Մռայլ հեռանկարներ

05/02/2010

ԱՄՆ տնտեսական աճի հեռանկարները «բավականին մռայլ են»: Նման կարծիք է հայտնել Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին, ով, դեռեւս երկու տարի առաջ, կանխատեսելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ նրա զարգացման ուղղությունները, դարձել է աշխարհի ամենահայտնի տնտեսագետներից մեկը:

Ամերիկացի տնտեսագետը, շվեյցարական Դավոս քաղաքում կայացած 40-րդ Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում անդրադառնալով ԱՄՆ տնտեսության արագ վերականգնման հնարավորություններին, նշել է, որ չնայած 2009 թվականի չորրորդ եռամսյակում ԱՄՆ-ում գրանցվել է տնտեսական աճ, որն ամենաբարձրն է վերջին վեց տարիների ընթացքում, այնուամենայնիվ, պետական աջակցության ծրագրերից հրաժարվելը դեռեւս նպատակահարմար չէ:

Ռուբինիի խոսքերով` ամերիկյան տնտեսության աճն առավելապես պայմանավորված է վարկավորման ծավալների եւ հարկային արտոնությունների շրջանակների ընդլայնմանն ուղղված խթանող քաղաքականությամբ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այդ քաղաքականությունից հրաժարվելը կարող է հանգեցնել համակարգային նոր խնդիրների: