ 80 միլիոն դրամ (մեկ էլիտար հարսանիքի վրա ծախսվող գումար)։

Այսինքն` այս առումով գնահատականները, որ սա հերթական PR ծրագիրն է՝ նախագահի նախընտրական խոստումը կատարելու իմիտացիա ստեղծելու նպատակով, հեռու չեն իրականությունից։ Կան նաեւ կարծիքներ, որ եթե իշխանությունն իրոք իրականացնի այս ծրագիրը, դա անելու է սեփական շինարարական բիզնեսների համար։ Այդուհանդերձ՝ անկախ նրանից, ում շահերից է եւ ինչ նպատակներով է նախաձեռնվել այս ծրագիրը, գաղափարը վատը չէ։ Ի վերջո, բնակարան ունենալ ցանկացող երիտասարդին դա մեծ հաշվով չի էլ հետաքրքրում։ Սակայն այն ոգեւորությունը, որով գովազդվում է կառավարության համար ամիսը մոտ 20 հազար դոլար արժեցող այս ծրագիրը, կարծում ենք, չափազանցված է։ Առնվազն` 70 տոկոսով: