Շա՜տ շնորհակալություն

07/09/2005

«Շատ շնորհակալ եմ պարոն Թորոսյանից` իշխանությանը տված ինքնագնահատականի
համար: Իշխանությունը երկիրը չպիտի հասցներ նրան, որ Հայաստանի առջեւ
վերջին հնարավորության խնդիր առաջանար: Իսկապես, բոլոր
պարտավորությունները չկատարելով, ընտրությունները կեղծելով՝ այդ մարդիկ
Հայաստանը կանգնեցրել են վերջին հնարավորության առաջ, բայց դա ավելի շատ
վերաբերում է իրենց, քան երկրին»,- անդրադառնալով Տիգրան Թորոսյանի
հայտարարությանը, թե` եթե առաջիկա 2-3 տարվա ընթացքում Հայաստանում լուրջ
փոփոխություններ տեղի չունենան եւ առաջին հերթին՝ սահմանադրական
փոփոխություններ, ապա Հայաստանին սպառնում է բավականին վատ հեռանկար
առաջիկա առնվազն 1-2 տասնամյակի համար, նկատեց Սուրեն Սուրենյանցը:
Վերջինս այն կարծիքին է, որ «Հայաստանը ոչ թե երկու տասնամյակ, այլ մի
քանի տասնամյակ հետ ընկավ 2003թ. փետրվարի 19-ին, մայիսի 25-ին, 2004թ.
ապրիլի 12-ին, երբ թե հասարակությունը, թե միջազգային հանրությունը գոնե
մեկ տարբերություն չգտավ ռեժիմի եւ նրան սատարող կրիմինալի միջեւ»:

Լ.Ս.